«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԺ «ՃՇՏԵՐԸ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ՀԱՄԱՏԵՂՎԵԼՈՒ

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների արդյունքները, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, կան եւ հենց դրա համար էլ տեղի են ունենում արտգործնախարարների հանդիպումները: Վարչապետի համոզմամբՙ Բուխարեստի բանակցություններից հետո նոր քայլերի անհրաժեշտություն կա, որոնք պետք է հիմք ստեղծեն երկու նախագահների հանդիպման:

Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում հաճախակի դարձած ազգայնական հիմքով սպանությունները Անդրանիկ Մարգարյանը չի համարում հայերի դեմ ուղղված քաղաքականություն, իսկ երեւույթն. «Իհարկե, շատ վատ եմ գնահատում. դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ Ռուսաստանում թափ առած այդպիսի քաղաքականությանը, ծայրահեղ ազգայնական, որը ռուսաստանցիների շահերից չի բխում, եւ եթե այս գործընթացը շարունակվի, բազմաթիվ ռուսներ ապրում են ԱՊՀ տարբեր երկրներում եւ հնարավոր են հակադարձ քայլեր: Այնպես որ, ռուսական իշխանություններն, իրավապահ մարմինները պետք է հստակ իրենց դիրքորոշումը ցույց տան»: ՌԴ-ում դրսեւորվողը վարչապետը նոր չի համարում, սակայն նոր է գտնում ծայրահեղ ազգայնականության դրսեւորման երկրի ծայրամասերից կենտրոն տեղափոխվելը եւ Սանկտ Պետերբուրգում տաջիկ աղջնակի սպանությունն անպատիժ թողնելը հիշեցնելով, Անդրանիկ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ «դա էլ երեւի հիմք ստեղծեց ծրագիրը շարունակելու համար»: Սրանով հանդերձ ՀՀ վարչապետը չի գտնում, թե մեր երկրի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ իշխանություններին, քանի որ ՌԴ իշխանություններն իրենց քայլերով ցույց են տալիս, որ դեմ են կատարվածին:

Ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցերին պատասխանելով Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց. «Որպես փաստաթուղթ, այո, հուշագրում կա երրորդ կողմը ՕԵԿ-ը, որն այսօր կոալիցիայում չէ, այսինքն, հուշագիրը փաստացի չկա, բայց հուշագրում ամրագրված դրույթները, մոտեցումները, գաղափարները, պարտավորությունները գործում են: Ես, որ ասացի, թե հուշագիրը գործում է, նկատի ունեի ըստ էության, ոչ թե ըստ ձեւի»: Իսկ նիստում պատգամավորների հնչեցրած մեղադրանքին, թե ԱԺ-ն վերածվել է կառավարության դակիչ սարքի, վարչապետն անհամաձայնություն հայտնեց. «Գործադիրը օրենսդիրին դակիչի տեղ չի դրել, մենք մեր մոտեցումներն ունենք եւ փորձելու ենք մեր մոտեցումները ներկայացնել ԱԺ-ին եւ համոզել, որ մենք ճիշտ ենք: Մենք ոչ թե ստիպում ենք, այլ փորձում ենք բանակցելու միջոցով մեր դիրքորոշումները պաշտպանել»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4