2005-ի օգոստոսից սկսեց գործել հիմնադրամի Լիբանանի վերակազմավորված տեղական մարմինը: Հիմնադրամի լիբանանյան մասնաճյուղի վերաբացման նպատակով այդ երկիր մեկնեց գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Նա հայ համայնքում մի շարք հանդիպումներ ունեցավ եկեղեցականների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլոց հետ: Հանդիպումներում արդեն ակնհայտ էր, որ լիբանանահայությունն անհամբերությամբ էր սպասում տեղական մարմնի վերաբացմանը եւ, վստահությամբ վերաբերվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը հայրենիքում, պատրաստակամ էր տեղական մարմնի միջոցով օժանդակելու հիմնադրամի մեծ ու փոքր ծրագրերին:
Տեղական մարմինը, Սարգիս Արմենյանի ղեկավարությամբ, գործունեությունը սկսելուց ընդամենը մի քանի ամիս անց, նոյեմբերյան հեռուստամարաթոնում անսպասելի բարձր արդյունք ապահովեցՙ 100 հզ. դոլարի նվիրատվություն: Լիբանանահայ համայնքն, այդպիսով, մեկ անգամ եւս ապացուցեց իր մեծ նվիրվածությունը հայրենիքին ու հիմնադրամին: Մարաթոնյան նվիրատվություններից զատՙ լիբանանահայ համայնքը հիմնադրամի տեղական մարմնի միջոցով օժանդակում է նաեւ նպատակային ծրագրերի իրագործմանը:
Հետադարձ հայացք նետելով լիբանանահայության հատկացրած ֆինանսական օժանդակության վիճակագրությանըՙ չենք կարող չհամոզվել, որ այս գաղթօջախը հիմնադրամի գործունեության սկզբից ի վեր ակտիվ մասնակցություն է ունեցել ամենատարբեր ծրագրերի իրագործմանը: Դիտարկենք ըստ տարեթվերի.
92-95 թթ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 116.1 հզ. ԱՄՆ դոլար, որից 10 հզ. դոլարը տրվել է «Ձմեռ» ծրագրին (93-94 թթ.):
95-96 թթ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 336.0 հզ. ԱՄՆ դոլար, որից 321.0 հզ. դոլարը տրվել է 96 թ. մարաթոնին, մնացյալըՙ այլ ծրագրերի, այդ թվումՙ 7 հզ. դոլար է հատկացվել Բյուրականի աստղադիտարանի 50-ամյակին նվիրված գիտաժողովին (նվիրատուՙ ՌԱԿ կենտրոնական վարչություն, 95 թ.):
96-97 թթ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 125.0 հզ. ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Գյումրիի «Անի» թաղամասում 4 բնակելի շենքերի կառուցմանը եւ անավարտ շենքերի շինարարությանը (նվիրատուՙ Աղետյալների օգնության ֆոնդ):
Մեկ այլ ծրագրովՙ 7.7 հզ. դոլար է հատկացվել Եղեռնի զոհերի հուշարձանի անմար կրակի ինքնավար գազասնուցմանը եւ խողովակաշարի անցկացմանը (նվիրատուՙ ՌԱԿ կենտրոնական վարչություն):
97-98 թթ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 445.0 հզ. ԱՄՆ դոլար, որից 70.0 հզ հատկացվել է Գյումրիի 9.1-10 անավարտ բնակելի շենքի շինարարությանը (նվիրատուՙ Լիբանանի հայ համայնք), 93.7 հազարական դոլարՙ Գյումրիի 10.3-7, 10.1-7, 10.1-3, 10.1-2 անավարտ բնակելի շենքերի շինարարությանը (նվիրատուՙ Աղետյալների օգնության ֆոնդ):
99 թ.ՙ 105.7 հզ. ԱՄՆ դոլար է հատկացվել 9.1-13ա անավարտ բնակելի շենքի շինարարությանը Գյումրիում (նվիրատուՙ Լիբանանի հայ համայնք):
2001 թ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 44.9 հզ ԱՄՆ դոլար:
2004 թ.ՙ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 29.9 հզ ԱՄՆ դոլար:
Բացի այդՙ 3.3 հզ ԱՄՆ դոլար է տրամադրվել ՀՀ եւ ԼՂՀ երաժշտական դպրոցների երեխաների համար գործիքների ձեռքբերմանը (նվիրատուՙ Լիբանանի հայ համայնք):
Հիմնադրամի ստեղծմանը հաջորդած 10 տարվա ընթացքումՙ 1992-2002 թթ., լիբանանահայության նվիրատվությունների գումարը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Այս թիվը տեղի հայ համայնքիՙ Հայաստանում եւ Արցախում բնակվող իրենց հայրենակիցների հոգսը կիսելու մեծ պատրաստակամության պարզ վկայությունն է: