Նախորդ տարվա պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվեց
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի խախտում է տեղի ունեցել: Այս մասին երեկ արտահերթ նիստում հայտարարեց օրենքի հեղինակըՙ «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Համաձայն կանոնակարգի, բյուջեի կատարման հաշվետվությունը պետք է քննարկվեր հունիսի երկրորդ չորեքշաբթի օրը, տվյալ դեպքումՙ հունիսի 14-ին: Քննարկվեց ու 76 կողմ ձայնով հաստատվեց երեկՙ հունիսի 15-ին:
Փաստը որպես կանոնակարգից որոշակի շեղում ընդունեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բայց եւ ընդգծեց, որ ամենակարեւորը ոչ թե օրենքի տառն է, այլ ոգին: Ճշտման կարոտ բազմաթիվ խնդիրների առկայությունը փաստելովՙ ԱԺ նախագահը շեշտեց, որ Ժողովրդին հետաքրքրում է ոչ թե ե՞րբ կհաստատվի, այլ ինչպե՞ս է կատարվել բյուջեն եւ երկրի համար էլ կարեւորը բյուջեի բովանդակությունն է:
Իսկ բովանդակության համաձայն, ինչպես կատարողականը ներկայացնելիս փաստեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, հասել ենք 1989 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակին, բայց բնակչության կենսամակարդակը բավարար չէ, եկամուտներն էլ ընդգծված բեւեռացված են: Վերջին երկուսը պատկան մարմինների մտահոգության խնդիրներն են, որոնց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն առաջիկա չորս տարիներին լինելու են գործունեության առանցք: Քայլեր են ձեռնարկվելու եկամուտների վերաբաշխման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար:
Առայժմ դրանք առավել նկատելի են թվերի լեզվով խոսելիս, համաձայն որի, 2005 թվականի բյուջեի կատարումն ապահովել է 14 տոկոս տնտեսական աճ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եկամտային մասով օրենքը կատարվել է 108.4 տոկոսով, բյուջեի ծախսային մասը կառավարությունը կատարել է 105 տոկոսով:
Ստեղծված նոր աշխատատեղերն էլ եղել են 21 հազար, աղքատությունը կրճատվել է 39 տոկոսով: ՀՆԱ-ն վերջին հինգ-տասը տարիների ընթացքում աճել է 10-15 տոկոսով, արտահանումըՙ 4, ներկրումը 2 անգամ է աճել:
Երեւի մի օր իրոք առանց թվերի լեզվին ապավինելու էլ տեսանելի դառնան երկրի տնտեսական աճը կազմող բոլոր աճերն ու կրճատումները:
Ն. Պ.