«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈԽՈ՞ՒՄ Է ՈՃԸ

Հարեւան երկիրը Ղարաբաղին առաջարկում է Թաթարստանի կարգավիճակը

Գնալով ավելի հաճախակի են դառնում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին փոխարինելու եկած «խաղաղասիրական» դրսեւորումները բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերում: Մասնավորապես, եթե նախկինում պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության լուծման առաջնային տարբերակ էր դիտարկում զինուժի կիրառումը, ամեն դեպքում, նման քայլի գնալու մեծագույն պատրաստակամությամբ, ապա ներկայումս Ալիեւ կրտսերն իր վերջին ելույթներում խոսում է Ադրբեջանի` հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով իրականացնելու «մտադրության» մասին: Միեւնույն ժամանակ, թերեւս նախկին ռազմատենչ հայտարարությունների ընդհանուր ֆոնը պահպանելու համար, Իլհամ Ալիեւը ավելացնում է, թե օրակարգում մնում են հակամարտության կարգավորման մյուս տարբերակները:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանը միայնակ չի կարող լուծել», հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նման մոտեցումն ինքնին ողջունելի կլիներ, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի մատուցած ենթատեքստը: Ըստ այդմ, սեփական արարքները «թշնամու» կերպարի վրա պրոյեկտելու ամենատարրական տարբերակով Ադրբեջանի առաջնորդը խոսում է իբր հայերի կազմակերպած վանդալիզմի մասին` լինելով հենց այդ «հարցում» բազմիցս ինքնադրսեւորման պոռթկումներ ունեցող երկրի ղեկավարը:

Ենթատեքստային տեսանկյունն իր կարեւորությունն ունի նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մեջ, թե Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ, անգամ այնպիսի, որը համարժեք է Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակին: Ադրբեջանական «Դեյ.ազ» կայքէջի հաղորդմամբ, Էլմար Մամեդյարովը վկայակոչել է Թաթարստանի սահմանադրությունը, որը հնարավորություն է տալիս սեփական ներկայացուցչություններ ունենալու արտերկրում:

Ադրբեջանի արտգործնախարարը գտնում է, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի, եւ Բաքուն առաջարկում է այդ խնդիրը լուծել ամենակարճ ժամկետում: Այս դեպքում էլ սակայն Մամեդյարովի մեղրածոր խոսքերն ունեն տիպիկ ադրբեջանական շարունակություն: Այդ ամենի համար, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, գործընթացում ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների մասնակցության պայմաններ պիտի ստեղծվեն, ընդ որում արդբեջանական «պարզամտությամբ» երկրի արտաքին գործերի գերատեսչությունը ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն ի վերջո կգան գիտակցմանը, թե նրանց իսկ շահերից էր ելնում Ադրբեջանի քաղաքացի մնալը:

Վերջին ժամանակների համար նորովի ձեւակերպումների ֆոնին ավելի լուրջ եւ հավատ ներշնչող է տեղեկությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 22-ին կհանդիպեն Վիեննայում, որտեղ եւ, ըստ էության, գործընթացին կմիանա ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ի դեպ, վերջինիս Բաքու եւ Երեւան այցելությունը, ինչպես նաեւ նախնական պայմանավորվածությամբ համաձայնեցված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, ցայսօր մնում են անժամկետ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4