Լոռու մարզում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների համագործակցության լավ ավանդույթ է ձեւավորվել, ինչի շնորհիվ ի վերջո շահում է բնակչությունը եւ Լոռվա գեղատեսիլ բնությունը: Անարձագանք չի մնում ոչ մի բնապահպանական ահազանգ, որին անմիջապես հետեւում են կոնկրետ գործողություններ:
Սակայն երբեմն ստիպված ենք լինում արձագանքել նաեւ այնպիսի ահազանգերի, որոնք դժվար է անվանել բնապահպանական խնդիրներ, եւ դրանք հետեւանք են որեւէ գրանտային կամ ծրագրային գործընթացների:
«Ազգ» օրաթերթի հունիսի 10-ի համարում տպագրված էր «Ստեփանավանի կենտրոնը հայտնվել է թունավոր շրջափակման մեջ» հոդվածը, ուր փորձ էր արվել կազմակերպության պլանային տնտեսական գործունեությունը ներկայացնել որպես աղետ: Եթե որեւէ հասարակական կազմակերպության անհրաժեշտ է հեղինակություն ձեռք բերել լայն հասարակության շրջանում, ապա կարիք չկա փորձել դրան հասնել ակնհայտ ապատեղեկատվությամբ:
Ինչի մասին է խոսքը:
Համաձայն «Արմենտելի» ներկայացուցչի բացատրության, Ստեփանավան քաղաքում կառուցվում է թվային կայանի բաժանորդային ցանց եւ այդ նպատակով բերվել, պահեստավորվել եւ այնուհետեւ օգտագործվում են փայտյա հենասյուներ, որոնք ենթարկվել են համապատասխան մշակման օրգանական նյութերով: Հիշեցնենք, որ այդ նպատակով չեն օգտագործվում բետոնե հենասյուներ: Ի վերջո Ստեփանավան քաղաքը կունենա որակյալ հեռախոսային կապ:
Համաձայն Ստեփանավանի քաղաքային հիվանդանոցի տնօրենի պաշտոնական տեղեկության, վերջին մեկ շաբաթում ոչ ոք չի դիմել իրենց այնպիսի բողոքներով, որոնք հնարավոր կապ կունենային թունավորման հետ: Հարգարժան բնապահպանը պարզապես չափազանցրել է իրավիճակը: Եվ ասել, որ Ստեփանավանում տարբեր աստիճանների «զանգվածային թունավորումներ» են, առնվազն հարգալից վերաբերմունք չէ ընթերցողների նկատմամբ:
Ինչ վերաբերում է Օրհուսի կոնվենցիայի կոպիտ շրջանցմանը, ապա, կներեք, «Արմենտելի» հենասյուների առկայությունը որեւէ պահեստում հասցնել մինչեւ Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմանը, առնվազն ծիծաղելի է: Խորհուրդ կտայինք մեկ անգամ եւս ընթերցել Օրհուսի կոնվենցիայի 4 եւ 6 հոդվածները, եւ հեշտությամբ կարելի էր համոզվել, որ այդ պահանջները բոլորովին այլ մակարդակների հարցերի են առնչվում: Նման կարծիքի է նաեւ Վանաձորի Շրջակա միջավայրի իրավական պահպանության գրասենյակի ղեկավարը, որի հետ եւս քննարկվել է այս խնդիրը:
Կարծում ենք, որ այս հոդվածի պատճառով չի խաթարվի պետական մարմինների եւ ՀԿ-ների փոխադարձ վստահությունը հավաստի տեղեկատվության ներկայացման առումով, եւ Լոռու մարզպետարանը վստահ է, որ այսուհետեւ նաեւ ընթերցողների շրջանում մեծ հեղինակություն վայելող «Ազգ» օրաթերթի խմբագրությունը կխուսափի չճշտված տեղեկատվություն տպագրելուց: Լոռու մարզպետարանը միշտ պատրաստ է խմբագրությանը տրամադրել իր տեսակետները եւ առկա տեղեկատվություն` մարզին առնչվող բոլոր խնդիրների վերաբերյալ:
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Լոռու մարզպետի մամլո քարտուղար