«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


ԽՈՇՈՐ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Ստանիսլավսկին ասել է. «Տեատր նաչինայեցա ս վեշալկի»: Իմաստուն, խորիմաստ խոսք: Եկեք այս արտահայտությունը բառացի թարգմանենք հայերեն: Կստացվի` թատրոնը սկսվում է կախիչից: Թարգմանությունը թեեւ ճիշտ է, սակայն իմաստը լրիվ չի բացահայտվում: Հայերենում ճիշտը սա է. «Թատրոնը սկսվում է հանդերձարանից»:

Այս արտահայտության իմաստն ավելի խորն է եւ ընդգրկուն, եւ հանդերձարան ասելով հասկանում ենք հանդերձապահուհու բարեկրթությունը, քաղաքավարությունը, անգամ ժպիտը, թե ինչպես է նա դիմավորում հանդիսական թատերասերին:

Իսկ ինչի՞ց է սկսվում քաղաքը, ավելի ճիշտՙ ինչո՞վ է սկսվում քաղաքը, մասնավորապես Երեւանը: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարող եւ Երեւան եկող ուղեւորներից շատ-շատերը, հատկապես հայերը նախ զարմանում են, հետո զայրանում, դրան հաջորդում է վիրավորանքի զգացումը, որին հետեւում է հիասթափությունը, երբ անցնում են կազինոների շարասյան արանքով: Ես կազինո բառը միտումնավոր չեմ թարգամանում, քանի որ կազինո բառն ավելի շատ նողկանք է առաջացնում, իսկ հայերեն խաղատուն բառը` գորովանք: Խաղատներում կարելի է շախմատ խաղալ, սեղանի թենիս, բիլիարդ եւ վերջապես, համակարգչային խաղեր: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում, հենց Սեւ ծովի ափին, բարձր մի տեղ երկհարկանի շենք կա, որը թագավորի ժամանակ եղել է կազինո: Պատմում էին, որ իրենց ողջ ունեցվածքը, կանանց ու դուստրերին տանուլ տված մարդիկ իրենց ծովն էին նետում եւ դրանով հրաժեշտ տալիս նախ կազինոյին, ապա եւ կյանքին: Սա իմիջիայլոց, կամ, ինչպես ասում են, ի գիտություն:

Գանք մեր բուն թեմային: 1956 թվականի դեկտեմբերին Հայաստանի տերմինաբանական կոմիտեն հատուկ որոշում է կայացրել փողոցների հայերեն անվանումների եւ սրանց ռուսերեն տառադարձության մասին, (օրհնվի այն սհաթը): Նախագիծը կազմել է հայտնի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը: Այս որոշմամբ երեւանցիները փրկվեցին Ազատության պողոտան Սվոբոդայի պրոսպեկտ կոչելու վատ սովորությունից, Անտառային փողոցը Լեսնյա կոչելուց եւ այլն: Կարծում եմ, այս որոշումը լիիրավ կարելի է վերագրել նաեւ մյուս բոլոր հատուկ անուններին: Հիշո՞ւմ եք, մեր գյուղերում աղջիկներին անուններ էին «պարգեւում»` Հայաստան, Չինաստան, Բուրաստան, սակայն չէին թարգմանում Արմենիա, Կիտայ եւ Ցվետուշչի լուգ: Ամենայն հավանականությամբ վերոհիշյալ որոշումը մեր օրերում չի կորցրել իր ուժը (անիծվի այն սհաթը): Սայաթ-Նովայի պողոտայում` Խանջյան փողոցին հարակից խաչմերուկին շատ մոտ մի ցուցանակ կա. «Թու լիփս»: Անգլերեն իմացողը իմաստը կհասկանա եւ կզարմանա, չիմացողը չի հասկանա, կբացի բառարանը եւ ... կզայրանա: «Թու լիփս» հայերեն նշանակում է երկու շրթունք: Այս անվանումը, այն էլ ոչ անգլերեն տառադարձությամբ, ավելի շատ սազական է հարսանյաց սրահին: Բայց արի ու տես, որ «Թու լիփսը» ընդամենը կոշիկի խանութ է: Մեզ մնում է շնորհակալություն հայտնել տիրոջը (խանութի), որ հայերենը ձախ կողմում է, անգլերենը, ինչպես պահանջում է տրամաբանությունըՙ աջ (համապատասխան oրենք ունե՞նք արդյոք):

Աբովյան-Կորյուն խաչմերուկում, Բժշկական համալսարանի դեմ-դիմաց սննդի երկու կետ կա. մթերային խանութ, որի անունն է «Լիություն», մյուսը, այսպես կոչված, բիստրո, որը կրում է հայերեն տառերով «Թեսթի թաուն» խորիմաստ անունը: «Լիության» տերը հարազատ է մնացել հիշյալ որոշման տարրին եւ ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն տառադարձությամբ «Լիություն» անունով ցուցանակներ է փակցրել (Շատ շնորհակալ էինք ռուսերենից, հիմա էլ անգլերենն է ընկել մեր գլխին):

«Թեսթի թաուն» բիստրոյի (պետք է հասկանալ սովորական ճաշարան) տերը նույնպես պահպանել է տրամաբանության տարրը, սակայն խախտելով օրենքը: Եթե սննդի այդ կետի անունը կնքվեր հայերեն, կհնչեր «Համեղ քաղաք»: Պատկերավոր է, չէ՞: Անգլերեն «Taste Taun» հնչում է այսպես` «թեյսթի թաուն»: Ռուսերեն նույնպես: Ասել է թե ոչ միայն օրենքն է խախտված, այլեւ գրված է տառասխալով: Բայց եւ այնպես, Երեւանում սովորական ճաշարանին անգլերեն անուն դնելու իմաստը ո՞րն է:

Միխայիլ Լոմոնոսովը Ռուսաստանում մի լավ անգլերեն սովորելուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Անգլիա: Այստեղ երբ սկսում է խոսել անգլերեն, լսողներից ոմանք ծիծաղում են, ոմանք էլ պարզապես չեն հասկանում: Պարզվում էՙ ռուս մեծ գիտնականը ուսումնասիրել է գրավոր անգլերենը, ինչպես գրված է, այնպես էլ արտասանել է: Հիմա մի վառ օրինակ, արդեն մեր իրականությունում: Աշխարհահռչակ «Hummel» ֆիրման, որը հովանավոր է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, խանութ է բացել: Բնական է, խանութը պետք է ունենա իր ցուցանակը: Հետաքրքրական է, անգլերեն գրված «Hummel» բառը դուք ինչպե՞ս կկարդաք, խրատվելով Լոմոնոսովի փորձից: Կարծում եմ, այնպես, ինչպես հնչում է անգլերեն. համմել: Հայերենում ու-ա-ի ուղղագրություն չկա: Չկա Մաշտոցի ժամանակվանից: Իսկ Մաշտոցի պողոտայում, պարզվում է, կա. հումմել գրում ենք, համմել կարդում: Իմիջիայլոց, համմել նշանակում է անկոտոշ: Վատ չէ, գոնե այդպես:

Եվ այսպես, քաղաքը սկսվում է ցուցանակներից եւ գովազդային վահանակներից:

Որպես վերջաբան ասենք, որ սա նախաբանն է, իսկ «Խոշոր մանրուքներ» վերնագիրը բնավ էլ վերնագիր չէ, այլ խորագիր: Հաջորդ թեման վերն ասվածի շարունակությունը կլինի: Մի փոքր կխոսենք հայ գործարարների լեզվաշինական աշխատանքների մասին եւ ոտքով կբարձրանանք Աբովյանով մինչեւ մեր մեծ լուսավորչի հուշարձան: Խորհուրդ կտայի բոլոր ընթերցողներին իրենք այդ պատվավոր գործողությունը կատարեն: Իսկ եթե ֆիզիկապես պատրաստ չեք լինի, վնաս չունի, իջնելն ավելի հեշտ է, իսկ ծառայողական մեքենա կնստեք Հանրապետության հրապարակում:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4