«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԲԱՔՎՈՒՄ ԳՅՈՒԼՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Դրա հետ նա «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունից պահանջել է չանտեսել 1 միլիոն ադրբեջանցի փախստականներին

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Բաքվում գումարվել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության արտգործնախարարների 33-րդ նստաշրջանը: Բացումը կատարել է նախագահ Իլհամ Ալիեւըՙ ընդգծելով ելույթում, որ մահմեդականությունն իբրեւ կրոն քարոզում է սեր, եղբայրություն եւ խաղաղություն, հետեւաբար չի կարելի իսլամը նույնացնել ահաբեկչության հետ: Նա միաժամանակ «հայկական օկուպացիայի հարցում աջակցության ակնկալիքով» դիմել է նստաշրջանի մասնակիցներին:

Ալիեւի դիմումի մասին թերեւս միայն նշում է թուրքական «Զամանը»: Ինչ վերաբերում է նստաշրջանի աշխատանքներին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի մասնակցությանը, ապա թուրքական թերթերը շրջանցելով նրա ելույթը, իրենց ուշադրությունը կենտրոնացնում են Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ վերջինի հանդիպմանը: Թե ինչով է պայմանավորված Գյուլի ելույթի շրջանցումը թուրքական մամուլում, դժվար է ասել: Բայց որ նա ելույթում անդրադառնալով Հայաստանինՙ արծարծել է Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքների հարցը, եւ դա թերեւս արձագանք է գտել միմիայն փոքրաթիվ տպաքանակ ունեցող «Թուրքիյե» թերթում, ակնհայտ է:

Հատկանշական է, որ ելույթի վերաբերյալ թուրքական հանրային հեռուստատեսության հարցերին պատասխանելիս Գյուլն առանց հիշատակելու ինչպես Հայաստանի, այնպես էլ գրավյալ տարածքների վերաբերյալ ելույթում կատարած անդրադարձի մասին, ընդգծել է Կիպրոսի եւ Արեւմտյան Թրակիայի թուրք ազգային փոքրամասնության հարցերում կազմակերպության անդամ երկրների աջակցության կարեւորությունը:

Թուրքիայի արտգործնախարարն, ըստ «Թուրքիյե» թերթի, դիմելով ներկաներին, տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար միասնության եւ համերաշխության կոչ է արել, ապա առանձնակի նշանակությամբ կարեւորել է Իրաքում էթնիկ եւ կրոնական խնդիրների կարգավորման, իսկ Պաղեստինում միասնության ապահովման անհրաժեշտությունը: Գյուլն անդրադարձել է նաեւ Կիպրոսի մահմեդական թուրքերի նկատմամբ կիրառվող շրջափակմանը, եւ բարեփոխումներն անխուսափելի է համարել իսլամական աշխարհի համար, այնուհետեւ նախազգուշացրել է Հայաստանին:

«Թուրքիյե» թերթի տվյալներով, Գյուլը Հարավային Կովկասում «սառեցված, չկարգավորված» խնդիրների առկայությունը դիտարկել է որպես կանխարգելիչ գործոնՙ ուղղված տարածաշրջանի կայունությանն ու ժողովրդավարությանը, ապա եւ ասել. «Չնայած հայկական օկուպացիայի 10 տարվա վաղեմությանը, առ այսօր սպասում ենք, որ Հայաստանն ազատի գրավյալ տարածքները»: Միաժամանակ նա հիշեցրել է իբր 1 միլիոն ադրբեջանցի փախստականների մասին, ավելացնելով. «Միջազգային այլ կազմակերպություններ կարող են անտեսել այս իրողությունը, սակայն չպետք է անտեսի «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը»:

Վերջում Գյուլը հարեւանների նկատմամբ հեռանկարային կառուցողական քաղաքականություն վարելու, միջազգային իրավունքի նորմերը հարգելու կոչ է արել Հայաստանին եւ նշել է, որ Թուրքիան այդ առումով շարունակելու է կատարել իր պարտավորությունները: Նույն օրը Գյուլին ընդունել է Իլհամ Ալիեւը: «Թուրքիյե» թերթի ստացած տեղեկության համաձայն, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության շուրջը, Ալիեւն ու Գյուլը քննարկել են այս նախագծին Հայաստանի «հավանական մասնակցության» հարցը:

Որքան էլ «Դեյ.ազ» կայքէջը շեփորահարի Գյուլի հայտարարությունը, թե նստաշրջանում յուրաքանչյուր ելույթ ունեցող ղարաբաղյան հիմնահարցում ակնհայտորեն աջակցեց Բաքվի դիրքորոշմանը եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը փորձագետների մակարդակով լուրջ փաստաթուղթ է պատրաստել հակամարտության վերաբերյալ, Թուրքիայի արտգործնախարարի ելույթի Հայաստանին եւ հայկական օկուպացիային առնչվող հատվածի շրջանցումը թուրքական թերթերի հրապարակումներում, առավել եւս հանրային հեռուստատեսության հաղորդումներում հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հատվածն ուղղված է եղել Ադրբեջանի լսարանին:

Հակառակ դրան, Ալիեւի հետ հանդիպմանը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցի քննարկումը պետք է համարել Գյուլիՙ միջազգային ուժերին հասցեագրած ազդանշանի դրսեւորում: Որքան էլ այդ ազդանշանը պայմանավորվի նախագծի ֆինանսավորումից հրաժարվելու այդ ուժերի մոտեցմամբ, այնուամենայնիվ, դրանով Գյուլը հակակշռում է ելույթում Հայաստանին ուղղված իր նախազգուշացումը, որի մասին ընդամենը նշել է «Թուրքիյե» թերթը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4