«Ազգային պատկերասրահ» երաժշտական երկրորդ փառատոնը հունիսի 15-ին երաժշտասերներին հրավիրում է ունկնդրելու միջազգային չորս մրցույթների դափնեկիր, հայ մեծ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը:
Տաղանդավոր դաշնակահարուհին հանդես է եկել 40 եւ ավելի երկրներում, մասնակցել միջազգային փառատոների: Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ Երեւանի կոնսերվատորիայում եւ Մոսկվայի կոնսերվատորիայում ու ասպիրանտուրայում Սվետլանա Նավասարդյանը իր ուսուցիչներից, պրոֆեսորներ` Վ. Ումր-շատից, Յա. Զակից շատ բան է սովորել: Ս. Նավասարդյանի ծավալուն երկացանկը ներառում է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, ինչպես եւ մոնոգրաֆիկ ծրագրեր: Հայ կոմպոզիտորներից շատերը հատուկ Սվետլանա Նավասարդյանին են նվիրել դաշնամուրի համար գրված շատ գործեր: ՀՀ ժողովրդական արտիստուհին, ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորը նաեւ վարպետության դասեր է վարում Կանադայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: Անկրկնելի ու փայլուն դաշնակահարի մենահամերգով կամփոփվի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում անցկացվող համերգաշարը: Երաժշտասերներին տեղեկացնենք, որ մենահամերգի ընթացքում Սվետլանա Նավասարդյանը կնվագի Բեթհովենի «Լուսնի սոնատը», Շուբերտի «Վեց երաժշտական ակնթարթ», Շումանի «Արաբեսկ» եւ «Դավիդբյունգլերտանցե» ստեղծագործությունները:
Իսկ փառատոնի եզրափակիչ գալա-համերգը, որտեղ ելույթ կունենան նաեւ անցած համերգների անվանի երաժիշտները, կկայանա ավելի ուշ:
Մ. Մ.