Մոսկվայում կայացած խորհրդաժողովում Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ընկերությունը շրջանային հասարակական կազմակերպությունից վերափոխվել է միջշրջանայինի: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տվյալներով, անվանափոխված ընկերությունն այժմ կոչվում է Ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության ընկերություն:
Հինգ տարով ընկերության նախագահ է վերընտրվել ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, գրող, քաղաքագետ Վիկտոր Կրիվոպուսկովը:
Խորհրդաժողովը ՌԴ ղեկավարությանը եւ ժողովրդին կոչ է արել դատապարտել 2005 թ. դեկտեմբերի 25-ին Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական միջնադարյան գերեզմանատան եւ համաշխարհային քաղաքակրթության արժեք 4000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը: Պատգամավորները Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին հորդորել են Ղարաբաղի խնդիրը լուծելու քաղաքական կամք դրսեւորել եւ վերհիշել բարիդրացիության ժամանակները:
Միեւնույն ժամանակ դատապարտվել են Մոսկվայում եւ այլուր հայերի սպանությունների դեպքերը եւ ռուսաստանցի իրավապահների անտարբերությունն ու անճարակությունը: