«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԸՐԴՈԿԸ

Գաֆեսջյանը ընդլայնում է իր գործունեության ոլորտները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ազգ»-ի հունիսի 2-ի համարում, «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող CS Media Enterprises ՍՊԸ-ն մայիսի 19-ին գնել է Նյու Յորքում շուրջ 40 տարի լույս տեսնող «Դը Արմինյն Ռիփորթըր» շաբաթաթերթը:

Ընթերցողներին հայտնելով այդ մասին, մայիսի 27-ի «Ողջույններ եւ շնորհակալություն» խորագրով խմբագրականում թերթը խոստանում է շարունակել հասարակությանը ծառայելու իր առաքելությունը եւ նշում, որ մեծապես «ոգեւորված է իր առաջ բացվող նոր հորիզոններով»:

Թերթի նոր առաքելության մաս է կազմելու ԱՄՆ-ում բնակվող հարյուր հազարավոր հայերին էլ ավելի ներառել տեղի հասարակական կյանքում եւ ամրապնդել նրանց կապը Հայաստանի ու Ղարաբաղի հետ:

«Մեր նպատակն է հայկական լրագրության նոր դարաշրջան սկսել, ներկայացնել մի թերթ, որն իր բովանդակությամբ կլինի արժանահավատ, փաստերը կարծիքներից տարբերակելու բնագավառում բծախնդիր եւ որ ամենակարեւորն է` կհամապատասխանի այսօրվա նոր սերնդի պահանջներին անկախ տարիքից», գրում է թերթը խոստանալով առաջիկա ամիսներին ոչ միայն բարելավված տեսքով եւ բովանդակությամբ հանդես գալ ընթերցողների առաջ, այլեւ «կարեւոր դերակատարություն ունենալ հայկական հարցերում»:

Ըստ CS Media Enterprises-ից մեր ստացած հաղորդագրության, թերթի հրատարակչի եւ գործադիր խմբագրի պարտականությունները շարունակելու են կատարել համապատասխանաբար Սիլվա Պողոսյանը եւ Արիս Սեւակը:

CS Media Enterprises-ի եւ «Գաֆեսջյան ընտանիք» հիմնադրամի պարտավորվածությունը հստակ է», այնուհետեւ ասվում է խմբագրականում: «Մենք ցանկանում ենք տեսնել ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստան, անվտանգ` իր սահմաններով: Ցանկանում ենք քաջալերել ներդրումները Հայաստանում, որպեսզի նրա տնտեսությունը զարգանա հօգուտ բնակչության եւ մանավանդ աշխատավորների: Ցանկանում ենք քաջալերել կրթական, գիտական եւ տեխնոլոգիական զարգացումը երկրում, որպեսզի պաշտպանվեն օդը, ջուրն ու ուտելիքը: Ցանկանում ենք, որ հայկական արվեստն ու մշակույթը բարգավաճեն, իսկ սփյուռքը միավորվի ինքն իր եւ Հայաստանի շուրջը»:

Դարձյալ ըստ մեր ստացած հաղորդագրության, հայտնի բարերար եւ գործարար Ջերարդ Լ. Գաֆեսջյանի հիմնած մասնավոր հիմնադրամը մեծագույն մեդիա ընկերությունն է Հայաստանում: Նրա գործունեության մեջ ընդգրկված են «Արմենիա» հեռուստաընկերությունը, CNN Հայաստանը, «Թի վի 5»-ը, «Արմնյուզը», Էֆ էմ 107 ռադիոկայանը, ինչպես նաեւ CS Films-ը (նախկին «Հայֆիլմը»), Armenia Film Studios-ը եւ CS հրատարակությունը: Բացի զանգվածային լրատվությունից, «Գաֆեսջյան» ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ էներգիայի ձեռքբերման եւ մատակարարման ասպարեզում: Հիմնել է SolarEn International ընկերությունը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում այդ ոլորտը, օգտագործելով արեւի, քամու եւ ջրի պաշարները: Այնուհետեւ ֆինանսական ոլորտում ընկերությունը հիմնել է Cascade Capital Holdings-ը, որը արեւմտյան չափանիշներին համապատասխան ապահովագրական, կրեդիտային եւ բանկային գործունեություն է ծավալելու Հայաստանում: Այս բոլորին ավելացնենք նաեւ անշարժ գույքի հոլդինգները եւ «Գաֆեսջյան թանգարանի» հիմնադրամը, որը հետամուտ է Երեւանի սրտում Ջերարդ Լ. Գաֆեսջյանի անվան արվեստի կենտրոն հիմնել: Նշված հիմնարկներում ընդհանուր առմամբ աշխատում են 1500 քաղաքացիներ:

Խմբագրականի վերջում թերթը շնորհակալություն է հայտնում ընթերցողներին:

Պրն Գաֆեսջյանն ինքն էլ թերթի ձեռքբերման արարողությանը հնչած իր խոսքում հույս է հայտնել, որ միասին թերթը կդարձնեն առավել արդյունավետ եւ նպատակաուղղված:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4