Հունիսի 2-ին Ռոյալ Օուքի Բոմոն հիվանդանոցում 76 տարեկանում վախճանվել է Ֆարմինգտոն Հիլզում (Դետրոյթ) բնակվող դեղագործ Արմեն Հովնանյանը:
Էքրոնում (Օհայո) ծնված Հովնանյանը իր ընտանիքի հետ Դետրոյթ է տեղափոխվել դեռ մանուկ հասակում: 13 տարեկանում մի դեղատան մեջ աշխատելով նա հաստատ որոշում է ինքն էլ հետագայում դեղագործ դառնալ: Ավարտելով նախ տեղի սենտրալ հայսքուլը եւ ապա տեխնոլոգիական ինստիտուտը եւ մասնագիտանալով դեղագիտության մեջ, նա 70-ական թվերին դառնում է Միչիգանի ամենամեծ դեղագործական խանութների շարքի ղեկավար դեմքերից մեկը, հասնելով մինչեւ գործադիր փոխտնօրենի պաշտոնին: Նրա արտակարգ փայլուն ընդունակությունների շնորհիվ ստեղծվել են դեղատների համակարգ, որտեղ բացի դեղորայքից վաճառվում են նաեւ այլ կենցաղային ապրանքներ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին 2 տարի ծառայել է ամերիկյան բանակում: Եղել է «Դետրոյթ թայգըրզ» բեյսբոլի խմբի երկրպագուներից: Պաշտել է դասական երաժշտությունը: Այս մասին է հաղորդել «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Ազգը» խորապես ցավակցում է հանգուցյալի տիկնոջը, որդուն, հարազատներին եւ ընկերներին:
Հ. Ծ.