«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԳՈՆ ԼԻՆԵԼ

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Բաբակեխյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե ինչ պայքար է տարվում ՀՀ-ում թրաֆիկինգի, արտագնա մարմնավաճառության, կավատության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նախորդ տարի թրաֆիկինգի ու կավատության համար հարուցվել է 31 քր. գործ 46 անձանց նկատմամբ, այդ թվումՙ մարդկանց առեւտրի 13 քր. գործ 15 անձանց նկատմամբ: Մարմնավաճառության համար պատասխանատվության են ենթարկվել եւ հաշվառման վերցվել 99 անձինք, 71 տոկոս, որոնցից մշտական եկամտի աղբյուր չունեցողները կազմել են 21 տոկոսը, որոնք հիմնականում ընդգրկվում են սպասարկման ոլորտներում (4 տոկոս), ուսանողներ (4 տոկոս) եւ ծառայողներ: Բացի սպիտակ ստրկությունիցՙ թրաֆիկինգից, որն ամենաշատը տարածված է մարդկանց առեւտուր իրականացնելով, գոյություն ունի նաեւ աշխատանքային թրաֆիկինգ, նշեց պրն Բաբակեխյանը եւ հորդորեց մեր քաղաքացիներին զգոն լինել եւ արտերկիր աշխատանքի մեկնելուց առաջ հստակեցնել, թե հրավիրող կողմը լիցենզիա ունի՞ նման գործառույթ իրականացնելու:

ՀՀ ոստիկանությունը համագործակցելով ՌԴ միգրացիայի ծառայության աշխատակիցների ու իրավապահների հետ, հայրենիք է վերադարձրել ՌԴ-ի տարբեր քաղաքներում աշխատանքային շահագործման ենթարկված ՀՀ քաղաքացիների: 2006 թ.-ի առաջին եռամսյակում կավատությամբ եւ մարդկանց առեւտրի համար հարուցված քր. գործերով սեռական շահագործման են ենթարկվել 57 անձինք, որոնցից 4-ըՙ ուկրաինացի, 3-ըՙ ՀՀ քաղաքացի: Նշվածներից տասը սեռական շահագործման են ենթարկվել Երեւանում, իսկ 47-ըՙ արտերկրներում, 45-ըՙ ԱՄԷ-ում, 2-ըՙ Թուրքիայում: Երկու ամիս առաջ կանխվել է 4 հայուհիների ՌԴ-ի միջոցով Դուբայ ուղարկելու փորձը:

«ՀՀ-ն տարածաշրջանում եւ ԱՊՀ-ում միակն է, որտեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ տարածում չի գտել», նշեց պրն Բաբակեխյանն ու ավելացրեց, որ փողոցներում թմրանյութերի վաճառքի կամ անչափահասների մեջ օգտագործման դեպքեր գրեթե չկան : Այս տարվա հինգ ամիսներին հայտնաբերվել է 362 հանցագործության դեպք, որը 156-ով ավելի է 2005 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատՙ ի հաշիվ քր. օր.-ի 44 հոդվածում փոփոխություն մտցնելու:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4