«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ ԵՆ ՀՐԱՇԱԼԻ

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը օրերս է վերադարձել Կանադայի Մոնրեալ քաղաքից, որտեղ Լեոնարդո դա Վինչիի անվան սրահում խաղացել են երեք ներկայացում` Հ. Պարոնյանի «Բաղդասար Աղբար», «Շողոքորթը» եւ «Պահանջվում է ստախոս»: Պարոնյանցիները արդեն երկրորդ անգամ հրավիրվում են հյուրախաղերի: Հրավիրող կողմերը` Կանադայի Թեքեյան մշակութային միությունը, սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովվապետական կազմը եւ պոլսահայերի միությունը պարոնյանցիներին ընդունել են բարձր մակարդակով ու առանձնակի ջերմությամբ: Ինչպես պատմում էր Հ. Պարոնյանի թատրոնի գեղ. ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, «Կանադայի համայնքը իր կազմակերպչական մակարդակով ու հավաքական լինելով շատ տպավորիչ էր, մի բան, որը տարիների իմ այցելությունների ընթացքում տարբեր երկրներ, անմիջապես զգացել եմ. որ երկրում եկեղեցին ուժեղ է` համայնքը նույնպես ուժեղ է ու համախմբված է եկեղեցու շուրջը: Ահա Կանադայում նույնպես գերաշնորհ սրբազան հայրը եւ տեր Վազգեն քահանան կարողացել էին համայնքը համախմբել: Հյուրախաղերը այնքան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում էին անցնում, որ մեր հայրենակիցները հիացած մեր ներկայացումներից, մի քանի օր հետո կրկին հյուրախաղերի առաջարկ արեցին»: Պրն Ղազանչյանը շատ կարեւորեց թատրոնների հյուրախաղերը, գոնե տարին 2-3 անգամ, որովհետեւ հյուրախաղերի ընթացքում բազմաթիվ խաղացված ներկայացումները յուրովի ու նորովի է ընդունվում, որն անշուշտ երկարացնում է ներկայացման կյանքը: Պարոնյանցիները մի քանի ամսից կմեկնեն ԱՄՆ հյուրախաղերի այս անգամ ընդլայնված կազմով: Ութ օր տեւած հյուրախաղերից ջերմ ու անջնջելի տպավորություններով են վերադարձել պարոնյանցիները ու այժմ պատրաստվում են նոր հյուրախաղերի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4