«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ

Ցուցադրվեցին երեկ «Բրենդ էքսպո» ցուցահանդեսում

Հայրենական եւ արտասահմանյան ապրանքանիշերը (բրենդ) ներկայացնելու նպատակով երեկ Երեւանում բացվեց «Էքսպո մեդիա» կենտրոնի կազմակերպած «Բրենդ էքսպո-2006» եռօրյա ցուցահանդեսը: Մասնակից շուրջ 40 տարբեր ոլորտների ընկերություններ հայ սպառողներին ներկայացրին ավելի քան 100 ճանաչված եւ դեռեւս անծանոթ ապրանքանիշեր:

«Աշտարակ-կաթ» ընկերությունն, ինչպես միշտ, պատկառելի տաղավարով էր մասնակցում ցուցահանդեսին: Ընկերության մամուլի քարտուղար Տաթեւիկ Ղաբազյանը հայտնեց, որ մասնակցության նպատակը ավանդական եւ արդեն ճանաչում գտած ապրանքների հետ մեկտեղ նոր արտադրատեսակները ցուցադրելն է, սպառողների հետ անմիջական կապ հաստատելն ու նրանց տեսակետներին ծանոթանալը:

Կաթնամթերք արտադրողներից ցուցահանդեսին մասնակցում էր «Մարիաննա» ընկերությունը: Սննդարդյունաբերության ոլորտում նաեւ արտերկրում հայտնի ապրանքանիշներից երեկ ներկայացված էին «Բջնի» հանքային եւ «Նոյ» խմելու ջրերը: «Արիես քեյթրինգ» ընկերությունը շուրջ 10 տարի զբաղվում է ընդունելություններ ֆուրշետներ, տարբեր միջոցառումների ընդմիջումներին սուրճի եւ ճաշի ընդմիջումներ, շոու եւ այլ հանդիսություններ կազմակերպելով:

«Վիրս ինֆո» ընկերության «Ամեն ինչ Հայաստանի մասին» տեղեկատվական վեբ պորտալում կարելի է ստանալ Հայաստանին վերաբերող տեղեկություններ զբոսաշրջության, զվարճանքի, անշարժ գույքի վարձակալության, հանգստի անցկացման եւ զանազան այլ բնագավառների մասին: «Հայաստանի գանձերը»ՙ այսպես է կոչվում Նինա Հովնանյանի ստեղծած հուշանվերների տեսականին:

Սակայն ապրանքանիշների երեկվա ցուցահանդեսը փոքր-ինչ տխուր տպավորություն էր թողնում, չնայած ցուցահանդեսի առաջին օրն էր, բայց այցելուների ակնհայտ սակավություն կար, եւ տարբեր ոլորտների խառնաշփոթ ցուցադրությունն այնքան էլ գրավիչ չէր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4