Հարգելի խմբագրություն
«Ազգ» օրաթերթի 2006թ. հունիսի 15-ի համարում տպագրվել է «Քաշքշուկ «հյուպատոսական» շեշտադրումով» վերնագրով` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գուրգեն Կարապետյանի ինձ ուղղված բաց նամակը:
Այս կապակցությամբ, առանց գործի մանրամասներին անդրադառնալու, կցանկանայի հայտնել հետեւյալը.
Կանադայում գտնվող իր որդուն Հայաստանի դեսպանության միջոցով անձնագրավորելու վերաբերյալ Գ.Կարապետյանի բազմաթիվ դիմումների կապակցությամբ նրան ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրվել են գրավոր եւ բանավոր պատասխաններ, բազմիցս բացատրվել են «Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ի 1-ին եւ 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Բացատրությունները դիմողին չեն բավարարել եւ նա հայցով դիմել է դատարան:
Քաղաքացիական գործն` ըստ հայցի Գուրգեն Կարապետյանի ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության, գտնվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում: Դատական նիստը նշանակված է հունիսի 22-ին եւ գործի էության վերաբերյալ իր բոլոր փաստարկները նախարարությունը կբերի դատաքննության ժամանակ:
Զարմանք է առաջացնում արտգործնախարարությանը եւ ինձ հասցեագրված անգործության Գ. Կարապետյանի մեղադրանքը, քանի որ նա տեղյակ է, որ ԱԳՆ-ն խնդրի լուծումը գտնելու նպատակով ծավալուն գրագրություն է ունեցել ՀՀ բոլոր իրավասու ատյանների հետ:
Ինչ վերաբերում է դատական նիստը հետաձգելուն, ապա դա կատարվել է դատարանի որոշմամբ` նախարարությունից անկախ պատճառներով:
Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ