Երեւանում մեկնարկեց սեյսմոլոգների միջազգային գիտաժողովը
Հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ երեկ Երեւանում , ամերիկյան համալսարանում մեկնարկեց Սեյսմոլոգների միջազգային գիտաժողովը: Բոլոր զեկույցները, որոնք ներկայացրին այս ասպարեզում աշխարհին հայտնի անուններ (պրոֆեսորներ Ալեսանդրո Մարտելի, Այզենբերգ), վերաբերում էին սեյսմամեկուսացման համակարգերի ներդրմանը եւ կիրառմանն այն երկրներում, որոնց ներկայացուցիչները ժամանել էին Երեւան: Հակասեյսմիկ տեխնոլոգիաների հայկական ընկերակցության նախագահ, իտալացի պրոֆ. Մարտելին Իտալիայից զատ անդրադարձավ նաեւ այլ երկրներում կիրառվող սեյսմամեկուսացման համակարգերին (սրանք ռետինե մետաղական բարձիկներ են շենքի եւ նրա հիմքի միջեւ), մասնավորապես բարձր գնահատելով նաեւ Հայաստանի կարճատեւ, բայց արդյունավետ փորձը: Իրենց երկրներում սեյսմամեկուսացումը ներառված է յուրաքանչյուր երկրի սեյսմիկ նորմերի մեջ: Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ այն ներառվել է նաեւ Հայաստանի ազգային սեյսմիկ նորմերի մեջ իբրեւ այս համակարգերը պարզաբանող առանձին գլուխ: Այս մասին մանրակրկիտ պարզաբանումներ տվեց ակադեմիկոս Էդվարդ Խաչյանը:
Իհարկե, դա չի նշանակում, որ ամեն դեպքում պիտի սեյսմամեկուսիչներ կիրառվեն: «Որեւէ կարգի շինարարական տեխնոլոգիա պարտադիր լինել չի կարող, բայց լավ կլիներ, որ այդպես լինի, ես դրանով զբաղվել եմ, զբաղվում եմ, գիտեմ, թե ինչքան արդյունավետ է եւ ինչքան մեծ օգուտ կարող է լինել դրանից», ասում է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Տվյալ դեպքում նկատի առնելով, որ նախախնամությունը մեզ տվել է աղետի հենց այս տեսակը, որը բազմիցս հիշեցրել է իր մասին, անկախ ամեն ինչից, այդ տեխնոլոգիան կարելի էր պարտադիր նորմ հայտարարել: Մանավանդ որ շինարարական ծախսերը ոչ թե թանկանում, այլ մի բան էլ շատ ավելի էժան են նստում: Ինչեւէ, սեյսմիկ նորմի մեջ մտած փոփոխությունն, այնուամենայնիվ, շատ կարեւոր է սեյսմամեկուսիչների կիրառումը հեշտացնելու տեսանկյունից: Մասնավորապես սեյսմակայուն շենքեր նախագծող կազմակերպություններն ու ինստիտուտներն ազատ կարող են նախագծեր իրականացնել: Իսկ առաջներում դա անում էր միայն հատուկ մասնագիտացված կազմակերպություն` ի դեմս Հայաստանի ամերիկյան համալսարանում գործող խմբի:
Հայաստանն առաջինն է զարգացող երկրների մեջ, որտեղ կիրառվեց սեյսմամեկուսացումը, եւ ներկայում միակ զարգացող երկիրն է, ուր սեյսմամեկուսացումն իբրեւ տեխնոլոգիա, առաջընթաց է ապրում բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ բարձրահարկ կառույցների շինարարության ժամանակ:
Երեւանում այս պահին սեյսմամեկուսիչներով բնակելիներ են կառուցվում Դեմիրճյան փողոցում` 11 հարկանի շենք, «Անի» հյուրանոցի մոտ` 17 հարկանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում, Ռոստոմի փողոցում` 10-16 հարկանի 3 բազմահարկ բնակելիներ (համալիրը կոչվում է «Մեր բակը»), Չարենցի թանգարանի մոտ` 12 եւ 14 հարկանի 2 շենքեր եւ Շահումյան հրապարակի մոտ, Խորենացու փողոցում 20 հարկանի բիզնես-կենտրոնը: Այս շենքերը հաշվարկված են 9 բալ ուժգնության ցնցումների համար, բայց գիտնականները երեկ հավատացնում էին, որ սեյսմամեկուսիչները կարող են կրկնակի բեռ կրել:
Ֆրանսիացիներն այս տեխնոլոգիան օգտագործում են նաեւ ատոմակայաններ կառուցելիս: ճապոնիայում սեյսմամեկուսիչներով 2700 շենք է կառուցված, Իտալիայում` 50: Այս երկրներում բարձր զարգացման է հասել նաեւ սեյսմամեկուսիչների արտադրությունը: Սեյսմամեկուսիչների կիրառման ու արտադրման համաշխարհային լիդերներից է Նոր Զելանդիան: Մեզ մոտ սեյսմամեկուսիչներով շենքերի քանակն անցնում է 3 տասնյակից: Գիտնականների ներկայացրած հետաքրքրական նորույթն այն էր, որ վերը հիշատակված երկրներում սկսել են սեյսմամեկուսիչների հետ նաեւ հատուկ սարքեր ու մանրամասներ օգտագործել, որոնք ավելացնում են ցնցումների մարման գործակիցը:
«Սեյսմամեկուսացված բարձրահարկ շենքեր» թեմայով միջազգային գիտաժողովն այսօր կշարունակի աշխատանքը:
Երեւանում ընդամենը 2 առանձնատներ կան, որ կառուցվել են սեյսմամեկուսիչներով` Պռոշյան գյուղի մոտ եւ Ջրվեժ թաղամասում: Դա նշանակում է, որ մեր մեծահարուստները սկսել են հասկանալ, որ սեյսմիկ տեսանկյունից խախուտ երկրում առանց հուսալիության երաշխիքի հսկա առանձնատների կառուցումը գումարները քամուն տալու նման բան է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ