«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՃ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Հունվար-մայիսին արձանագրված 10,5 տոկոս տնտեսական աճի համատեքստում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2006 թ.-ի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին 5 ամիսներին տնտեսական (համախառն ներքին արդյունքի) աճը կազմել է 10,5 տոկոս: Ընդ որում, ապրիլ ամսվա նկատմամբ մայիսին արձանագրվել է առավել պատկառելիՙ 33 տոկոսով աճ:

Ըստ տնտեսության ճյուղերի, ամենամեծ աճն արձանագրվել է շինարարության ոլորտումՙ 41,7 տոկոսով, իսկ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսըՙ 33,8 տոկոսով: Ապրիլ ամսվա համեմատ մայիսին շինարարության ծավալներն աճել են 73,5 տոկոսով, շահագործման հանձնված բնակմակերեսըՙ 61,5 տոկոսով: Այնուհետեւ գալիս են ծառայությունների ոլորտը, որն աճել է 18,2 տոկոսով, առեւտուրըՙ 13,5 տոկոսով, գյուղատնտեսությունըՙ 1,8 տոկոսով: Գյուղատնտեսությունը մայիսին ապրիլի համեմատ աճել է 40 տոկոսով, ինչը պայմանավորված է սեզոնային գործոնով:

Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը անկում է արձանագրել 1,9 տոկոսով: Մայիսին ապրիլի նկատմամբ այդ անկումը փոքր-ինչ նվազ է եղելՙ 0,8 տոկոսով: Առանց էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրության, արդյունաբերական արտադրանքը նվազել է ընդամենը 0,2 տոկոսով, իսկ առանց ադամանդագործական արտադրանքիՙ փոքրիկ աճ է ունեցելՙ 1,4 տոկոսով: Այդուհանդերձ, եթե արդյունաբերության արտադրանքի ծավալներն անգամ չնվազեն եւ պահպանեն նախորդ տարվա նույն տեմպերը, դա լուրջ մտահոգության առարկա պետք է դառնա, չխոսելով արդեն նվազման ցուցանիշների մասին:

Արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 9,7 տոկոսով: Արտահանումը թեեւ մայիսին ապրիլի նկատմամբ աճել է 22,3 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 4,6 տոկոս (հունվար-ապրիլին անկումը կազմել էր 7,8 տոկոս): Ներմուծումն աճել է 17,4 տոկոսով, իսկ մայիսին ապրիլ ամսվա նկատմամբՙ 12,6 տոկոսով:

Սպառողական գներն անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 5,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբՙ նվազել 0,7 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել 58,7 հազար դրամ, ոչ բյուջետային ոլորտումՙ 71,7 հազար դրամ, բյուջետայինումՙ 41,6 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին աշխատավարձն աճել է 20,2 տոկոսով, ոչ բյուջետայինըՙ 16,9 տոկոսով, բյուջետայինըՙ 24,8 տոկոսով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4