Բարբարոսի պես, բարբարոսի..
Թբիլիսյան խճուղուն հարող աջ ու ձախ հատվածներն անկախացմանը հաջորդած դժվար տարիներին մարդկանց կերակրելու միջոց դարձան: Ամայի տարածքում մարդիկ պտղատու ծառեր տնկեցին ու անտառայգիներ հիմնեցին: «Ազգի» անցած տարվա մի հրապարակման մեջ արդեն պատմել ենք, թե ինչ պատահեց Զաքարիա Սարկավագի 151/4 շենքի բնակիչների հետ, որոնք մայրուղու մի թեւի վրա պտղատու այգի էին գցել, եւ որն ավերվեց ավտոտեխսպասարկման կայան կառուցելու նպատակով:
Քաղաքի այս հատվածը շարունակում է մնալ գործարարների վտանգավոր ուշադրության կենտրոնում:
Երեւանի կենտրոնական թաղամասերից մեկում` Պարոնյան փողոցի վրա էր ապրում Աիդա Վանեսյանի ընտանիքը: Չէին դիմանա, եթե ապրելու հնարը այգին չդարձնեին: 1990 թվականին մայրուղու մի թեւի վրա մյուսների նման այգի գցեցին` 1200 քմ տարածքը պատելով 300 պտղատու ծառերով: Սրանցից զատ նաեւ պետական նախաձեռնությամբ տնկված մոտ 50 դեկորատիվ եւ պտղատու ծառեր կային շրջակայքում: Այսօր նրանցից միայն հուշը եւ տիկին Աիդայի տնակի մոտ կուտակված չոր ճյուղերի կապուկներն են մնացել: Թզենուց բացի, ամեն ինչ ունեին, իսկ այգին չորս կողմից օղակված էր մոշի ու մորու թփերով: Շատերի նման ինքնակամ էին վերցրել տարածքը, առանց օրինական ձեւակերպումների, բայց օրենքը հետո օրինականացնելու հնարավորություն տվեց: Անհետեւողականության թե այլ պատճառով չհասցրեցին, իսկ երբ անցած տարվա ձմռանը կրկին դիմեցին, մերժում ստացան:
Սակայն նույնիսկ եթե հողն առանց իրավական փաստաթղթերի է օգտագործվում, հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը ամրագրում է` ավելի քան 10 տարի անընդմեջ, նույնիսկ առանց իրավաբանական ձեւակերպումների հող օգտագործողներն այդ տարածքից հող ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն: Սակայն հողամասը, քաղաքապետի անցած տարվա դեկտեմբերի 2-ի որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվեց «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ին եւ հաջորդ տարի արդեն նաեւ շինարարության թույլտվություն տրվեց նրան:
Այն, ինչ կատարվեց հունվարի 19-ին, ե՛ւ Վանեսյանը, ե՛ւ շրջակայքի բնակիչները պատմում են ծանր երազի նման: Քանդող բրիգադը մոտ 20 ոստիկանի ներկայությամբ ու հովանավորությամբ էքսկավատորը գցել է այգու մեջ, սղոցել ու արմատախիլ արել ծառերը, հիմնիվեր ավերել այգին, վնասել նաեւ Կորեայի ձոր կոչվող թաղամասի ոռոգման ջրի խողովակները: Հետո 7 օր ձյան տակ բետոն են թափել եւ բնակիչների աչքի առաջ նախկին ծաղկող այգին փակել հսկայական ցանկապատով: Հիմա այստեղ անդամահատված ծառերի մնացորդներ են, այս ու այն կողմ ցրված չորացած ճյուղերի բլրակներ, որոնց մի մասը տիկին Աիդան ձմռան ցրտերին ցավը սրտում վառեց փոքրիկ տնակի ինքնաշեն վառարանում:
Գիտակցության նախնական մակարդակից չբարձրացած մարդը միայն կարող է այսպես անգթորեն ոչնչացնել կանաչ օրգանիզմը, որ իր նման շունչ է, եւ ավելին, պիտի օգնի իրեն ու իր զավակին մի քիչ երկար ու առողջ ապրել:
Հակառակ հողային օրենսգրքի պահանջների, հողամասերը շարունակում են օտարել կամ վարձակալության տալ աճուրդների կամ մրցույթների միջոցով: Եվ սա արդեն քաղաքաշինական արատավոր ավանդույթ է դարձել: Տվյալ դեպքում նույնիսկ աճուրդ էլ չի կայացել: Իրավասու ատյաններին Աիդա Վանեսյանի հղած տասնյակ դիմումների մեջ նույն պատասխանն է, որ հողամասը փոխանակվել է Վարդանանց փողոցին հարող տարածքում «Իմեքս գրուպին» պատկանող 280,0 քմ հատվածի հետ: Ուրիշ ոչ մի բացատրություն:
Նրա բազմաթիվ բողոքների միակ գործնական արդյունքը միաբովանդակ պատասխաններն են: Տիկին Աիդան մտադիր է հետեւել դրանցում հաճախակի հիշատակվող խելամիտ առաջարկին` դատարան տալ քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Իսկ եթե այս անգամ էլ չհաջողվի, շատերի նման կդիմի նաեւ Եվրոդատարան: Սցենարները կրկնվում են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ