«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2006-06-16 | #112, 2006-06-17 | #113, 2006-06-20


«ԿԻԼԻԿԻԱՆ» ՏՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Այսօր վաղ առավոտյան «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմը դուրս եկավ Գերմանիայից եւ ուղեւորվեց դեպի Լեհաստան, Գդանսկ: Ինչպես հեռախոսազրույցում «Ազգին» տեղեկացրեց անձնակազմի մշտական անդամ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, երթուղին մի փոքր փոփոխություն է կրել: «Կիլիկիան» Կոպենհագեն չի գնա վիզաների հետ կապված որոշ խնդիրների պատճառով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ կիլիկիացիները մուտքի արտոնագրի խնդիրներ են ունենում:

Զորի Բալայանի խոսքերով, կախված եղանակային պայմաններից եւ քամու ուղղությունից, առագաստանավը Գդանսկ կհասնի 2,5-3,5 օրում: Նավաստին տեղեկացրեց, որ անձնակազմը մինչեւ Սանկտ Պետերբուրգ ծովով կընթանա, ապա մինչեւ Ռոստովՙ գետերով ու ջրանցքներով: «Սա ողջ աշխարհում առաջին դեպքն է, երբ լողացող առարկան շուրջեվրոպական ճամփորդություն է կատարումՙ Եվրոպան կղզի դարձնելով», ասաց Զորի Բալայանը:

Մի քանի օր առաջ նավից տեղեկություն էինք ստացել, որի համաձայն Ամստերդամում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զորի Բալայանը նշել է, որ 2004 թ.-ի ամռանը Հայաստանի եւ Վրաստանի լեռնային ճանապարհներով «Կիլիկիան» Փոթիի նավահանգիստ տեղափոխելիս իրենց գերխնդիրը միակն էրՙ Մատենադարանում պահպանված մանրանկարների հիման վրա կառուցված հայկական առագաստանավով 800 տարի անց հայկական պետական դրոշով անցնել Սեւ, Մարմարա, Միջերկրական ծովերը, Ատլանտյան օվկիանոսը եւ Հյուսիսային ծովով հասնել Ամստերդամ:

Դրա տրամաբանությունն, ըստ Զորի Բալայանի, պատմական էր. Ամստերդամը հայ նավաստիների ճամփորդության վերջին կետն էր: «Կատարելով այս նավարկությունը, մենք ամեն ինչից բացի շատ մեծ պատասխանատվություն ենք վերցրել հայրենիքի առջեւ. այս ողջ ժամանակահատվածում նավի տախտակամածին ծածանվում էր անկախ Հայաստանի պետական դրոշը», իր ելույթում նշել է Զորի Բալայանը:

Նա տեղեկացրել է, որ ճամփորդության ողջ ընթացքում ավելի քան 250 անգամ արեւածագի հետ բարձրացվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների եւ բոլոր այն երկրների դրոշները, որոնց տարածքում եղել է նավը: «Այսպիսով մեկնարկել է վերադարձի ճանապարհը. «Կիլիկիան» տուն է գալիս»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4