Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի եռօրյա այցը Հայաստան` գնահատողական բնույթ է կրում: ՀՀ արտգործնախարարության հրավերով կազմակերպված այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Ռ. Քոչարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվամիջոցների (այցելել է նաեւ «Ազգ»-ի խմբագրություն), նմանաբնույթ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: Հայաստանյան լրատվամիջոցների ազատության մասին նման հանդիպումներով խոր պատկերացում կազմել, իհարկե, հնարավոր չէ, դրանք լրացվում են այլ աղբյուրներով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ունեցած տեղեկություններով նույնպես:
Լրագրողի ակտիվ կենսագրությամբ Միկլոշ Հարաշտին ժամանակին մասնակցել է «Սամիզդատ» եւ հունգարական իշխանությունների դեմոկրատացման շարժումներին, եղել է խորհրդարանական պատգամավոր, ռադիոհեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամ, մենագրությունների, գրքերի հեղինակ է:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նա հանդիպեց հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինի կողմից ներկայացվելուց հետո հաղորդեց ընդհանուր տպավորություններ, իսկ մանրամասն գնահատականները հաշվետվության տեսքով կտրվի հուլիսի կեսերին` Վիեննայի ԵԱՀԿ համապատասխան գրասենյակ: Հայաստանում լրատվամիջոցների ազատության վերաբերյալ պրն Հարաշտիի գնահատականն ընդհանուր առմամբ բավարար էր. զգալի առաջընթաց նկատվել է ոլորտի օրենսդրության բարելավման հարցում: Մամուլի ազատության առաջնահերթ պայմանը` բազմակարծությունը, ապահովված է միայն տպագիր մամուլում, որի ազդեցիկությունը, սակայն տկարացած է որոշակիորեն, Հայկական հեռուստաընկերությունները շատ հայտնի պատճառներով բազմակարծությունը մղել են հետին պլան: Պետհեռուստաընկերության վերածումը հանրայինի, նաեւ տարբեր կայանների մասնավորեցումը եւ լիցենզիա տրամադրելը ինստիտուցիոնալ առումով արձանագրում է բազմակարծություն, սակայն իրականության մեջ օբյեկտիվ լրատվությունը խիստ սահմանափակ է: Հայաստանում չեն կիրառվել նաեւ լրագրողների հանդեպ հետապնդումներ, ճնշում կամ ֆիզիկական բռնարարքներ (նկատի ուներ ոչ թե առանձին դեպքեր, այլ` կանխամտածված, զանգվածային հետապնդումներ):
Քննադատելին եւ անընդունելին ռադիոհեռուստատեսային ազգային հանձնաժողովի` հեռարձակումը կանոնավորող մարմնի նշանակովի լինելն է` ակնհայտորեն ենթակա սահմանադրական փոփոխությունների: Կտրվեն հանձնարարականներ հանձնաժողովի գործունեության մոնիտորինգային մասի եւ լիցենզավորման վերաբերյալ` կանխելու մենաշնորհային գործընթացը:
Չնայած օրենսդրական մակարդակում տեղեկատվության մասին օրենքի դրական առկայությանը, սակայն, իրագործման կարիք ունի, զրպարտության համար ազատության պատժի վերացումը եւ դրա հետագա ապաքրեականացումը լրագրողի ազատությանը նպաստող կարեւոր պայմաններից է: Խորհրդարանում տպագիր մամուլը տարածող կառույցների մասին արդեն քննարկման դրված հարցի պարագայում էականը դրանց բազմազանությունն ու բազմակարծությունն է:
Պրն Հարաշտին անդրադարձավ նաեւ Ա1+ (իրեն ուղղված հարցին ի պատասխան) հեռուստաընկերությանը երկարատեւ լիցենզիա չտրամադրելուն (որի հայցը արդեն գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում)` անհրաժեշտ համարելով լրատվամիջոցների մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել:
Առայժմ զարգացման փուլում գտնվող շուկայի պայմաններում լրատվամիջոցների բազմակարծություն ապահովելը անիրատեսական է, դրա առողջ ճանապարհը` օրենսդրական դաշտից առավել, ազատ մրցակցությունն է` ձեւավորված շուկայի առկայությամբ, այսինքնՙ մամուլի ազատության կատարյալ պայմանը տվյալ լրատվամիջոցի համար վճարելու պատրաստ լսարանի գոյությունն է: Որովհետեւ մյուս պարագայում` այսինքն լրատվամիջոցի տեր տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհային գործունեությունը խոչընդոտում է մամուլի ազատությունը:
Գլոբալիզացման մեր ժամանակներում, երբ «միջազգայնացվում է ամեն ինչ», լրատվամիջոցները կարող են սեփականացվել օտար կազմակերպությունների կողմից նույնպես, որի գործունեությունը դրական նշանակություն կունենա` միջազգային փորձ եւ կապեր տվյալ երկիր ներմուծելու առումով, սակայն այս պարագայում եւս պետք է բացառել մենաշնորհը` սեփականացման նկատմամբ սահմանափակումներով:
Մ. Բ.