Այլՙ Արեւելյան Միջերկրականը վերահսկելու արդյունավետ միջոց
2005 թ. հոկտեմբերի 3-ին Եվրոմիությունն անդամակցության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Հունիսի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի արտգործնախարարներն ընդունեցին վերջինի անդամակցությանն ուղղված առաջին փաստաթուղթը: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է գիտահետազոտական համաձայնագրին: Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը դրա ստորագրման արարողությանը մասնակցելու համար Լյուքսեմբուրգ էր ուղեւորվել միայն այն պահին, երբ իմացել էր կիպրական արգելքի հաղթահարման մասին:
Ինչպես հայտնի է, ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարող եւ անդամակցության ուղղությամբ նոր քայլեր կատարող Թուրքիան ոչ միայն համառորեն հրաժարվում է ճանաչել նույն կառույցի անդամներից Կիպրոսի Հանրապետությանը, այլեւ կիպրական նավերի առջեւ փակում է նավահանգիստներն ու դրանով կոպտորեն խախտում «Մաքսային միության» սկզբունքները, որին նա միացել է դեռեւս 1995 թ.-ին:
Ի դեպ, ԵՄ-ը փոխանակ Կիպրոսի Հանրապետության ճանաչման պահանջ ներկայացնի Թուրքիային, ընդամենը պարտավորեցնում է մինչեւ տարեվերջ կիպրական նավերի առջեւ բացել թուրքական նավահանգիստները: Ըստ երեւույթին, այդ նույն պահանջը Թուրքիային կներկայացվի նաեւ ԵՄ-ի երկօրյա գագաթաժողովում, որը երեկ բացվել է Բրյուսելում, դրա հետ կհստակեցվեն բարեփոխումների արագացման մասին դեռեւս Լյուքսեմբուրգում առաջադրված նախապայմանները:
Այսպիսով, Կիպրոսի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման անհետաձգելի խնդիրը, որը կիպրական հիմնահարցի կարգավորման նախապայմանն է, կհանգի կիպրական նավերի առջեւ թուրքական նավահանգիստները բացելու հարցին:
ԵՄ-ի գագաթաժողովին որպես կանոն անդամակցության թեկնածու երկրները չեն հրավիրվում, պարզապես դրա ավարտին վերջիններիս դեսպանությունների միջոցով տեղեկացնում են որոշումների վերաբերյալ: Համենայն դեպս, ԵՄ-ի գագաթաժողովի օրակարգը Կիպրոսով չի սպառվում: Այնտեղ քննարկվող ԵՄ-ի ապագայի, եվրոսահմանադրության, էներգետիկ միասնական քաղաքականության, առավել եւս կառույցի ընդարձակման հարցն ուղղակի կամ անուղղակի առնչվում է Թուրքիայի անդամակցությանն ու մեծապես կանխորոշում նրա ԵՄ-ի բանակցությունների հետագա ընթացքը:
«Ազգը» ժամանակին անդրադառնալով ԵՄ-ի ընդարձակման խնդիրներին, նշել էր, որ առանց ազդեցության տարածքների ընդլայնման, ընդարձակումն աննպատակահարմար է, որովհետեւ դա միությանը կկանգնեցնի ինչպես տնտեսական ու քաղաքական, այնպես էլ կառույցի կառավարման խնդիրների առջեւ: Այսպիսով, ԵՄ-ի համար անխուսափելի կդառնա կազմալուծման սպառնալիքը:
Խնդիրը, սակայն, առանց ազդեցության տարածքներն ընդլայնելու ԵՄ-ի ընդարձակումը չէ, այլ վերջին տարիներին կառույցին անդամակցած Արեւելյան Եվրոպայի երկրների ընդգծված ամերիկամետ կողմնորոշումը: Այս երկրները, ինչպես նաեւ Սեւ ծովի հետզհետե վերածումն ամերիկյան ծովի, դեպի Արեւելք առաջխաղացման ճանապարհին լուրջ պատնեշ են ԵՄ-ի համար: Կառույցը դրանով զրկվում է ազդեցություն ծավալելու հնարավորությունից:
Թերեւս Թուրքիան է, որ ԵՄ-ին տալիս է ինչպես Անդրկովկաս, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելք դուրս գալու հնարավորություն: Ստեղծված իրավիճակում աննախադեպ կարեւոր նշանակություն է ձեռք բերում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարումը, իսկ նա օգտվելով այս հանգամանքից, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ խուսանավելիս կարողանում է հակակշռել մեկի ազդեցությունը մյուսի ազդեցությամբ եւ հաջողությամբ դիմակայում է միության գործադրած բոլոր ճնշումներին:
Այլ կերպ, ինչպես Արեւելքում, այնպես էլ Անդրկովկասում, Միջին Ասիայում եւ հատկապես տարածաշրջանում ԱՄՆ-ն անհաշտ մրցակցություն է ծավալում ԵՄ-ի դեմ: Դա հատկապես սուր բնույթ է ստանում Կիպրոսում այն պարզ պատճառով, որ կիպրական հիմնահարցի կարգավորման դեպքում, երբ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ-ի մաս է կազմում, եվրոպական ընտանիքին կմիանա նաեւ կղզու հյուսիսայինՙ թուրքական հատվածը: Իսկ դա ԵՄ-ի առջեւ կբացի Արեւելյան Միջերկրականը վերահսկելու հնարավորություն: Այսպիսով կմեծանա եվրոպական այս կառույցի տարածաշրջան ներթափանցման հավանականությունը:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ խուսանավելով, վերջինի գործադրած ճնշումները չեզոքացնող Թուրքիան Կիպրոսի հարցում էլ օգտագործում է նրանց հակասությունները, քաջ գիտենալով, որ նրանց համար հարցի կարգավորումը ոչ թե նպատակ է, այլ Արեւելյան Միջերկրականը վերահսկելու արդյունավետ միջոց:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ