«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ԱԿԵՂԴԱՄԱ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԿԱԽՎԱԾԸ

2005 թվականի վերջին օրերին, սուրբ Զատկի նախօրյակին, Վաշինգտոնում հրատարակվեց աստվածաշնչյան գրականության ամենակարեւոր գործերից մեկը` Հուդայի Ավետարանը, որը հավակնում է այս ոլորտի ամենանշանավոր հայտնագործությունը լինելու: ԱՄՆ-ի Աշխարհագրական ազգային ընկերության հրատարակած այս փաստաթուղթը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը ըստ Հուդա Իսկարիովտացու: Գիտնականները պարզել են, որ գործն ստեղծվել է 220-340 թթ.:

Կաշվե պատյանի մեջ առնված պապիրուսե ձեռագիրն ունի 62 թերթ, որն ուսումնասիրելու համար պետք էր այն նախ եւ առաջ մաքրել դարավոր փոշուց եւ ցեխից, համադրել փոքրիկ կտորների վերածված հազարից ավելի պատառիկներ: Տեքստը գրված է հին ղպտիերենով, որի վերծանումը ի զորու էին կատարել միայն հազվագյուտ մասնագետներ, որոնց թվում է Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Ռուդոլֆ Կասսերը: Պահանջվեցին տարբեր երկրների պապիրուսագետների եւ վերականգնողների ջանքերը, որպեսզի վաղ քրիստոնեական շրջանի այս փաստաթղթի գոնե 70 տոկոսը հասանելի լիներ թարգմանության համար:

Հայտնագործություններ, սենսացիաներ

Ձեռագրի բովանդակությունն իսկական սենսացիա եղավ: Հուդա Իսկարիովտացու (Կարիովտ քաղաքում ծնված Հուդայի) կերպարը ներկայացվում է բոլորովին այլ լույսի տակ: Կանոնիկ Ավետարաններում ասվում է, որ Գեթսեմանիի այգում Հուդա Իսկարիովտացին մատնում է Հիսուսին` երեսուն արծաթ վարձքի դիմաց: Այս Ավետարանում Հուդան ներկայացվում է որպես Տիրոջ ամենանվիրված առաքյալներից մեկը, ով Աստծո կամքն է կատարում: Նա կոչված է «օգնելու Հիսուսին` երկրային շապկից ազատվելու», որպեսզի իրականացվի համընդհանուր փրկության համաշխարհային ողբերգությունը:

Հուդայի Ավետարանի հեղինակը փորձում է ապացուցել, որ ոչ մի մատնություն չի եղել, այլ Հուդան իր ուսուցչին հռոմեացիներին է հանձնել եւ նրան մահապատժի տարել Հիսուս Քրիստոսի ուղղակի ցուցումով: Հենց Հիսուսն է իբր համոզել Հուդային, որ միայն իր խաչելությամբ եւ խաչի վրա կրելիք տառապանքներով կարող է ձերբազատվել մարդկային ամեն ինչից, ցուցադրել իր աստվածային էությունը եւ քավել մարդկային բոլոր մեղքերը:

Ավելին, այս փաստաթուղթն հաղորդում է, որ Հուդան ավելին, քան որեւէ մեկը, հասկանում էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ նախասահմանվածությունը, որի պատճառով էլ իր աշակերտներից միայն նրան էր Աստծո Որդին ընտրել հատուկ առաքելություն իրականացնելու համար: Այս Ավետարանի կարեւորագույն պահն է համարվում Քրիստոսին վերագրվող մի արտահայտություն, որը բացատրում է Հուդայի ընտրյալ լինելու հանգամանքը. «Դու կգերազանցես մնացյալ բոլորին, քանզի քեզ է նախասահմանված զոհաբերության տանելու մարդուն, որի մարմնում բանտարկված եմ ես»:

Այսպիսով, թարգմանիչների եւ ուսումնասիրողների խմբի ղեկավար Ռուդոլֆ Կասսերի կարծիքով, Քրիստոսը «խոսում է իր ցանկության մասին, որ մարդկային մարմնից իր ազատագրումն իրականացներ ոչ թե թշնամին, այլ` բարեկամը: Իսկ քանի որ դա կարելի է անել միայն մեկ ճանապարհով` խաչելության դատապարտվելով, ապա նա` Հիսուսը «խնդրում է Հուդային` իր լավագույն բարեկամին իրեն «ծախել» կամ «մատնել»», եզրակացնում է Կասսերը:

Հուդայի Ավետարանի վրա կատարվող աշխատանքներն իրականացվում էին բացարձակ գաղտնիության պայմաններում: «Սա պայմանական փաստաթուղթ է, որը պատկանում է բոլորին, -հայտարարեց հին մշակույթի պահպանության «Միքենա» հիմնադրամի տնօրեն Մարիո Ժան Ռոբերտին: - Մենք չենք ցանկանում, որ այն տրվի կրոնական որեւէ խմբավորման»:

Այժմ Հուդայի Ավետարանը թարգմանվում է 18 լեզվով: Տեքստին կից ներկայացվում է փաստաթղթի ուսումնասիրության ողջ ընթացքը եւ նրա հայտնաբերման անչափ հետաքրքրական պատմությունը: Այստեղ տեղին է նշել, որ Նոր Կտակարանում չներառված ավետարանական շատ պատմությունների հայտնաբերումները բոլորովին էլ եզակի չեն:

Դեռեւս 19-րդ դարավերջին անգլիացի հնագետներ Գրեկֆելլն ու Հանթը եգիպտական Օքսիրինխա տեղավայրի աղբանոցում բազմաթիվ պապիրուսներ հայտնաբերեցին: Դրանց մեջ փոքրիկ մի կտոր կար` 10X15 սմ չափսով: Հանթն ուշադրություն դարձրեց հունարեն տեքստով այդ փաստաթղթին, որում հիշատակվում էր «շյուղ» բառը: Դա հիշեցնում էր Ավետարաններում նշված միտքը («... Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում, կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես` թող որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը, եւ ապա յստակ կը տեսնես` քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»: Մատթէոս, Է, 3-5, ինչպես նաեւ` Ղուկաս Զ, 41-42): Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 8 հղումներ սկսվում էին «Հիսուսն ասաց» արտահայտությամբ, ընդ որում դրանցից 3-ը մինչ այդ հայտնի չէին ոչ մեկին: Հատկապես հետաքրքրական էր հետեւյալ հղումը. «Հիսուսն ասաց, որտեղ կլինեն երկուսը, նրանց հետ կլինի նաեւ Աստվածը, որտեղ կլինի մեկը, Ես ասում եմ, Ես նրա հետ եմ: Բարձրացրու քարը. եւ այնտեղ դու կգտնես Ինձ, կտրիր ծառը, եւ Ես այնտեղ եմ»:

Այսպես հայտնաբերվեցին հանրահայտ «Լոգիաները», կամ այլ կերպ ասած` «Հիսուսի ասույթները», որոնք գրի են առնվել Ք. ծ. հ. 200 թվականին, առավել հին աղբյուրներից: Այս հայտնագործությունը քրիստոնեության պատմությանը հետ տարավ ամենաքիչը 150 տարով: Մինչ այդ Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունը վկայվում էր Վատիկանի եւ Սինայի հանգանակներով:

Սակայն քրիստոնեական պապիրուսոլոգիայում իսկական հեղափոխություն եղավ Եգիպտոսում ղպտիական ձեռագրերի հայտնագործությունը:

«Սեւ հնագետները» եւ միլիոնատերերը

Կիպ կողպված կերամիկան, ավազը եւ բնավ անձրեւ չխոստացող երկինքը օգնեցին, որ անչափ հետաքրքրական փաստաթղթերը պահպանվեն 16 դար: Իսկապես հրաշք է. տեքստերից 39-ը, պարզվեց, բոլորովին անհայտ էին գիտնականներին: Ինչ որ ընկավ ուսումնասիրողների ձեռքը` ամբողջական գիրք, թե պապիրուսի փոքրիկ մի կտոր, որի վրա մեկ-երկու տառ կար եւ հնարավոր էր կարդալ ու վերծանել, ուսումնասիրվեց: Ձեռագրերի միայն տասներորդ մասն էր վնասված:

Ի դեպ ասենք, որ այս ամենի համար պետք է շնորհակալություն հայտնել մի համեստ գյուղացու: Փոքրիկ բլրի վրա նա հայտնաբերեց մեկ մետր բարձրությամբ կավե սափոր: Ջարդելով այդ սափորը, նա հայտնաբերեց կաշվե պատյանով փաթաթված պապիրուսե բազմաթիվ գրքեր: Հույս ունենալով ավելի թանկ վաճառել գտածոն, ֆելլահը (հողագործը), ավելի փոքր կտորների մասնատեց հնադարյան պապիրուսները: Շատ բան, իհարկե, վնասվեց ու անհետ կորավ այս պատճառով: Հետագայում իշխանությունները բռնագրավեցին մշակութային այս գանձերը եւ հանձնեցին Կահիրեի Ղպտական մշակույթի թանգարան: Ինչ-որ կերպ այդ կոդեքսներից մեկը գնեց Կառլ Յունգի Ցյուրիխի թանգարանը, վճարելով 35 հազար շվեյցարական ֆրանկ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռանդուն միջամտության շնորհիվ այս ձեռագրերը հրապարակվեցին 1972-1977 թթ.:

Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է Հուդայի Ավետարանը: Անլեգալ, կամ ինչպես նաեւ նրանց անվանում են` «սեւ հնագետներից» ձեռագիրն անցավ եգիպտական հնությունների վաճառքով զբաղվող ոմն Արիանի ձեռքը: Այս անունը, հավանաբար, հնարովի է: Իր գործընկերոջ հետ նա ձեռագիրը հասցրեց Եվրոպա` վաճառելու նպատակով: Այդ ժամանակների համար պահանջվող հսկայական գումարը` 3 միլիոն դոլարը, հավանական գնորդներին ձեռք չտվեց, սակայն Ավետարանի մասին լուրը տարածվեց ողջ աշխարհում: Ինչ-որ մեկին նույնիսկ հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը, սակայն գործարքը չիրականացավ, եւ այս հազվագյուտ փաստաթղթի հետքերը մի քանի տարով կորան: Արիանը 1991 թվականին այն դրեց Լոնգ-Այլենդի նյույորքյան բանկ: Բայց ամերիկացի գիտնական Չարլզ Հեդրիկին հաջողվեց գաղտնի ծանոթանալ տեքստին եւ ձեռագիրը լուսանկարել: Նրան նույնիսկ հաջողվեց նորվեգ մի միլիոնատիրոջ համոզել` գնելու ձեռագիրը, սակայն նշանակված օրը Արիանը չներկայացավ ժամադրավայր: Լուր տարածվեց այն մասին, որ իբր Պարսկական ծոցում սկսված առաջին պատերազմը եգիպտացի արաբին ամերիկացիների նկատմամբ անվստահության տրամադրեց: Սակայն ամեն դեպքում ձեռագիրն արդեն հայտնվել էր շուկայում:

Հարցը լուծեց հոլանդացի Միխել Ռիզնը, որն, ինչպես ասում են, Ռուբենսի հեռավոր ժառանգներից էր: Անչափ կասկածելի վարքի տեր այս մարդը, որին որոնում էր Ինտերպոլը, այնուամենայնիվ, ազատ տեղաշարժվում էր աշխարհով մեկ: Իրականում Ռիզնը հետեւում էր հազվագյուտ հնագիտական արժեքների առուվաճառքով զբաղվողներին` կատարելով ինչպես ՀՖԲ-ի, այնպես էլ Սքոթլենդ-Յարդի առաջադրանքները: Նրա շնորհիվ խորհրդավոր Ավետարանը ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության ֆինանսական օժանդակությամբ հայտնվեց հնագույն մշակույթի պահպանման «Միքենա» հիմնադրամում:

Անիծված առաքյալը

Հուդայի Ավետարանը հազիվ թե տեղ գտնի արգելված գրականության ցուցակում, գոնե` Վատիկանում: Նույնիսկ կանոնիկ Ավետարաններում աստվածաբանները բազմաթիվ հակասություններ են գտնում, բայց դա չի նշանակում, որ պետք է փոխել կանոնակարգման սկզբունքը: Աշխարհահռչակ աստվածաբան Զենոն Կոսիդովսկին ընդհանրապես այն կարծիքին է, որ «Հուդայի մասին եղած բոլոր պատմությունները հորինովի են: Ոչ մի Հուդա էլ գոյություն չի ունեցել: Այս միտքը հաստատելու համար մենք կարող ենք որպես կռվան բերել Պողոս առաքյալի վկայությունը: Կորնթացիներին ուղղված իր առաջին Թղթում նա խոսում է Խորհրդավոր ընթրիքի մասին... Այդ դեպքի մասին նկարագրության մեջ Պողոսը որեւէ հիշատակում չունի Հուդայի եւ նրա մատնության մասին...»:

Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ կասկածի տակ է դնում Հուդայի համբույրը. ի՞նչ կարիք կար հռոմեական պահակախումբը ուղղորդել այն մարդուն ձերբակալելու համար, որին հենց նոր ողջունում էր ամբոխը: Սակայն Հուդայի գոյության ամբողջական ժխտումը նաեւ իր հակառակորդներն ունի:

Ավետարանիչները համամիտ են այն բանում, որ Հիսուսը գիտեր սպասվելիք տանջանքների մասին եւ աղոթքի էր նստել, սակայն նրա ուղեկից առաքյալները` Պետրոսը, Հակոբը եւ Հովհաննեսը քնով ընկան, թեեւ խոստացել էին արթուն մնալ եւ նույնպես աղոթել: Աստծո Որդին ինքն էր առաքյալների ընտրությունը կատարել, հետեւաբար Հուդա Իսկարիովտացին էլ էր ընտրյալների թվում: Վերջինիս անունով նորահայտ Ավետարանում Հուդան մեծարվում է որպես «սիրելի», քանի որ Հիսուսը նրա համար ամենադաժան առաքելությունն էր կանխատեսել: Ամեն մի առաքյալ իր թուլությունը, սակայն նաեւ իր առաքելությունն ուներ: Չնայած այն հանգամանքին, որ Պետրոսը երեք անգամ ուրացավ Ուսուցչին, այնուամենայնիվ դարձավ Եկեղեցու հիմքը: Ամեն ինչ նախապես տեսնելով ու կանխորոշելով` Քրիստոսը չէր կարող սխալվել առաքյալներից որեւէ մեկի հարցում:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-րդի մտերիմ բարեկամներ, պատմության հարցերով պապական խորհրդի նախագահ, մոնսենյոր Վալտեր Բրանդ-Մյուլլերը եւ գրող Վիտորիո Մասուրին այն կարծիքին են, որ Հուդա Իսկարիովտացին «աստվածաբանական խարդավանքների» զոհ է դարձել, որն էլ ազդակ է եղել հակասեմիտիզմի ձեւավորման համար: Նոր պապը դրական է վերաբերվում Հուդայի Ավետարանի հրատարակմանը, իր գործունեության սկզբունքը համարելով քրիստոնյաների եւ հրեաների միջեւ հարաբերությունների հաստատումը: Դեռեւս Վատիկանի երկրորդ Տաճարում, 1962-1965 թվականներին, ընդունվել է հանրահայտ «Nostra aetute»-ը («Մեր կարծիքը») հրովարտակը եւ հրեական ժողովրդի վրայից հանվել է հավերժական անեծքը:

26 էջ ծավալ ունեցող Հուդայի Ավետարանի հեղինակն անհայտ է: Միակ բանը, որ հավանաբար կարելի է հայտարարել, Ավետարանը կապ ունի գնոստիկների հետ: Գնոստիկությունը քրիստոնեության ուղղություններից, սեկտանտներից մեկն է, որի հետեւորդները գտնում են, որ փրկության կարելի է հասնել իր մերձավորներին Քրիստոսի հայտնած գաղտնիքների բացահայտման շնորհիվ: Գնոստիկների կարծիքով, միայն այս գիտելիքներին տիրապետելով «մարդը կարող է ազատվել իր նյութական մարմնի բանտից եւ վերադառնալ իրական, հոգեւոր աշխարհ, որտեղ նա եղել է ինչ-որ ժամանակ»:

Հուդայի կերպարը բազմիցս վերաիմաստավորվել է պատմական եւ գեղարվեստական ստեղծագործություններում: Այս իմաստով Հուդայի Ավետարանը հազիվ թե «կրոնական խառնակչություն» ստեղծի աշխարհում: Սակայն այն անկասկած իր արժանի տեղն է զբաղեցնում պարականոն գրականության ընտանիքում:

Ավետարանի տեքստի ամբողջական վերծանումից, թարգմանություններից եւ հրատարակություններից հետո Ավետարանը հավանաբար հետ կվերադարձվի Եգիպտոսի Ղպտի արվեստի թանգարանին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4