«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ՏԵՂԵԿԱՑՈՒՄՆ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ

Հակակոռուպցիո՞ն պատնեշ է կառուցվում

ՀՀ կառավարության եւ ԱԺ հակադիր ճշմարտությունները համատեղվեցին երեկՙ արտահերթ նիստում: Մերժված երկու օրինագծերի քվեարկությունները համարյա միաձայն անցան առաջին եւ երկրորդ ընթերցումներով: Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման եկամտահարկի օրենքում փոփոխության օրինագիծն արժանացավ 80 պատգամավորի դրական, երկուսի (Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան) բացասական գնահատականին: Քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների օրինագծին կողմ քվեարկեց 79, դեմՙ մեկ (Մհեր Շահգելդյան) պատգամավոր: Երկրորդ ընթերցման ռեժիմում էլ քվեարկության թվերը մեկ-երկուսով պակասեցին, բայց գնացածների եւ ոչ սկզբունքի պատճառով: Թերեւս այս պատկերը նախ օր առաջ վարչապետի «կրկին փորձելու» հաստատակամության մասին հայտարարության, ապա երեկ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի համապատասխան արատհերթ ելույթների արդյունքն է:

Վահան Հովհաննիսյանն արտահերթ ելույթում թետչերյան Բրիտանիայի օրինակով փորձեց ապացուցել, որ նշված օրինագծերի ընդունումը բխում է պետության եւ ազգի շահերից, «ինչը չգիտես ինչու Բրիտանիայում հասկանում են, իսկ մեր խորհրդարանումՙ ոչ»: Առաջարկված եւ արդեն ընդունված փոփոխությունների լինելիությունն, ըստ ԱԺ փոխնախագահի, հակակոռուպցիոն պատնեշներից մեկն է, իսկ հակառակ պնդողների փաստարկներն էլ թույլ են ու անհիմն:

Տիգրան Թորոսյանի տպավորությամբ էլ խնդիրը պատգամավորների ընկալունակությունն է, «որովհետեւ ասում ենՙ մարդկանց ճնշում են, ուզում են ազատազրկել եւ այլն»: Հապացույց ասածի ԱԺ նախագահը համեմատեց գործող քրեական օրենսգրքի դրույթներն առաջարկվող փոփոխությունների հետ, որոնցում խոշոր վնասի շեմը նվազագույն աշխատավարձի հազարապատիկն է, մինչդեռ գործողում նույն շեմն առավել խոշոր վնասն է նշում եւ որպես պատիժ ավելի երկար ժամկետների ազատազրկում սահմանում: Այս դեպքում, Թորոսյանի կարծիքով, տրամաբանական կլիներ դեմ արտահայտվել շեմի առնչությամբ եւ ավելի բարձր սահման պահանջել:

Եվ այսպես, համաձայն փոփոխությունների, եկամուտների հայտարարագրման պարտավորությունը տարածվում է տարեկան 6 մլն դրամ եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացիների վրա: Տնտեսական խոշոր եւ առավել խոշոր վնաս (շեմի բարձրացմամբ) հասցնելն էլ քրեորեն պատժելի է:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4