ԱՐՄԱՎԻՐ, 20 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտը Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (ԱԳԶԿ) հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիսի 20-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում բացեց ոռոգման հետազոտական լաբորատորիա: Ինչպես լրագրողներին հայտնեց ԱԳԶԿ-ի տնօրեն Ջեֆրի Էնգելսը, Հայաստանում կան 2 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ, եւ իրենց համար շատ դժվար է բոլորին օգնել: Ուստի, ըստ նրա, այդ գործառույթը կդրվի համալսարանի վրա, քանի որ այն ավելի ճիշտ կկողմնորոշվի գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքում:
«Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտի պետ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ լաբորատորիան հնարավորություն կտա ոռոգման բնագավառում կիրառվող հնարավոր բոլոր տեխնոլոգիաները միաժամանակ ցուցադրելու, հետազոտելու, տեղում ուսուցում կազմակերպելու եւ խորհրդատվություն մատուցելու: Լաբորատորիան սպասարկում է 1,5 հա տարածք, որտեղ մշակվում են բազմամյա տնկարկներ, խաղողի այգիներ, հացահատիկային մշակաբույսեր: Այդ տարածքում տեղադրված են 10 միավորից ավելի ոռոգման տեխնիկա: Ըստ Գ. Եղիազարյանի, եթե ոռոգման ջրի կորուստները բաց դաշտում կազմում են 30-40%, ապա այս համակարգի ներդրման դեպքում բացառվում է ջրի կորուստը:
Նշվեց, որ անհատների համար ֆինանսապես դժվար է ներդնել նման համակարգեր, սակայն մի քանի ֆերմերներից կազմված խմբին այն բավականին շահավետ է: Օրինակ, հաշվարկները ցույց են տվել, որ 1 հա կաթիլային ոռոգման ցանցով ոռոգելու համար կպահանջվի 1,5 հազար դոլար: