ԻԻՀ «Լազար» պատկերասրահը միակն է, որի տնօրենը հայ է եւ հաճախակի ներկայացնում է բարձրարժեք ցուցադրություններ: Թեհրանում գտնվելիս այցելեցի պատկերասրահ ու զրուցեցի տնօրեն Ժանեթ Լազարյանի հետ: Թեհրանում ծնված Ժանեթ Լազարյանը տարրական կրթությունը ստացել է Թեհրանում եւ Իսպահանում: Մի քանի տարի ընդմիջումից հետո ավարտում է Լոնդոնի Արքայական քոլեջի արվեստի պատմության ֆակուլտետը եւ սկսում մշակութային հոդվածներ տպագրել «Ֆերդոսի» գրական շաբաթաթերթում պարսկերեն լեզվով: Նա աշխատել է «Թեհրան ջորնալ» օրաթերթի արվեստի բաժնում: ԻԻՀ հեղափոխությունից հետո Ժանեթը շարունակում է համագործակցել «Դոնյայե սոխան» գրական հանդեսի, «Թեհրան թայմզ», «Իրան նյուզ» օրաթերթերի եւ «Բուխարա», «Թավուս» ամսագրերի հետ: Իմ այն հարցին, թե ինչպե՞ս մտահղացավ «Լազար» պատկերասրահի ստեղծումը, տիկին Ժանեթը պատմեց. «Հեղափոխությունից առաջ ես հաճախակի էի հանդիպում արվեստագետների հետ, հարցազրույցներ ու մշակութային նյութեր տպագրում որպես արվեստաբան: Իսկ հեղափոխությունից հետո մտածեցի ազատ լրագրող լինեմ ու իմ ժամանակը տրամադրեմ պատկերասրահ բացելուն: Իմ խնդրանքը իշխանությունները չմերժեցին եւ ես իմ սեփական տանը հիմնեցի «Լազար» պատկերասրահը տարեկան 3-4 ցուցահանդեսներ կազմակերպելով»:
Պատկերասրահում ցուցադրվում են տարբեր սերունդների ու ժամանակաշրջանների աշխատանքներ, որոնք մեծ օգնություն ու ճանաչողություն են երիտասարդ սերնդի համար: 2-3 տարին մեկ տիկին Ժանեթը կազմակերպում է նաեւ հատուկ ցուցադրություն, որի ընթացքում ներկայացնում է անհատական հավաքածուներից լավագույն գործեր` սկսած 1800 թ. մինչեւ մեր օրերը: 20 տարի շարունակ գործող «Լազար» պատկերասրահը միակն է իր տեսակով Իրանի տարածքում, ուր այցելում են ոչ միայն հայեր, այլեւ երկրի բարձրաստիճան այրեր ու տարբեր երկրներից Թեհրան ժամանած հյուրեր: Բացի պատկերասրահից Ժանեթ Լազարյանը զբաղվում է նաեւ գիտական աշխատանքով եւ ակտիվ մասնակցություն է ունեցել «Իրանահայոց հանրագիտարանի» կազմմանը եւ հրատարակմանը: Հանրագիտարանը կազմված է 30 մասից ու ամեն մի մասը նվիրված է մի բնագավառի` մշակույթից մինչեւ արհեստներ, որտեղ աշխատել ու ստեղծագործել են հայերը մինչեւ 2000 թ. Պարսկաստանի տարածքում:
Տկն Լազարյանը լինելով ԻԻՀ ժամանակակից արվեստի թանգարանի կուրատոր Հայաստանում հաճախ կազմակերպում է ցուցահանդեսներ` 2001-ին երկխոսության տարվա եւ քրիստոնեության 1700-ամյակի առթիվ, 2004-ին «Երեք սերունդ» ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում եւ այլն: Ուշագրավ է, որ վերջինում ցուցադրված 25 աշխատանքներից Էդմոնդ Այվազյանի «Խորհրդավոր ընթրիք» կտավը Վեհափառ հայրապետի ընտրությամբ, այժմ գտնվում է Մայր աթոռում:
Իմ այցի ընթացքում «Լազար» պատկերասրահում ցուցադրված էին տարվա լավագույն հավաքական ջրաներկ, գրաֆիկական, յուղաներկ աշխատանքներից մեկական բնօրինակներ եւ պատճեններ, նաեւ 200 տարի առաջ ստեղծված պարսիկ նկարիչների գործեր: Ցուցադրություններից առանձնակի տեղ ուներ հայկական սրբապատկերը, որի հեղինակը հայտնի չէ, սակայն նկարի ձախ անկյունում հայկական այբուբենի տառերով գրություն կա: Իհարկե, դեռ մասնագետները պետք է պարզաբանեն, թե ինչ է գրված, տեղեկացրեց տիկին Լազարյանը: Նա նաեւ ցավով նշեց, որ իրեն արգելել են գնալ Նախիջեւան: Բազմիցս գրել է ու պայքարել խաչքարերի ավերման ու ոչնչացման դեմ, եւ մեկ րոպե չի կասկածում, որ դրանց մեջ եղել են նաեւ իր նախնիների գերեզմանաքարերը: Նա մշտապես հիշում է, թե ինչպես իր տատը պատմել է Նախիջեւանի հայերի մասին: Սակայն մեկ անգամ, երջանիկ դիպվածով նա հանդիպում է պարսիկ գրող Քավե Բայաթի «Փոթորիկը արեւելքի վրա» գրքում զետեղված շատ կարեւոր փաստաթղթերի, ու դրանց պատճենները խնդրելով հեղինակից, հանձնել է Հայաստանի Ցեղասպանության թանգարանին: Այդ արժեքավոր տեղեկություններում նշված է (օսմաներեն եւ պարսկերեն), թե ինչ է ասել ու գրել օսմանական կոնսուլը Պարսկաստանի ղեկավարներին` ջարդից հետո... «մենք գյավուրներից մաքրեցինք մեր երկիրը, դուք էլ մաքրեք, որպեսզի իսլամական աշխարհը այլեւս նման գյավուրներ չունենա...»:
Մեր զրույցի ընթացքում տիկին Ժանեթը դժգոհեց, որ Պարսկաստանում հայ արվեստագետների 3-րդ սերնդին դժբախտաբար քիչ են ճանաչում: Իսկ ի՞նչն է պատճառը իմ հարցին հնչեց. «Կա մի լուրջ պատճառ` ես կուսակցական չեմ (խոսքը ՀՅԴ-ի մասին է, Մ. Մ.), ես մշակույթի մարդ եմ, եւ կարծում եմ, որ մշակույթը չի կարելի կուսակցականացնել ու սահմանափակվել: Այն ինչ-որ տեսնում են 3-րդ սերնդից, բավարարվում են միայն «Արարատ» կենտրոնի սրահում ներկայացված նկարիչներով, որտեղ արդեն 27 տարի է պարսիկ ոտք չի դնում: Եվ եթե մենք Իրանում ենք, եւ եթե հարկ ենք տալիս, զինվոր ենք տալիս, իրավունք ունենք իրենց առիթներից օգտվելու: Պարսկական որեւէ պատկերասրահում չկա ոչ մի հայ նկարչի գործ, եթե ես չեմ կազմակերպում այդ ցուցադրությունը եւ դա շատ վատ է, որ հայ մշակույթը մեկուսացված է, կուսակցականացված: Հայերի առաջին սերնդի հիմնադիրները նկարչության բնագավառում Իրանում եղել են Մարկոս Գրիգորյանը, Սիրաք Մելքոնյանը, Էդմոն Այվազյանը եւ ուրիշներ: Իսկ հիմա պիտի ճրագով ման գաս, որ մեկին գտնես... Չկարծեք չկան, կան ու պարփակվում են մեկ սրահում: Պարսկաստանում հայերը դարեր շարունակ մեծ ներդրումներ են ունեցել, իսկ հիմա կղզիացած են ու նրանց մասին ոչ-ոք լուր չունի Իրանում, սա շատ լուրջ մտահոգվելու հարց է ու դրա մասին պետք է մտածել», պատմում է Ժանեթ Լազարյանը:
Հրաժեշտից հետո էլ դեռ երկար խորհում էի, քանի որ ես էլ նկատեցի կուսակցական անջրպետը...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ