«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔԸ ՉՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը, հավատարիմ մնալով տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման քաղաքականությանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, որոշում է կայացրել չֆինանսավորել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը: Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին, տեղեկացնում է, որ արտահանումների եւ ներմուծումների բանկային վերահաստատման 2006 թ. գործառույթում մտցվել է կոնգրեսականներ Ջոզեֆ Քրաուլիի, Էդվարդ Ռոյսի եւ Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությունը, որով արգելվում է պետական գումարներ հատկացնել Հայաստանը տարածաշրջանային եւ առեւտրային հնարավորություններից զրկելու նպատակ ունեցող ծրագրերին:

Օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն ընդունվել է միաձայն, ինչը, Ամերիկայի հայկական համագումարի ներայացմամբ, ընդգծում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու Մ. Նահանգների հաստատակամությունը: Որոշումը նաեւ արձագանք է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էնն Դերսի արած հայտարարությանը, ըստ որիՙ այդ երկաթուղին չի բխում տարածաշրջանային ինտեգրման շահերից:

Կոնգրեսական Քրաուլինիի խոսքերով, օրենքում նման փոփոխությունը ուղերձ է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարություններին այն առումով, որ տարածաշրջանային ծրագրերից Հայատանի բացառումն անկայունություն է հրահրում: Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ Եվրոմիությունն արդեն իսկ նույն դիրքորոշումը հայտնել է հրապարակավ: Ըստ Բրեդ Շերմանի, հսկայական սխալ էր 2003 թ.-ին Բաքու-Ջեյհան խողովակաշարի ֆինանսավորումը, քանի որ ԱՄՆ արտաքին օժանդակության նպատակը պետք է լինի հակամարտությունը համագործակցությամբ լուծելը, այլ ոչ թե նման ծրագրերի ֆինանսավորումը:

Օրենքի այս փոփոխությունն ուժի մեջ մտցնելու հաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի ներկայացնելն է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4