ԼՂՀ խորհրդարանի վերջին լիագումար նիստում պատգամավորները քննության առան 2005 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու օրինագիծը: Այն խորհրդարանականների դատին ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը:
Համաձայն օրինագծի, 2005 թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 51,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 14,1 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալըՙ 133,1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ 15,2 տոկոսով ավելի: Բոլոր աղբյուրների հաշվին իրականացվել են շուրջ 12,6 մլրդ դրամ ծավալի կապիտալ ներդրումներ, որոնք 2004-ի ցուցանիշների համեմատ ավել են 37,8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 21 մլրդ դրամՙ ապահովելով 5,6 տոկոսի աճ, բնակչությանը մատուցված վճարովի ծառայությունների ծավալը կազմել է 5,4 մլրդ դրամ, աճըՙ 22,3 տոկոս, աշխատողների քանակըՙ 37 հազար 776 մարդ, նախորդ տարվանից 3428 մարդով ավելի, կենսաթոշակների միջին չափը կազմել է 13 440 դրամ, որը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Բնակչության բանկային ավանդների գումարը կազմել է 4,2 մլրդ դրամ, գրեթե նախորդ տարվա չափ, իսկ բանկերի վարկային ներդրումների ծավալը մոտ 7,5 մլրդ դրամով ավելի էՙ կազմելով 16,6 մլրդ դրամ: Պետբյուջեի սեփական եկամուտներն աճել են 43,1 տոկոսով եւ կազմել 6570,1 մլն դրամ: Իրականացվել են բյուջեի ծրագրերով նախատեսված բոլոր տեսակի վճարումներըՙ աշխատավարձ, կենսաթոշակներ ու թոշակներ, նպաստներ եւ այլն:
ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացությունն ստանալով խորհրդարանն ընդունեց օրենքը:
Տարակարծությունների տեղիք տվեց «Խորհրդարանական հետաքննության մասին» օրինագիծը, որի վերաբերյալ, ի դեպ, գործադիրը բացասական կարծիք է ներկայացրել այն հիմնավորումով, որ խորհրդարանն արդեն իսկ օժտված է վերահսկողական գործառույթով: Սակայն գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբՙ օրինագիծը հեռանկարային առումով պարունակում է բավական դրական պահեր: Տեւական քննարկումներից հետո նպատակահարմար գտնվեց դրան անդրադառնալ ամառային արձակուրդից վերադառնալուց հետո:
«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը եւս արժանացավ պատգամավորների հակազդեցությանը: Բացասական էր գլխադասայինՙ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Առաջարկությունըՙ օրինագծի քննարկումը հետաձգել հաջորդ նստաշրջան, չընդունվեց: Չհավաքելով անհրաժեշտ ձայներՙ այն մերժվեց: Իսկ ահա «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, առանց էական տարակարծություններ հարուցելու, ընդունվեց:
ԱԺ երկրորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը թերեւս հագեցած էր այն բանով, որ բացի քննարկված օրինագծերի բազմազանությունից ու քանակից, տեղի ունեցավ օրենսդիր¬գործադիր հերթական հանդիպումը: Տասը պատգամավոր 16 հարց տվեց, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների խնդիրներին: Պատգամավորները հանդես եկան նաեւ հայտարարություններով:
Ըստ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանիՙ խորհրդարանը հուլիսի սկզբներին կմեկնի ամառային արձակուրդի:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ