«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ

Այս տարվա մայիսի 25-ին «Գործադուլ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում» վերնագրով տեղեկության մեջ հայտնել էինք, որ վերոնշյալ ֆաբրիկայում գործադուլ է տեղի ունեցել, որի պատճառը մի քանի ամիս չվճարված աշխատավարձերի պարտքերն էին: Այդ առթիվ խմբագրություն էր զանգահարել Ախթալայի ԼՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վարդան Պապյանը եւ հերքել ինչպես գործադուլի, այնպես էլ չվճարված աշխատավարձերի մասին մեր ունեցած տեղեկատվությունը: Ախթալայի ֆաբրիկայի ներկայացուցչի այս պարզաբանումները ներկայացրել էինք մայիսի 31-ին («Ֆաբրիկան շարունակում է աշխատել»):

Վերոնշյալ երկու հրապարակումների կապակցությամբ երեկ հետաքրքրական նոր տեղեկություններ ստացանք Ախթալայից: Համաձայն այդ տեղեկությունների, մայիսի 25-ի մեր հրապարակման մեջ նշված փաստերը աշխատավարձերի վճարման ուշացումների մասին համապատասխանում էին իրականությանը, քանի որ հրապարակման հաջորդ օրը ֆաբրիկայի աշխատակիցները ստացել են ուշացած աշխատավարձերը: Այդ փաստը, բնականաբար, հաճելիորեն զարմացրել է ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք, ճիշտ է, չէին դիմել գործադուլի, բայց նման մտադրություններ են ունեցել: Ամեն դեպքում, ուրախալի է, որ մեր հրապարակումը դրական արդյունք է տվել եւ նպաստել ֆաբրիկայի աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4