Վերջին տարիներին մեր երկրում զգալիորեն աճել է սրտի կաթվածային պատահարների եւ սրտանոթային վիրահատությունների թիվը: Վիճակագրությունը վկայում է, որ անբուժելի հիվանդություններից, մասնավորապես չարորակ ուռուցքից հետո կյանքին վտանգ սպառնացող ախտանիշներից մեկն էլ սուր իշեմիկ հիվանդություններն են, սրտանոթային անբավարարվածությունը: Բժշկագիտության մեջ դեռեւս հստակ չի ուրվագծված, թե մարդու օրգանիզմում ինչն է սրտամկանային կծկումների եւ ինֆարկտների առաջացման պատճառ դառնում: Մասնագետները նշում են դեպրեսիան, ստրեսը, ինչպես նաեւ ալկոհոլիզմը, ծխախոտը եւ ոչ կայուն սննդակարգը: Սոցիալական պայմանները նույնպես կարող են ինֆարկտների առաջացման պատճառ դառնալ: Սակայն սրտի կայուն աշխատանքին սպառնացող իրական վտանգի հիմնական շարժառիթը դեռեւս հայտնի չէ մարդկությանը:
Ինֆարկտային պատահարներին էապես նպաստում է նաեւ մարդկանց անվճարունակությունը, քանզի նույնիսկ սովորական բժշկական ախտորոշման դիմելը շատ թանկ է: Շատերը ֆինանսապես ի վիճակի չեն բժշկական միջամտության դիմել եւ նախապես կանխել վտանգը: Իսկ վիրահատությունը թանկ հաճույք է, որն էլ դառնում է բազմաթիվ մարդկանց վաղաժամ մահվան պատճառ: Սրտանոթային վիրահատության դիմում են միայն վճարունակ քաղաքացիները: Սրտի հետ կապված որեւէ բժշկական միջամտություն արդեն իսկ մեծ գումար է պահանջում, իսկ վիրահատությունը 2-5 հազար դոլար արժե: Չմոռանանք, որ այսօր 50-100 հազար դրամ աշխատավարձով ապրող բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց համար սրտի վիրահատությունը երբեւէ չի կարող հասանելի լինել: Եթե զուգահեռ անցկացնենք եվրոպական երկրների հետ, որտեղ, օրինակ, սրտի վիրահատությունը 80-90 հազար եվրո արժե, ԱՄՆ-ում` 50 հազար, Ռուսաստանում` 10-15 հազար, Վրաստանում` 6 հազար դոլար, ապա Հայաստանում սրտի վիրահատությունն ամենաէժանն է: Սակայն հայաստանյան պայմաններում չնչին աշխատավարձով ապրող ընտանիքների համար այդ գումարը սահմռկեցուցիչ թիվ է:
Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը փորձեց չհամաձայնել մեզ հետ այն հարցում, որ սրտի վիրահատությունը Հայաստանում թանկ արժե, վկայակոչելով, որ աննախադեպ մատչելի է մյուս երկրների համեմատ: «Ինչո՞ւ չեք ասում, թե ինչո՞ւ է Հայաստանում սրտի վիրահատությունն այդքան էժան», ասում է Լ. Մուրադյանը` մատնանշելով այն պատճառը, որ արտերկրներում վիրահատության թանկ լինելու պատճառը բժշկական անձնակազմի աշխատավարձն է: Մեր երկրում համապատասխան վիրահատություն անցկացնող մասնագետները ցածր են վարձատրվում, նկատում է տիկին Մուրադյանը: Բուժկենտրոնի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ ամբողջ աշխարհում ամենաթանկ գնահատվող վիրահատությունը սրտի վիրահատությունն է: Կենտրոնում գործում են սահմանված գներ: Ամենաէժան վիրահատությունը 650 հազար դրամ է:
Ֆինանսական բաժնից մեզ հայտնեցին նաեւ, որ վիրահատության արժեքի մոտ 70 տոկոսը միայն անհրաժեշտ նյութածախսն է կազմում, մինչդեռ հիվանդանոցում վիրահատվողների միայն 15-20 տոկոսն է ամբողջությամբ վճարում սահմանված գումարը: Լ. Մուրադյանը վկայում է, որ հիվանդանոցում շուրջ 80 տոկոս վիրահատվողների նկատմամբ գործում են զգալի զեղչեր: Նա տեղեկացրեց նաեւ, որ դիմողների թիվը երբեմն այնքան շատ է լինում, որ հիվանդին հետ են ուղարկում ազատ հիվանդասենյակ չունենալու պատճառով: Լ. Մուրադյանն ասաց, որ դիմել են ՀՀ կառավարությանը, որ պետությունը գումար հատկացնի հիվանդանոցի տեխնիկական վերազինման համար: Հիվանդանոցում առկա բժշկական սարքավորումները բուժկենտրոնին են նվիրաբերվել դեռեւս 91-93 թթ.-ին, եւ առ այսօր ոչ մի բժշկական սարքավորում չի գնվել:
Իսկ այն հարցին, թե ո՞ր տարիքում է մեծանում ինֆարկտի հավանականությունը, Լ. Մուրադյանը մատնանշեց, որ այդ հավանական տարիքը 50-60 տարեկան անձանց շրջանում է ու բոլորին խորհուրդ տվեց ժամանակին դիմել բժշկական ախտորոշմանՙ սուր իշեմիկ պրոբլեմները վաղաժամ հայտնաբերելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ