«Սովորիր տեսնել քեզ շրջապատող աշխարհը, գնահատել գեղեցիկը: Արտաքուստ փոքր ու աննշան թվացող երեւույթների մեջ կարողացիր գտնել յուրահատուկն ու յուրօրինակը` այն, ինչը հաճախ շատերը չեն էլ նկատում»: Սա անվանի լուսանկարիչ եւ բանասեր Լեոնիդ Մայիլյանի հորդորներից է, ում մահից քսան տարի անց նրա աղջիկը` երգչուհի Աննա Մայիլյանը, առիթ ընձեռեց հոր արվեստը գնահատողներին մեկ անգամ եւս առնչվել նրա լուսանկարների հետ:
Հունիսի 20-29-ը անցկացվող «Անակնկալների շաբաթ» ավանգարդ ստեղծագործողների փառատոնը մեկնարկեց երեկ` ազգային պատկերասրահում լուսանկարչի մոտ երեք հարյուր լուսանկարների ցուցադրությամբ եւ նրա լուսանկարների հիման վրա հավաքված տեսաերիզի` ֆիլմ-կոլաժի ցուցադրությամբ: Հոր մահից հետո աղջիկը խոստացել է բացել տաղանդաշատ արվեստագետի լուսանկարների ցուցահանդեսը, որը տարիներ անց իրագործեց:
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լեոնիդ Մայիլյանը իր ֆոտոռեպորտաժներով թղթակցել է «Ավանգարդ», «Կոմունիստ» եւ «Կոմսոմոլեց» թերթերին, «Սովետական Հայաստան» ամսագրին, ինչպես նաեւ աշխատել է «Տնտեսագետ» թերթում: Անվանի լուսանկարիչը եղել է ժուռնալիստների միության անդամ, ղեկավարել է մայր բուհի կինոֆոտոլաբորատորիան, իսկ 1984 թ-ից մինչեւ կյանքի մայրամուտն աշխատել է հայ հեռուստառադիոպետկոմի «Երեւան» ստեղծագործական միավորումում:
Առանց բացառության ցուցահանդեսին ներկայացվել էին Լեոնիդ Մայիլյանի թղթակցային, գեղարվեստական, անգամ ընտանեկան լուսանկարները: «Հայրս երբեք չի հետեւել նրան, ինչը պարտադրել են: Նույնիսկ գործարանային նկարներին նա մոտենում էր գեղարվեստորեն: Հորս նկարները շատ մաքուր, գուցե նաեւ միամիտ են», նշեց երգչուհի Աննա Մայիլյանը:
«Սաղմոս» մշակութային միության կազմակերպած փառատոնի շրջանակներում, որին մասնակցում են հայ, ֆրանսիացի եւ գերմանացի արվեստագետներ, կներկայացվեն նաեւ ցուցահանդեսներ, ֆիլմեր, իսկ Ֆրանսիայից եւ Գերմանիայից ժամանած կոմպոզիտորներն ու երաժիշտները ունկնդրին կներկայանան համերգային ծրագրով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ