«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2006-06-14 | #110, 2006-06-15 | #111, 2006-06-16


ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Երբ ինձ հաջողվեց հեռաձայնել հայաստանյան եւ ռուսաստանյան քաղաքական եւ լրագրողական միջավայրերում լավ հայտնի Արբակ Խաչատրյանին եւ պայմանավորվել նոր հանդիպման մասին, նա համաձայնեց հարցազրույց տալ Ռուսաստանի եւ Հայաստանի իրավիճակների ընդհանուր հարցերի շուրջը, բայց հնարավորինս չանդրադառնալ անձնավորությունների: Ոմանց դա կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, քանզի ամեն մի ազատազրկում (իսկ Խաչատրյանը, ինչպես շատերն արդեն գիտեն, «նստած» է եղել մոտ երեք տարի) ունի այսպես ասած «անուն եւ ազգանուն»: Բայց Խաչատրյանը գտնում է, որ իր բանտարկմանը նպաստած եւ իր դեմ ցուցմունքներ տված «մարդիկ» այնքան թույլ են, որ նրանց դեմ չարժե նույնիսկ պայքարել, առավել եւսՙ վրեժ լուծել: «Ես կդադարեի ինձ հարգել, եթե դրանով զբաղվեի», ասում է հայտնի իրավապաշտպանը: Նա անպատշաճ է համարում մեկնաբանել գործի իրավաբանական կողմերը, քանի դեռ բարձրագույն դատական ատյանները վերջնական վճիռ չեն կայացրել:

- Պարոն Խաչատրյան, Ձեր պատմությանը ծանոթ բազմաթիվ անձինք եւ անձամբ Դուք կասկած չունեք, որ Ձեր ձերբակալությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների «եղբայրական նվերն» էր հայ գործընկերներին: Ինչո՞վ էիք այդպիսի տհաճություն պատճառել Երեւանի ներկայիս ղեկավարությանը:

- Թեեւ ինձ մեղադրեցին թեկնածուներից մեկինՙ Արտաշես Գեղամյանին աջակցելու մեջ, ես առանձին որեւէ մեկին նախապատվություն չեմ տվել: Բայց մի բանում համոզված էի. իշխանության գլուխ չպետք է մնա այս խումբը: Ի՞նչ է տեղի ունեցել: Հայերը չեչեններ չեն եւ երբեք չեն ապրել թեյփերով, կլաններով: Բայց ներկայիս ղեկավարությունն ամենուրեք դրել է իր մարդկանց: Դա զայրացրել է մնացյալ Հայաստանին: Եթե այդ խումբը մնա իշխանության գլուխ, դա պարզապես կհանգեցնի Հայաստանի եւ հայության պառակտման: Այս ղեկավարությունը չի ունեցել եւ չունի պետական, ֆինանսական կամ հաղորդակցական որեւէ ռազմավարություն:

- Իսկ ի՞նչ է լինում հայկական նշանավոր սփյուռքի օգնությունը:

- Հասկացե՛ք, սփյուռքը կարող է մի օդանավ դեղորայք ուղարկել, Ազնավուրը կարող է մանկապարտեզ նվիրել, բարեգործական համերգ տալ: Բայց մուրացկանը, նույնիսկ մեծ ողորմություն ստանալու դեպքում, իր հոգեբանությամբ մնում է մուրացկան: Չի կարելի մտածել միայն գոյատեւման մասին: Իսկ նրանք վերջին հաշվով դրան հանգեցրին ամբողջ ազգային փիլիսոփայությունը: Հենց այդ ամենը ես բացահայտ ասում էի: Դա հասնում էր նրանց ականջին: Հայաստանի ղեկավարությունից մի օրինավոր մարդ ինձ նախազգուշացրեց, քանիցս զանգահարեց, թե սադրանք է նախապատրաստվում: Բայց երեւի ամեն ինչ արդեն որոշված էր, իսկ թաքնվել ես չէի ուզում:

- Ձեր կարծիքով, Ռուսաստանն ինչո՞ւ նման հեշտությամբ հանձնեց Ձեզ, մանավանդ, որ գլխավոր իրավապաշտպանի աշխատակազմում էիք:

- Հայաստանի ներկայիս ղեկավարությունը տանը չափազանց թույլ է եւ բացարձակապես հնազանդ է Ռուսաստանին: Ուրեմն ի՞նչ կարիք կա նրան փոխելու: Եվ ինչո՞ւ չընդառաջել նման «մանրուքի» հարցում: Բացի դրանից, հիմա ամենքը խոսում են ահաբեկչությունից, իսկ ինձ ներկայացրին որպես վտանգավոր կապեր ունեցող գործչի, գրեթե որպես «երկրորդ բեն Լադենի»... Ռուսաստանի արդարադատությանը երախտապարտ եմ փաստաթղթերի պահպանման համար. դրանցով ներկայումս աշխատում են իրավունքներիս վերականգնմամբ զբաղվող իմ փաստաբանները: Ապագայում կխոսվի նաեւ վնասի հատուցման մասին: Բայց կրկնում եմ, կոմս Մոնտե Քրիստո չեմ դառնա. դա ինձ բավականություն չի պատճառի:

- Հայտնի է, որ բանտից բաց նամակներ եք գրել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին, նրան նախազգուշացնելով ագրեսիվ ազգայնականության վտանգի մասին: Ինչպիսի՞ արձագանք եղավ:

- Ցավոք, զրոյական: Իսկ իմ կանխատեսումներն իրականանում են ահաբեկող արագությամբ: Դուք տեսնում եք, որ գրեթե ամեն օր ինչ-որ «սափրագլուխ տականքներ» մորթում են տաջիկին, հային, էլի ինչ-որ մեկին: Հակազդեցություն չկա: Թեպետ դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ: Եվ իմ հետագա կանխատեսումը շատ մռայլ է: Այդ ամենը կշարունակվի: Եթե չստեղծվեն դրա կասեցմանն ուղղված համաշխարհային հատուկ նախագծեր, հետագայում ավելի վատ կլինի:

- Իսկ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մակարդակով ի՞նչ հեռանկարներ կան:

- Նախ եւ առաջ ասեմ, որ չի կարող խոսք լինել արյան գնով ազատագրված ԼՂՀ շրջակա հողերի հանձնման մասին, ինչպիսի ճնշում էլ որ գործադրեն ամերիկացիները կամ ուրիշները տարածաշրջանով անցնող նավթամուղի կապակցությամբ: Սխալների պատճառով կործանվել են նույնիսկ մեծ տերություններ (վերհիշենք պատմությունը Եգիպտոսից եւ Բաբելոնից սկսած), էլ ի՞նչ խոսենք փոքր երկրների մասին: Ոչ, դա անթույլատրելի է: Իհարկե, անհրաժեշտ է մտածել տարածաշրջանն ամենքի համար գրավիչ դարձնելու մասին: Խոստովանում եմ, ես ունեմ սեփական նախագիծ, բայց առայժմ չեմ բացահայտի: Որպես կիսամիջոց կարելի է քննարկել այդ շրջանների հայ-ադրբեջանական համատեղ յուրացումը (ավելի ճիշտՙ վերականգնումը), առանց այնտեղ ադրբեջանցիների բնակության: Դա արդեն կլիներ առաջընթաց քայլ:

- Իսկ բուն Հայաստանո՞ւմ: Առհասարակ Ձեզ հաջողվո՞ւմ էր բանտից հետեւել այնտեղի իրադարձություններին:

- Ընդհանուր առմամբ, այո. ես զրկված չէի թերթերից եւ հեռուստացույցից: Ավելի շատ տեղեկանում էի համաշխարհային, քան բուն հայկական իրադարձություններին: Բայց ընդհանուր լուրերը հարմարեցնում էի «հայկական ֆորմատին»: Կարող եմ ասել հետեւյալը: Չհաշված Հայաստանի անկախության առաջին 2-3 տարիների հուզմունքը եւ ազգային հպարտությունը, մնացյալ ամբողջ ժամանակամիջոցում մեր ղեկավարների քաղաքական գործունեության հիմքում եղել են միայն անձնական հարաբերությունները մեծ տերությունների ղեկավարների հետ: Եվ այդ անհեռանկար, անհեռատես, փակուղային քաղաքականությունը ժամանակի ընթացքում, կարելի է ասել, բացասաբար ազդեց ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի հայերի գիտակցության վրա: Եվ պատահական չէ, որ այսօր մեր հայրենակիցներից շատերը կարծում են, թե իրենց ճակատագիրը կախված է դրսից: Այդ քաղաքականությունը հանգեցրեց մեր ներկա վիճակին... Ներկայիս ղեկավարությունը չի կարող Հայաստանի ռազմավարական շահերի համար պայքարել, չզգալով ժողովրդի աջակցությունը:

Եվ մարդիկ այլեւս լրջորեն չեն հավատա այն կուսակցություններին, որոնք ասում են. «Եկեք մեր հետեւից եւ ամեն ինչ լավ կլինի»: Հարկավոր է (այդ թվում ՄԱԿ-ի լծակներով) ազգային «շահերի փաթեթ» ձեւավորել, մտավոր մեծ աշխատանք կատարել: Մինչդեռ նման բան գոյություն չունի:

- Հայաստանի մերձավորագույն հարեւանն Իրանն է, բայց նրա շուրջն էլ անհանգիստ է: Խնդրեմ, Ձեր գնահատականը:

- Եկեք առանձնացնենք: Հայաստանին Իրանի կողմից ոչինչ չի սպառնում: Միանգամայն համոզված եմ, այնտեղ պատերազմ չի լինի, եւ իրանական տարածքում ինչ-ինչ գործողությունների ձեռնարկումը Հայաստանին չի առնչվի: Այլ հարց են Իրան-Ռուսաստան հարաբերությունները: Առանձին գործարքների կնքման ժամանակ նրանք գործընկերներ են (խոշոր նախագծերից է միջուկային ռեակտորը): Բայց ընդհանուր առմամբ նրանք, այնուամենայնիվ, մրցակիցներ են (նավթի պատճառով), պարզապես մրցակիցներ: Չէ՞" որ իրանական նավթը շատ էժան է: Գումարած տարածաշրջանի օտարածին կղզյակ Իսրայելը. դա ընդհանրապես հավերժական խնդիր է:

ՌԴ Դաշնային ժողովին Վ. Պուտինի հղած հայտնի դիմումից հետո Արեւմուտքը որպես գլխավոր թշնամի սկսեց արդեն տեսնել Ռուսաստանին, քանի որ Պուտինի «ուժային» քաղաքականությունն սկսեց վախեցնել բազմաթիվ արեւմուտքցիների: Բնականաբար, այնտեղ ամեն ինչ կանեն, որպեսզի Իրանն իրենց համար դառնա տնտեսական, ֆինանսական գործընկեր, գրեթե Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

Իսկ դա կարող է վնաս տալ Ռուսաստանին, քանի որ գազամուղներն ու նավթամուղները կշրջանցեն Ռուսաստանի սահմանները:

- Ի՞նչ նկատի ունեք ասելով Ռուսաստանի «ուժային» քաղաքականություն:

- Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ կանի իշխանությունը պահպանելու համար, քանի որ թշնամիներն անչափ շատ են, եւ նրանց վարքագծի փոփոխությունը կարող է վերջ դնել ներկայիս քաղաքական գծին: Իշխանությունը պահպանելու գլխավոր գործոններից մեկն այն է, ինչը ժողովուրդն արդեն խնդրում է նախագահիցՙ քվեարկվել երրորդ ժամկետով: Իսկ դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ են աղմկալի ձերբակալություններ, նոր մերկացումներ, ինչը եւ տեղի է ունենում:

- Որո՞նք են Արբակ Խաչատրյանի անձնական ծրագրերը:

- Ես կզբաղվեմ գործարարությամբ, այդ թվում նաեւ դրամ ունենալու եւ անկախ քաղաքականություն վարելու համար: Ուզում եմ ստեղծել ոչ թե կուսակցություն, այլ ուժ, որը կկարողանար իրական օգուտ բերել Հայաստանին: Նաեւ շատ եմ ուզում, որ իմ զավակներն ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ ապրելն ամոթ չի լինի:

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԵՊԱՆՈՎ, Մոսկվա, հատուկ «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4