Այս հայտնի ճշմարտությունը հերթական անգամ հաստատեցին բանավիճող պատգամավորները
Դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման արդեն հավերժական դարձած թեման երեկ «Հայելի» ակումբում քննարկեցին ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Թաթուլ Մանասերյանը:
Ըստ Թաթուլ Մանասերյանի, 4 հիմնական գործոններ են ազդում փոխարժեքի վրաՙ երկրի տնտեսական աճը, միջազգային առանցքային արժույթների տատանումները, երկիր ներհոսող-արտահոսող գումարները եւ սուբյեկտիվ գործոնները: Այս գործոններից յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալով, պատգամավորն այն կարծիքը հայտնեց, որ ներկայիս արժեւորման համար երկրի տնտեսությունը պետք է 30 տոկոս տնտեսական աճ արձանագրի, ինչը չկա, միջազգային արժույթներըՙ մասնավորապես դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է տասնորդական նիշերով, իսկ մեզ մոտ շատ ավելի, ներմուծումն ավելացել է, ինչը պետք է արժեզրկեր դրամը: Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, ապա Թաթուլ Մանասերյանը նշեց, որ չի կարող միանշանակ մեղադրանքներ ներկայացնել, բայց եւ չի բացառում դրանք: Սուբյեկտիվ գործոնները պայմանավորվեցին այն բանով, որ մեր տնտեսությունը ստվերայնացված է եւ մենաշնորհային, ինչի հետեւանքով ստվերային մեծ շահույթ է ստացվում: Փոխարժեքի տատանումների ժամանակ, ըստ ելույթ ունեցողի, պետք է առաջացող ստվերային շահույթը հարկել եւ վերաբաշխել ճիշտ:
Գագիկ Մելիքյանն ընդունեց, որ առանձին սուբյեկտիվ գործոններ կարող են տվյալ պահին ազդել փոխարժեքի տատանումների վրա, իսկ դոլարի արժեզրկումը եվրոյի նկատմամբ կազմել է մոտ 30 տոկոս: Այդ տարբերությունը գրեթե համարժեք է դրամի արժեւորմանը դոլարի նկատմամբ: Սուբյեկտիվ ազդեցություններ կարող են ունենալ վարկային, ֆինանսական կազմակերպությունները, փոխանակման կետերը, դրամական խոշոր հոսքեր ենթադրող միջոցառումները, օրինակՙ «Վերջին զանգը» կամ նախատոնական առեւտուրը տարեվերջին:
Նախատոնական առեւտրի առնչությամբ հիշատակելով նախորդ տարեվերջը, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այդ ժամանակ տեղի ունեցավ հակառակը, դրամը արժեւորվելու փոխարեն արժեզրկվեց: Դա, պատգամավորի համոզմամբ, տեղի ունեցավ Կենտրոնական բանկի ինտերվենցիայի հետեւանքով, որը նպատակ ուներ պահպանել բյուջեում ամրագրված փոխարժեքի չափը: Ընդհանրապես, ըստ Թաթուլ Մանասերյանի, փոխարժեքը մեր երկրում տատանվում է ոչ թե տնտեսական օրինաչափությունների, այլ պարադոքսների հետեւանքով: «Ստվերն այնքան մեծ է եւ մենաշնորհներն այնքան շատ, որ տնտեսությունը դառնում է անկառավարելի եւ կախված մի քանի անձանց կամքից», շեշտեց պատգամավորը:
Առաջիկա 2-3 տարիներին դոլարը արժեզրկվելու է, մասնավոր փոխանցումները շարունակելու են Հայաստան ներհոսել: Սա Գագիկ Մելիքյանի կարծիքն էր: Կենտրոնական բանկը, ըստ նրա, պետք է միջամտի միայն կտրուկ տատանումները մեղմացնելու համար, ինչին համաձայնեց նաեւ Թաթուլ Մանասերյանը: Գագիկ Մելիքյանը կորուստներից խուսափելու համար խորհուրդ տվեց գումարները պահել դրամով, իսկ «ավելի ճիշտՙ տարբեր արժույթներով»:
«Ազգի» հարցն ուղղված բանախոսներին հետեւյալն էր. «Երեք տարվա ընթացքում դրամի շուրջ 25 տոկոս արժեւորումը հնարավո՞ր է, որ լինի արհեստական»:
Գագիկ Մելիքյանի կարծիքով, դրամի արհեստական արժեւորումը եւ երեք տարվա ընթացքում այդպես պահելը հնարավոր չէ, եւ դա բնական գործընթաց է:
Թաթուլ Մանասերյանը սակայն խուսափեց հարցին ուղղակի պատասխանելուց: Նա նշեց, որ եթե արժեւորումն արհեստական է լինում, ապա Հայաստանի ղեկավարները չեն կարող ցույց տալ տնտեսական աճ: Այնուհետեւ պատգամավորն ավելի ընդհանրացնելով իր պատասխանը, ասաց, որ ինքը լավատես է առ այն, որ Հայաստանը գնալու է դեպի նորմալ տնտեսական զարգացում, քանի որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները ստիպում են գնալ տնտեսության զարգացման, մենաշնորհների վերացման եւ մրցունակության բարձրացման ճանապարհով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ