Նիժնի Նովգորոդում սկսվել է օպերատիվ տվյալներով սափրագլուխների կազմակերպության անդամներ Ալեքսանդր Բոյցովի եւ Ռոման Լավրենտեւի դեմ հարուցված քրեական գործի քննությունըՙ կանխամտածված սպանության մեղադրանքով:
Գործը վերաբերում է 2005 թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած սպանությանը, որի ժամանակ հարբած Բոյցովը ոչ սլավոնական ազգության անձի նկատմամբ բռնություն կիրառելով հրապարակայնորեն սադրիչ հայտարարություններ է արել նույն անձի հասցեին: Լավրենտեւն ու Բոյցովն իրենց նման ստահակների խմբով հարձակվել են Թովմաս Ամարյանի եւ մեկ այլ «կովկասցու» վրա: Դանակի 19 հարվածներից Ամարյանը մահացել է հիվանդանոցում:
Սափրագլուխ մեղադրյալներին ներկայացված են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված մեղադրանքներ: Այս դեպքի կարեւորությունը վերջին ժամանակներս սափրագլուխների անպատժելիության մթնոլորտի հնարավոր փոփոխությունն է, որ կարող է մեղմացնել ֆաշիստական դրսեւորումները Ռուսաստանում:
Ա. Հ.