«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


«ԹԱՍԻԲԸ ՏԱՐԵԼ Է» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Արդեն երկու օր խորհրդարանականները սեփական վարվելակերպում նախապատվությունը տալիս են ամենաանպատիվ բառերով պատիվ պահանջելու գործընթացին: Այս անգամ սակայն նախաձեռնությունը նրանցը չէր, այլ Կենտրոնական բանկի նախագահինը: Նա օր առաջ արհամարհանք էր դրսեւորել ի պատասխան «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանիՙ ԿԲ հավաքարարի եւ պատգամավորական աշխատավարձերի առնչությամբ հայտարարության: Այն հարցի տեսք ստացավ լրագրողի միջոցով ու արժանացավ Տիգրան Սարգսյանի արձագանքին. ԿԲ հավաքարարի աշխատավարձը «շատ ավելի ցածր է, քան պատգամավորինը: Եթե ցանկություն ունեն, կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի... բայց չեմ կարծում, որ պատգամավորները կհավակնեն»: Ասվածին մամուլից տեղեկանալովՙ Վիկտոր Դալլաքյանը պահանջեց Տիգրան Սարգսյանի հրապարակային ներողությունը խորհրդարանականներին անարգելու համար: Հընթացս ոչ միայն Դալլաքյանը, այլեւ մի քանի պատգամավորներ չբավարարվեցին պատշաճ բառապաշարով ու անցան ԱԺ դահլիճում արդեն սովորական դարձած հայհոյախառն խոսքին, որը հանրապետական Համլետ Հարությունյանը ներկայացրեց «թասիբով տղու» ելակետից: Իրավիճակի վրա կին պատգամավորներից ծիծաղող էլ գտնվեց, երեւի նույնպես «թասիբի» ելակետից: Համարյա ողջ ընթացքում ողջախոհության եւ կոռեկտության կոչ անող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստիպված եղավ ձայնի բարձրացմամբ սթափեցնել որակումներով տարված գործընկերներին եւ հիշեցնել ինքնահարգանքի կարեւորությունը: Ի վերջո պատգամավորների վրդովմունքն ու ներողության պահանջի սանձումը հնարավոր դարձավ ԿԲ նախագահի խոսքի սղագրությունը ԱԺ նախագահի ընթերցելուց հետո: ԱԺ նիստերի դահլիճում արագընթաց ու զայրագին խոսքը տիրեց իրավիճակին նիստի առաջին 15 րոպեներին, բայց կարողացավ եւս մեկ անգամ տհաճ տպավորություն ստեղծել:

Ինչեւէ, ժամեր անց 2005 թվականի պետբյուջեի կատարողականի ներկայացման կապակցությամբ խորհրդարան եկած ԿԲ նախագահն ու «Արդարության» քարտուղարը նիստերի դահլիճում կողք կողքի նստած միմյանց ժպտացին, ձեռք սեղմեցին, պարզաբանեցին ու ընդհանուր լեզու գտանՙ մոռացած ընդամենը երկու ժամ առաջ միմյանց հասցրած վիրավորանքները: Սա թերեւս քաղաքականության խնդիր չէ, սակայն հաստատ երաշխիք է, որ այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը չի ծախսվի այդ հարցի պարզաբանման վրա:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4