«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԲԺԻՇԿՆԵՐԸ ՆԱԽ ԻՐԵՆՑ ԹՈՂ ԲՈՒԺԵՆ

Համակարգիչը հետ կվերցնեն, եթե դրժեն պայմանն ու սկսեն ծխել

Հայկական բժշկական ասոցիացիան հակածխախոտային պայքարի վեկտորն ուղղել է դեպի մայրաքաղաքի պոլիկլինիկաները: Երեւանի 30 պոլիկլինիկաներ մոնիտորինգային հետազոտության են ենթարկվել: Բայց նպատակը ոչ միայն պարզելն է, թե նրանցից որն է շատ կամ քիչ ծխում, այլեւ բուժաշխատողների ակտիվ ներգրավումը վնասակար սովորույթներից առօրյան բեռնաթափելու պայքարում: Հետաքրքրական է, որ բժշկական բուհական հաստատություններից եւ ոչ մեկում ծխախոտամոլության դեմ հակազդեցության որեւէ մեխանիզմ չի ուսուցանվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2004 թվականի հոկտեմբերի 12-ին: Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին օրենքն ընդունվել է նույն տարվա դեկտեմբերի 24-ին: Այնուամենայնիվ, ինչպես դիպուկ բնորոշեց Հայկական բժշկական ասոցիացիայի հասարակության հետ կապերի հանձնախմբի նախագահ Վահե Տեր-Մինասյանը, Հայաստանում «օրենքը գրվել է, բայց տեղ չի հասել»: Ծխախոտը շարունակում է ընկալվել որպես կենցաղի միապաղաղությունը կոտրող, նյարդային գրգռվածությունը վերացնող եւ պարզապես փոքրիկ հաճույք պատճառող սովորույթ, որի իշխանությունից երբեմն անհնար է դուրս գալ: Եվ ինչքան աղքատ ու նյարդային, այնքան ավելի համառորեն են մարդիկ ձեռք մեկնում ծխախոտին:

Ըստ մոնիտորինգի, ամենածխախոտամերժ պոլիկլինիկան թիվ 22-ն է, որի համար եւ պարգեւատրվեց համակարգիչով ու սերտիֆիկատով: Սակայն ծրագիրը հովանավորող Բաց հասարակության ինստիտուտը միաժամանակ զավեշտական մի պայման էր փոխանցել, թե համակարգիչը հետ կպահանջի, եթե պոլիկլինիկայում փոխեն սովորույթն ու հանկարծ սկսեն ծխել:

Հաղթողին որոշելիս հաշվի է առնվել գլխավոր հանգամանքը` որքանով են այս հաստատություններում խախտում հակածխախոտային օրենքը: Ծրագրի մասնակիցները հարցը պարզաբանելու համար նույնիսկ «փորփրել» են պոլիկլինիկաների ներսի աղբամանները, բուժաշխատողներին հետեւել միջանցքներում ու առանձնասենյակներում: Հիվանդանոցներում վերջին տարիներին գրեթե անխախտ ավանդույթ է դարձել ծխախոտի արգելքը, գոնե դրսի այցելուների համար: Երեւանի պոլիկլինիկաներից 5-ում, այնուամենայնիվ, արձանագրվել են միջանցքներում ծխախոտ օգտագործելու դեպքեր: Եվ ի տարբերություն հիվանդանոցների, որոնց առաջին հարկերում կամ կից գործող վաճառասրահներում ծխախոտ վաճառվում է, պոլիկլինիկաներում ծխախոտ չեն վաճառում:

Հետո, միջոցառման ավարտին 30 պոլիկլինիկաների տնօրեններն, ի նշան հակածխախոտային համերաշխության, ստորագրեցին Բժշկական մասնագիտական կազմակերպությունների հակածխախոտային կանոնակարգը: Այն ընդունել եւ ստորագրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Ծխախոտի վերահսկմանը եւ բժշկական մասնագետներին նվիրված ոչ ֆորմալ հանդիպման մասնակիցները 2004 թվականի հունվարի 28-30-ին, Ժնեւում: Սակայն ուշագրավ մի իրողություն է առկա. Հայաստանում ծխախոտին պատերազմ հայտարարած բժիշկներն իրենք ավելի շատ են ծխում, քան այլ մասնագիտությունների ու կոչման մարդիկ: Համենայն դեպս, այդպիսին են վիճակագրական ուսումնասիրությունները: Այնպես որ, իրենց հաճախորդներին ծխախոտի վարակից բուժելուց առաջ բուժաշխատողները նախ իրենք իրենց պիտի կարողանան բուժել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4