Ֆիզ. անձանց եկամուտները հայտարարագրե՞լ, թե՞ ոչ
«Ժողովուրդը մեկ անգամ արդեն կարծիք հայտնել է, ասելովՙ գնացեք եւ օրենքներ ընդունեք», պատգամավորի պարտավորությունը երեկ ԱԺ նախագահը գործընկերներին հիշեցնելու առիթն ունեցավ տարած-հետբերածի բազմակի կոչում ունեցող Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրինագծի հերթական քննարկման առնչությամբ: Օրինագիծը կառավարությունը ներկայացնում է խորհրդարան, վերջինս էլ հետեւողականորեն մերժում, հետ է ուղարկում: Մերժման հիմնավորումը կոռուպցիային չնպաստել ու աղքատ խավին ավելի չաղքատացնելն է: Հետեւողականորեն նույն օրինագիծը ներկայացնելու հիմնավորումն էլ ուղիղ հակառակն էՙ կոռուպցիայի կրճատում, աղքատների կենսամակարդակի թեկուզ ոչ զգալի, բայց բարձրացում: Պատգամավորների մերժողական ելույթները հիմնականում հայաստանաբնակներին ավելորդ հարկատվությամբ չծանրաբեռնելու եւ նույն օրինագիծը առանց փոփոխության օրերի տարբերությամբ խորհրդարան ներկայացնելով կառավարության կողմից քամահրական վերաբերմունք տեսնելու առնչությամբ էր:
Իսկ համաձայն օրինագծի, գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտավորությունը տարածվելու է տարեկան 6 մլն եւ ավելի դրամ եկամուտ ունեցողների վրա: Այս շեմի փոփոխմանը համաձայն լինելով` կառավարությունն ի դեմս հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հավատացնում է, որ միջին եւ դրանից ցածր սոցիալական խավի ՀՀ քաղաքացիները օրինագծի ընդունմամբ չեն ծանրաբեռնվի հարկատվությամբ, այլ հակառակըՙ հարկային ճիշտ քաղաքականության արդյունքում ավելի ապահով ապրելու հնարավորություն կունենան: Եվ եթե ԱԺ նախագահը իր հիմնավորումը թվերի լեզվով ներկայացրեց, ասելով, որ օրինագծի օրենք դառնելու դեպքում տարածվելու է ամսական 1200 դոլար եկամուտ ունեցողների վրա, իսկ դրանք հաստատապես ոչ միջին, ոչ էլ ցածր խավի ներկայացուցիչներն են (ցավոք), ապա ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը զգացմունքային դաշտում մնաց ընդգծելով, որ հարկեր վճարելը ոչ թե պարտավորություն, այլ իրավունք է եւ պատիվ, քանի որ պետականության կառուցման անխախտելի առհավատչյա է:
Ավելի ուշ ՀՀ վարչապետը վստահեցրեց լրագրողներին, որ օրինագծի անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը շարունակելու է նույն հետեւողականությունը հանդես բերել եւ հերթական տապալման դեպքում չի պատրաստվում որեւէ այլ քայլի դիմել, քան կրկին փորձելը:
Ն. Պ.