«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


«ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԿԱՆԱՉ ԿՅԱՆՔԵՐԸ ՓՐԿԵԼ ՈՒ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ»

Մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադիրները ոսկե մեդալի արժանացան

Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադիրներից Ռիտա Պալյանը եւ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարդասիրական գործունեություն ծավալելու համար երեկ պարգեւատրվեցին Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:

«Խորհրդային տարիներին շատ հարցեր մեզ համար մութ են եղել, ծածկված են եղել վարագույրով ու չենք հասկացել շատ բաներ: Պատմության փոշին քերելով հիմա շատ բաներ ենք մեզ համար վեր հանում, բայց Նանսենը նաեւ խորհրդային տարիներին էր մեծ, այն մեծությունն էր, որի անունը Հայաստանում բոլորին է ծանոթ: Նա իր կյանքը նվիրել է բարեգործությանը, օգնել որբերին ու աղքատներին, այդ առումով այս պարգեւն ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Մեր կենտրոնը պիտի հասնի այն բանին, որ ունենա շատ այցելուներ, իսկ հիվանդներ գրեթե չունենա»:

Կենտրոնի ստեղծման պատմությունը շատ երկար է, դրան նախորդել են Պալյանի իրականացրած բժշկական մյուս ծրագրերը, որ սկիզբ էին առել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դպրոցներում երեխաներին բերանի խոռոչի, ատամների մաքրության կարեւորության մասին բացատրելու ընթացքում Պալյանը շփվել է նաեւ հայ կանանց հետ ու բացահայտել, որ նրանք ամենից շատ տառապում են կրծքագեղձի քաղցկեղով: Տեղեկանալով, որ Հայաստանում գոյություն չունի այդ հիվանդությունը նախնական փուլում ախտորոշող սարքավորում, նա ձեռնամուխ է լինում այդ գործին, տեղ հասցնում առաջին սարքավորումը եւ Հայ կանանց միության նախագահ Հրանուշ Հակոբյանի հետ 1997 թ. հիմնում է կենտրոնը:

«Մեդալներն, իհարկե, իմաստ ունեն, բայց ոչ մի ձեւով չեն կարող ավելացնել կամ պակասեցնել աշխատելու մեր կամքը: Մենք պիտի շարունակենք հայ կանանց կանաչ կյանքերը փրկել ու երկարացնել: Եթե կինը հիվանդ է, ուրեմն ամբողջ ընտանիքն է այդ վիճակում: Հայ մայրերը իրենց առողջությունն ամենավերջին տեղում են դասում, մենք փորձում են նրանց ուսուցանել, որ ամեն ինչից վեր դասեն: Այս հիվանդությունը չի զանազանում գեղեցիկը տգեղից, ուսյալը անուսից, հարուստը աղքատից, կախված չէ այսինչի կինը կամ աղջիկը լինելու հանգամանքից: Այն գալիս ու մտնում է, եթե նույնիսկ պատուհանները փակ են, կարող է մտնել անձայն, 2 տարի մնալ այնտեղ ու հետո միայն իր մասին լուր տալ, երբ արդեն ուշ է: Մամոգրաֆիայի ծրագրի նպատակը հիվանդությունը սաղմնային վիճակում հայտնաբերելն է, որքան վաղ, այնքան բուժումը հեշտ կլինի: Ամեն կին 20 տարեկանից հետո պետք է իմանա իր կրծքագեղձերը ինքնազննել, իսկ գնդիկներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է բժշկի դիմել», ասաց Պալյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի ասելով, սկզբում այցելուների թիվը շատ քիչ է եղելՙ օրական 2 հոգի, սակայն նրանց թիվը հետզհետե ավելացել է եւ այսօր հասել մոտ 70-ի: Հիմնադրումից ի վեր կենտրոնը սպասարկել է ընդհանուր թվով 65-70 հազար այցելուի, որոնցից 5 հազարի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Բարեբախտաբար մեծ մասի հիվանդությունը եղել է բջջային փուլում ու մի փոքր մսագունդ հեռացնելով հնարավոր է եղել նրանց ազատել սոսկալի տանջանքներից ու վաղահաս մահից: Մասնագետները հիվանդությունը համարում են գենետիկ, սակայն կնոջ օրգանիզմի վրա պակաս ներգործություն չեն ունենում նյարդային գերլարումները: «Հայ կնոջը դրանք ուղեկցում են ամբողջ կյանքում: Նա հոգեկան խոր ապրումների մեջ է ընկնում այնպիսի հարցերի պատճառով, որոնց մեկ այլ ազգի կին նայում է չափազանց թեթեւ հայացքով: Հայ կինն իր համար ստեղծում է խոշոր խնդիրներ ու տառապում դրանցից», նշեց Հակոբյանը:

Հայ բարեգործների ու ՄԱԿ-ի հովանավորությամբ կենտրոնը ներկա պահին ընդլայնվում է, առաջիկայում կբացվեն տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի հետազոտությունների բաժին, վիրահատարան եւ այլն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4