Հայաստանն աջակցել եւ աջակցում է ցեղասպանությունն ու դրա նախադրյալները, իրենց պատմական հողերում բնիկ ժողովրդի զտման, նրանց հիշատակը ջնջելու փորձերը կանխելու եւ արմատախիլ անելու միջազգային մեխանիզմների կայացմանը: Հունիսի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի բացման նիստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Օսկանյանն իր խոսքում անդրադարձել է Հին Ջուղայում 2000 միջնադարյան խաչքարերի ոչնչացման փաստին, երբ մշակութային այդ ժառանգության տերերըՙ հայերը անօգնական դիտում էին հոգեւոր եւ մշակութային այդ արժեքների ոչնչացումը: Օսկանյանի խոսքով, դարեր շարունակ հայերի հիշողության ու ոգու այս պղծումը ցինիկ է ու վտանգավոր: «Այն հսկայական նրբակերտ, եզակի խաչքարերը, որոնք ե՛ւ քանդակներ էին, ե՛ւ տապանաքարեր, այժմ չկան. 2000 միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին ընդամենը մի քանի ամիս առաջ»: Արտգործնախարարը նշել է, որ հայերի ու միջազգային հանրության մտավախությունը, թե Ադրբեջանի իշխանությունների խաղաղություն հաստատելու մտադրությունն իրականում լուրջ չէ, հաստատվեց: Խաչքարերի կազմակերպված ոչնչացումը տեղի է ունեցել մի վայրում, ուր այսօր ոչ մի հայ չի ապրում եւ դա վկայում է, որ Ադրբեջանի մեթոդներն ու մտադրությունները չեն փոխվել: Մշակույթի ու պատմության նմանօրինակ անգութ ոչնչացումն ի չիք է դարձնում վստահությունն ու խաղաղությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ» մոտեցումը բանակցություններում ուղղակի անհանգստացնող էր, ապա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավարության վերջին առաջարկները բանակցությունների ոգուց եւ էությունից նահանջի կոնկրետ օրինակ են եւ համահունչ չեն միջազգային միտումներին: «Մոտ երկու տասնամյակ իր պատմական հողերում իր կյանքը կառավարող ժողովրդին ինքնավարություն առաջարկելն առնվազն ինքնախաբեություն է»:
Ամեն դեպքում, Վարդան Օսկանյանը հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն առաջ կընթանան այն ճանապարհով, որ երկարատեւ խաղաղության իրական հույս կտան մասնակից բոլոր կողմերին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ