Հետադարձ հայացք 15 տարվա հեռավորությունից
Բոլորեց հողի մասնավորեցման 15 տարին: Ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում գյուղացու կյանքում եւ ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմնի մոտեցումներում, պետական դիրքորոշումներում եւ ծրագրերում: Այս մասին թերեւս ամենաճիշտը կասի հենց ինքը` հող մշակող մենատնտես գյուղացին, որի մեկուսացած փոքրիկ հողակտորը չի կերակրում իր ընտանիքին, իսկ ճյուղը ղեկավարող պատասխանատուներն արդեն երկու տարի նույնպես սկսել են խոսել մասնատված հողակտորների միավորման անհրաժեշտության մասին, դրանով իսկ հաստատելով հողամշակության համակարգի աննախադեպ նահանջը:
Ընդհանուր առմամբ պետական գյուղատնտեսական քաղաքականության մասին խոսելն ուղղակի ավելորդ ժամանակավաճառություն է, որովհետեւ հողի մասնավորեցումից հետո այդ ոլորտը ղեկավարող գերատեսչությունը պաշտոնապես հանդես է գալիս որպես միջնորդ բանկերի կամ վարկերի եւ գյուղացու միջեւ եւ ոչ ավելի: Ասել է թեՙ ստանձնել է բրոկերի դերը, որի նպատակը, ինչպես հայտնի է, մեկն է` արագ կազմակերպել առք ու վաճառք եւ շահույթ կորզել: Իսկ որ երկրի հողատարածքներն օր-օրի անապատացվում եւ շարքից դուրս են գալիս, դա արդեն գյուղացու մեղքն է եւ ոչ թե պետության:
Անժխտելի է, որ մենք ունենք պատմական հիշողություն, ավելի ճիշտՙ ողբերգական հիշողություն: Պատմության ընթացքում (նույնիսկ ամենաբախտորոշ պահերին) մեր շտապողականությունը, գայթակղությունը, քաղքենիական մոդայականությունը եւ ձգտումները դեպի օտար, չճանաչված գաղափարները երբեք կանգ չեն առել, սեփականը քանդել եւ տեղը դատարկություն ենք կառուցել, անհայտ, անիմաստ, անկանխատեսելի, ապազգային: Ամեն մի այդպիսի վերափոխումից հետո էլ ավելի ծանր կացության մեջ ենք հայտնվել: Պատմության դառը փորձը մեզ փաստորեն դաս չի տվել եւ հերթական անգամ նույն սխալը նորից ենք կրկնել: «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» դրսեւորումը մշտապես ուղեկցել է մեզ, դրա համար էլ քարը քարի վրա չի մնացել: Հիշենք թեկուզ 75 տարի առաջ իրականացված բոլշեւիկյան «կամավոր» կոլեկտիվացումը, որը մեզ մոտ նորից ընթացավ կատեգորիկ ու կայծակնային արագությամբ, տոտալ կուլակաթափության եւ տեռորի համազարկերի տակ (թեպետ տարիներ անց նկատելի դարձավ, որ մեր լեռնային պայմաններում հողերի միավորված մշակությունը հանգեցրեց որակական մեծ թռիչքի): Այդ երեւույթը (զարմանալիորեն թե օրինաչափ կերպով) նույն ձեւով կրկնվեց նաեւ 1991 թվականին, բայց հակառակ ուղղությամբ:
Բոլորիս է հայտնի, որ ժամանակին (1991 թ.) հողի մասնավորեցումը տեղի է ունեցել պատերազմական իրադրության (12 շրջաններում իսկական պատերազմ էր), հանրապետության շրջափակման եւ տնտեսական ու էներգետիկ խոր ճգնաժամի պայմաններում: Մասնավորեցումը իրականացվում էր հապճեպ (կարծես ընկել էին հետեւներից), խուճապային մթնոլորտում, բագրատյանական «որքան արագ, այնքան լավ» գլխավոր կարգախոսով: Ժողովուրդը չըմբռնեց, որ հողի մասնավորեցման խնդիրն այստեղ նպատակ էր, առիթ` ազգային ունեցվածքի ալան-թալանը կազմակերպելու համար: Եվ դարձյալ «կամավոր» սկզբունքով: Նույնիսկ հաշվի չառնվեցին դրական հաշվեկշիռ ունեցող շատ տնտեսությունների (կոլեկտիվ թե պետական) բարվոք վիճակն ու բարձր ագրոնոմիական ցուցանիշները, ժողովրդի կարծիքը: Հրահանգը իջեցված էր եւ ամեն գնով պետք է իրագործվեր: Մինչդեռ հողի մասնագետները, փորձված ու հեռատես գյուղացիները մշտապես զգուշացրել են, որ հողերի արհեստական մասնատումը եւ մանր հողակտորների բաժանումը լուրջ սպառնալիք են ստեղծում ագրոէկոհամակարգերի կայունության եւ հողի բերրիության համար: Հողերի մասնատումը խախտել է հողամշակության հաստատված համակարգն ու բույսերի ցանքաշրջանառությունը, ուժեղացրել անհերթափոխ (մոնոկուլտուր) շահագործումը եւ որպես հետեւանք առաջ բերել նրանց կենսաակտիվության եւ բերրիության անկում, համատարած հոգնածություն եւ մոլախոտապատվածություն, մշակաբույսերի բերքի անվերապահ նվազում, երկրագործական շրջանառությունից հողատարածքների դուրս մղում: Եվ այս ամենի պատճառն այն է, որ փոքր հողակտորներում գյուղացին ի վիճակի չէ կիրառել ցանքաշրջանառություն, իրականացնել հողապահպանական միջոցառումներ, ապահովել մշակության ագրոտեխնոլոգիական համալիրը: «Հողի մասնավորեցման հայկական տարբերակը» մեզ համար աղետ էր, մյուսների համար` փորձ, երրորդների համար` դաս:
Զարմանալի է, որ հողի մասնավորեցման հայկական տարբերակում բացառված էր նաեւ հողի մշակության բազմակացութաձեւային մոտեցման կիրառությունը, մոդել, որը կապիտալիստական արտադրաեղանակին բնորոշ ազատ մրցակցային դաշտի ձեւավորման ամենասուրբ սկզբունքը եւ հիմնական բաղադրիչն է: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը (2002 թ.) հավերժ դատապարտված է առանց հողի կենսաբանական ֆունկցիայի վերականգնման: Հայկական հողամշակության ներկայիս պրակտիկայում ակնհայտ են դարձել արգելակող երկու կարեւոր հանգամանքները: Առաջինը` հողերի տրոհվածությունը, որն ինտենսիվ գյուղատնտեսությունը հետ է շպրտել էքստենսիվ մակարդակի վրա, եւ երկրորդըՙ միմյանց հետ պետք է մրցակցեն ոչ թե միայն գյուղացիները, այլեւ առաջին հերթին ընդունված հողամշակության համակարգերն ու տեխնոլոգիաները, որոնք բացակայում են: Առանց նորագույն եւ համակողմանի տեխնոլոգիաների կիրառության գյուղատնտեսության առաջընթացի մասին խոսելը նման է այն բանին, որ կովից ակնկալենք ավելի շատ կաթ, անընդհատ քչացնելով նրա կերի օրաբաժինը: Իսկ այդպիսի տեխնոլոգիաների կիրառությունը նախ մենատնտես գյուղացու ուժից եւ հնարավորություններից վեր է, եւ երկրորդ, փոքր հողակտորների պայմաններում հնարավոր չէ: Հողատարածքների խորացող դեգրադացիայի համատարած ֆոնի վրա հայտարարել, որ մեր պարենային անկախությունը 50 տոկոսից բարձր է, իսկ 10 տարի հետո կբարձրանա 75 տոկոս, կամ ուրախանալ, որ սեփական հացով ապահովված ենք 50 տոկոսով, երբ հացահատիկի ցանքերը 1990 թվականի հետ (130-135 հազ. հա) համեմատած ավելացել են մոտ 80 հազար հեկտարով (բայց քողարկելով միավոր տարածության վրա բերքի համատարած անկումը), նշանակում է շարունակել մարդկանց աչքերին թոզ փչելու Խորհրդային Միության հնարքը: Ընդհանրապես գյուղնախարարության կողմից ամեն տարի հրապարակվող գյուղատնտեսական արտադրանքի տվյալները չի կարելի հավաստի համարել, որովհետեւ գյուղացիական տնտեսությունները պետական վերահսկողությունից բացարձակ դուրս են, եւ բացի այդ, գյուղացին ոչ մեկին չի հայտնում իր ստացած բերքի չափի մասին: Ստացվում է, որ ոլորտի գերատեսչության հրապարակած թվերը ուղղակի նկարված են եւ ոչ մի կապ չունեն իրականության հետ:
Հողը մարդու կենսական տարածքն է, նրա ամենաթանկ կապիտալը եւ մթերքների 95 տոկոսը ստացվում է հողից: Իսկ մեզ` ծով չունեցող հայերիս համար հողն ապրելու միակ կենսական աղբյուրն է, որի ավելի քան 40 տոկոսը չի մշակվում: Մի՞թե կարող է գյուղացին հող մշակել 3-4 տարբեր տեղերում, որոնք շատ դեպքերում իրարից հեռու են 5-10 կմ-ով: Ծայր աստիճան դժվարացել է (գրեթե դարձել է դժոխային) ոռոգման ջրի ապահովումը: Ոռոգման ջուրը, որպես անփոխարինելի պաշար, նույնպես դուրս է եկել պետության վերահսկողությունից եւ դարձել կեղտոտ առեւտրի առարկա, առանձին մարդկանց կամայականության միջոց: Ոռոգման նորմայի որոշման մեջ ոչ մի դեր չեն խաղում ոչ մշակաբույսերի առանձնահատկությունները եւ ոչ էլ գոտիականությունը (հողակլիմայական պայմանները): Գյուղն ուղղակի ապրում է անարխիայի եւ ջունգլիի օրենքներով: Իշխանությունների հովանավորած մարդը լպիրշ կերպով կարող է կտրել ամբողջ գյուղի բնակչության ջուրը եւ ոչ մի պատասխանատվության չենթարկվել: 1991 թ. համեմատ (320 հազ. հա) ներկայումս ոռոգվող հողատարածքները 100 հազար հեկտարով պակաս են:
Ցանքաշրջանառության խախտման եւ անհերթափոխ (մոնոկուլտուր) մշակության հաստատման հետ ավելացել են բույսերի հիվանդություններն ու վնասատուները (որոնց թվում նաեւ կրծողները), նվազել հումուսային պաշարները: Հողերի մի մասը չի մշակվում մեխանիզմների բացակայության եւ օր-օրի թանկացման պատճառով: Կան շատ գյուղեր, որտեղ ոչ մի աշխատող տրակտոր, սերմազտիչ կամ շարքացան չկա: Իսկ կոմբայնների մասին խոսելն ավելորդ է: Թեքությունների ուղղությամբ կատարվող զանգվածային վարը եւ դաշտապաշտպան անտառաշերտերի ոչնչացումը բազմիցս ուժեղացրել են հողատարումը: Արարատյան դաշտում վերստին ակտիվացել է հողերի երկրորդային աղակալումը ցամքուրդների բարձիթողի վիճակի պատճառով: Այդ հողերում բերքի անկումը կազմում է 30-100 տոկոս:
Հողի բերրիության անկմանը զուգահեռ գյուղացիության գլխին ահավոր բեռ է դարձել բերքի եւ անասնապահական արտադրանքի իրացումը, հատկապես հեռավոր շրջաններում, իսկ գործարանների ցածր գներով եւ սահմանափակ քանակով արտադրանքի մթերումը հնարավորություն չի տալիս գյուղացիական տնտեսություններին զարգանալու: Չկա մի կառույց, որ գյուղացին դիմի այս կամ այն հարցում աջակցություն ստանալու համար: Չի գործում ապահովագրական ոչ մի կոնկրետ կառույց բնական աղետների դեմ: Գյուղում աղքատության նվազեցման համար տրամադրված վարկերի 90%-ը մսխվում է իշխանական տարբեր օղակներում: Տոտալ խաբեբայության, անիշխանության, կաշառակերության այս երկրում նույնիսկ միլիարդավոր դոլարների ներարկումը ոչ մի դրական արդյունք չի կարող տալ:
Գյուղնախարար Դավիթ Լոքյանը արդեն հասկացել է, որ եթե Հայաստանի ամբողջ հողատարածքներն էլ (մշակովինՙ 550 հազ. հա) դնենք ցորենի տակ, մեր սեփական հացը չենք կարող ապահովել: Այդ դեպքում ո՞րն է ցորենի արտադրության ավելացման տրամաբանությունը, եթե դա պետք է կատարվի մյուս արժեքավոր մշակաբույսերի հաշվին եւ հողի կաշին քերթելու միջոցով: Վերջին հաշվով ինչո՞ւ տրոհեցինք հողերը եւ հիմա մտածում ենք դրանց խոշորացման մասին, երբ կարելի էր դրական հաշվեկշիռ ունեցող տնտեսությունները թողնել շուկայի բնական էվոլյուցիայի ընթացքին, որտեղ նրանք սեփական ուժերով հաղթահարելով փորձությունները ձեռք կբերեին ինքնուրույնություն եւ ճկունություն: Բայց ոչ, այստեղ ուղղակի գործեց «բաժանիր, որ տիրես» հայտնի թեզը: Մեր չինովնիկները ինքնագոհ նշում են կարտոֆիլի ցանքատարածությունների կրկնապատկման փաստը (նախկինում 20 հազ. հա-ի դիմաց հիմա 35-40 հազ. հա): Սակայն չեն հասկանում, որ ցորենի եւ կարտոֆիլի ցանքատարածքների ավելացումը (արժեքավոր մշակաբույսերի` խաղողի, պտղի, խորդենու, կտավատի, շաքարի ճակնդեղի, բակլազգիների եւ այլնի հաշվին) ինքնին խոսում է մեր անճարակության, ցածր մակարդակի գյուղատնտեսության վարման եւ համաշխարհային ագրարային գործընթացներից դուրս գտնվելու մասին:
Իշխանություններն անընդհատ մատնացույց են անում հողի շուկայի, ազատ առք ու վաճառքի միջոցով խոշոր հողատերերի ձեւավորման ճանապարհը: Այս ճանապարհով իրոք իշխանական լծակների մոտ կանգնած չինովնիկները եւ նրանց բարեկամները չնչին գումարներով յուրացրել են Արարատյան դաշտի եւ նրան կից նախալեռնային գոտու մոտակա շրջանների գրեթե ամբողջ պահուստային հողերը: Արդեն առաջ են եկել լատիֆունդիստներ եւ բատրակներ: Հեռավոր շրջանները մոռացված են թե՛ պետության եւ թե՛ ներդնողների կողմից: Ավելին, այդ շրջանների հողերը մոռացվում են նաեւ տեղի բնակիչների կողմից, որովհետեւ գյուղացին ուժասպառ է եղել եւ շատերի ապրուստի միջոցը Ռուսաստանից եւ այլ երկրներից իրենց հարազատների ուղարկած գումարներն են: Նման շրջաններում եւ հատկապես սահմանամերձ տարածքներում հողերի խոշորացումը եւ արդյունավետ մշակումը անմիջականորեն կապված են սահմանների պաշտպանության խնդրի հետ: Հողի շուկան այս տարածքներում չի կարող ամրացնել սահմանները: Այստեղ պետք է կիրառել պետության հովանավորության տակ գործող պայմանագրային կոոպերացիայի մոդելը կամ խիստ տարբերակված ագրարային քաղաքականություն, որը հնարավորություն կտա կասեցնելու բնակչության արտահոսքը սահմանամերձ գյուղերից:
Հայաստանում հողի մասնավորեցումից 15 տարի անց գյուղացին մեծ ճիգեր է գործադրում սովամահ չլինելու համար, իսկ դա արդեն ամեն ինչ ասում է այս իշխանությունների եւ նրանց վարած սնանկ քաղաքականության մասին:
ՎՅԱՉԵՍԼԱՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գյուղ. գիտ. դոկտոր, առաջատար գիտաշխատող