«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՅՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Նրանց «մտավախությանը» տոն է տալիս Մեսրոպ պատրիարքը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այսօր Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի եւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի համատեղ հրավերով Ստամբուլ է մեկնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանըՙ ուղեկցությամբ ներկայացուցչական պատվիրակության: Հունիսի 20-21-ին Վեհափառ հայրապետը կլինի տիեզերական պատրիարքի հյուրը, այնուհետեւ նրան կհյուրընկալեն պոլսահայ համայնքն ու Պոլսո հայոց պատրիարքը: Հունիսի 23-ին նա կայցելի Ստամբուլի նահանգապետ Գյուլերին, իսկ հունիսի 26-ինՙ ասորիների ուղղափառ եկեղեցու պատրիարքի տեղապահին եւ հայ կաթոլիկների հոգեւոր առաջնորդին, այնուհետեւ կվերադառնա Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Իբրեւ Ամենայն հայոց կաթողիկոս սա Գարեգին Բ վեհափառ հայրապետի առաջին այցն է Ստամբուլ եւ իրականացվում է հույն տիեզերական պատրիարքի Սբ. Էջմիածին կատարած այցը փոխադարձելու գլխավոր նպատակով: Ըստ երեւույթին այս հանգամանքը պայմանավորել է Բարդուղիմեոս պատրիարքի հետ «տիեզերականի» կոչման եւ հունական հոգեւոր ճեմարանի բացման հարցերում լուրջ տարաձայնություններ ունեցող թուրքական իշխանությունների վերաբերմունքը Վեհափառի այցին, որ դեռեւս հունիսի 11-ին «Զաման», այնուհետեւ «Սթար» թերթերը փորձեցին ամենայն սանձարձակությամբ մթագնել այցը:

Խոսքը տվյալ դեպքում վերոհիշյալ թերթերի ամբարտավանության մասին էր, թե «պոլսահայ համայնքում տիրող կարծիքի համաձայն, կաթողիկոս Ներսիսյանը չգիտի որտեղ ինչպես արտահայտվել»: Հատկանշական է, որ այս ամբարտավանությունը «հիմնավորվեց» Վեհափառ հայրապետի վերաբերյալ հետախուզական կառույցների ինչ-որ զեկուցագրերով: Պոլսահայ համայնքում տիրող կարծիքը կարելի էր ճշտել հարցախույզների միջոցով, իսկ հետախուզական կառույցները սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտներ չեն:

Այլ կերպ, այս կառույցները հարցախույզներ չեն անցկացնում, սակայն այս կամ այն համայնքին որեւէ խեղաթյուրված կարծիք վերագրելու համար որպես կանոն սկզբնաղբյուր են ունենում: Հունիսի 13-ին Պոլսո հայոց պատրիարքարանը «Տարօրինակ լուր «Զաման» եւ «Սթար» թերթերում» վերնագրով արձագանքեց այս ամբարտավանությանը: Իրականում տարօրինակն արձագանքի հրապարակումն էր «Լրաբերի» կայքէջում:

Ակնհայտ է, որ թուրքական կենտրոնական երկու թերթերի հրապարակումներին, որոնցից միայն «Զամանը» շուրջ 600 հազար տպաքանակ ունի, պատրիարքարանի պաշտոնաթերթում արձագանքելու պարագային, արձագանքն ամենեւին համարժեք չի լինում, թերթերին միանգամայն ձերբազատում է ոչ միայն պատասխանատվություն կրելու, նույնիսկ ներողություն խնդրելու պարտականությունից:

Տարօրինակ է նաեւ այն, որ հրապարակելով պատրիարքարանի արձագանքը, «Լրաբերն» ամբարտավանության համար «Զամանին» եւ «Սթարին» դատապարտելու փոխարեն դրանց հրապարակումները գնահատելու խնդրանքով դիմում է Մութաֆյան պատրիարքին, իսկ նա գնահատական է տալիս Վեհափառ հայրապետի անձինՙ ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոսի առնչությամբ ինչպես մեր պատրիարքարանը, այնպես էլ համայնքը չունեն համանման մտահոգություններ: ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը վերջին աստիճանի հավասարակշիռ անձնավորություն է: Հիրավի մենք մտահոգություններ ունենք, սակայն դրանք վերաբերում են ոչ թե կաթողիկոսին, այլ մեր երկրում հետզհետե թափ ստացող ծայրահեղ ազգայնամոլական եւ շովինիստական հոսանքների ծավալմամբ պայմանավորված հնարավոր անախորժություններին»:

Մութաֆյան պատրիարքի այս մտահոգությունը տեղ է գտել հետախուզական զեկուցագրերում, ինչին հունիսի 19-ի համարում «Անախորժություն պատճառող այց» վերնագրով արձագանքել է «Բուգյունը»: Համաձայն արձագանքի, Ամենայն հայոց կաթողիկոսի այցը մտավախություն է առաջ բերել ինչպես թուրք հասարակությունում, այնպես էլ պոլսահայ համայնքում, ստացվել են այցի ընթացքում բողոքի կազմակերպված ցույցերի հավանականության մասին տեղեկություններ, հետախուզական կառույցները տհաճ միջադեպերի առնչությամբ նախազգուշացրել են իշխանություններին: Եվ վերջապես կաթողիկոսի ու նրա պատվիրակության անդամների սադրիչ հայտարարությունների, դրանց ցույցերի կազմակերպիչների հակազդեցությանը բախման, ինչպես նաեւ այս ամենի հետեւանքով երկրում թուրքահայերի դրության բարդացման հավանականությունը լրջորեն մտահոգել է նաեւ Մեսրոպ Բ Մութաֆյանին:

«Բուգյունի» վկայությամբ, զեկուցագրում միաժամանակ մատնանշվել է, որ սփյուռքահայերն ու արեւմտյան տերությունները կարող են Թուրքիայի դեմ օգտագործել այցի ընթացքում բողոքի ցույցերի կազմակերպումը: Թուրքական թերթը մտահոգության աղբյուր է համարում Հունաց տիեզերական պատրիարքի եւ Ամենայն հայոց պատրիարքի համագործակցությունը «տիեզերականի» կոչման եւ հայկական պահանջների առնչությամբ, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ Գարեգին Բ կաթողիկոսի կոշտ ու սփյուռքի հետ համահունչ դիրքորոշումը:

Եթե ի մի բերենք Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ «Զաման» ու «Սթար» թերթերի սանձարձակությունը, դրան պատրիարքարանի պաշտոնաթերթ «Լրաբերի» արձագանքը, «Բուգյունի» վերոհիշյալ հրապարակումը, ապա կարելի է փաստել, որ Թուրքիայում այցի շուրջը հրահրվում է յուրատեսակ հիստերիա, նախապես ճնշում է գործադրվում Ամենայն հայոց կաթողիկոսի վրա, ազգայնամոլ տարրերի բողոքի ցույցերի չարաբաստիկ կանխագուշակումներով փորձ է արվում այցը շեղել նպատակից, այդ տարրերին նախապես արդարացնելու համար շրջանառության մեջ է դրվում Թուրքիայի նկատմամբ Վեհափառ հայրապետի այսպես կոչված կոշտ դիրքորոշումը, մտացածին այս դիրքորոշմամբ սպառնալիքի է ենթարկվում պոլսահայ համայնքի անդորրը, որ այցի առնչությամբ համայնքին վերագրվող մտահոգությունը ինքնաբերաբար պատճառաբանվի այդ սպառնալիքով:

Ինչ վերաբերում է Մութաֆյան պատրիարքի մտահոգություններին, ապա դրանք էլ դառնում են թուրքական հետախուզական կառույցների զեկուցագրերում տեղ գտած չարաբաստիկ կանխագուշակումների հիմնավորման արդյունավետ միջոց: Դրանցով կասկածի տակ է դրվում Ամենայն հայոց կաթողիկոսի այցի նպատակահարմարությունը եւ սահմանափակվում է նրա գործունեության ոլորտը Ստամբուլում:

Ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների մտահոգությունն անկախ ասեկոսեներից, պոլսահայ համայնքի ջերմ վերաբերմունքն է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնին: Դա, այնուամենայնիվ, ի չիք կդարձնի Ամենայն հայոց կաթողիկոսին համայնքից մեկուսացնելու թուրքական պետական կառույցների ջանքերը: Այլապես Վեհափառ հայրապետի առնչությամբ համայնքին վերագրվող մտացածին վերոհիշյալ կարծիքն անընդմեջ չէր վերարծարծվի թուրքական թերթերում: Այս կարծիքով չէին պայմանավորվի վերջինի մտավախությունները, ոչ էլ թուրքական հետախուզական կառույցներն իրենց զեկուցագրերում մատնացույց կանեին, թե կաթողիկոսի այցը մտահոգում է նաեւ Պոլսո հայոց պատրիարքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4