Տիգրան Թորոսյանը երեկ ասուլիս էր հրավիրել որպես Ազգային ժողովի նախագահ ամփոփելու խորհրդարանի աշխատանքը: Ինչպես եւ ավանդաբար, երեկ էլ ներկայացվեցին թվային տվյալներ: Երրորդ գումարման ԱԺ արդեն ավարտված հերթական նստաշրջանն օրենսդրական արդյունավետ աշխատանքի ժամանակահատված է եղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականով: Վավերացվել է միջազգային 36 համաձայնագիր, ընդունվել 116 օրենք, 13-ը արտահերթ նստաշրջանում, 9 ենթադրված է սահմանադրական փոփոխություններով: Նույն սկզբունքով կարեւորվող մյուս օրենքների ու փոփոխությունների ուղղությամբ խորհրդարանն ամռանն էլ է աշխատելու, վստահեցրեց ԱԺ նախագահը, միաժամանակ ընդգծելով դրանց կիրարկման կարեւորությունն ու ապա միայն արդյունավետության չափումը: Բայց Թորոսյանի գնահատականովՙ արդեն իսկ կարելի է դրական համարել ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Այցերի հրավերները շատ են, բայց ուր գնալու եւ ում ընդունելու հարցերը հստակեցվելու են հուլիսի կեսերին ԱԺ նախագահի բացատրությամբՙ զուտ արարողակարգային այցերի թիվը նվազագույնի հասցնելու, ինքնանպատակ այցերը բացառելու նպատակով: «Մարզերում խնդիրներ լինելու դեպքում կայցելենք մարզեր: Եթե պետք լինի այցելել Անտարկտիդա, ուրեմն կայցելենք Անտարկտիդա: Ինքնանպատակ այցերն իմաստ չունեն», թափանցիկ այս ակնարկն իր նախորդին ուղղելով հանդերձ Տիգրան Թորոսյանը փաստեց. «Այն վերաբերմունքը, որ եղել է պարոն Բաղդասարյանի նկատմամբ, լինելու է նաեւ այսուհետեւ: Մենք աշխատել ենք փոխադարձ հարգանքի եւ արդյունավետ լուծումների որոնման ճանապարհով: Կարծում եմ, դա փոփոխելու պատճառներ չկան: Այնուամենայնիվ տարբեր ենք ե՛ւ մեր բնավորություններով, ե՛ւ մի քանի այլ հատկանիշներով: Այդ պատճառով մեր մոտեցումներն էլ տարբեր են»:
Այդ տարբերությունը արտահայտվում է նաեւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած ԱԺ նախագահին կից խորհուրդների գոյության ու գործունեության գնահատականում: Խորհուրդների լինելիությունը Բաղդասարյանը ձեռքբերում էր համարում, Թորոսյանի կարծիքով, «կյանքը ցույց տվեց, որ դրանք առանձնապես արդյունավետ չեն խորհրդարանի աշխատանքում»:
Խորհրդարանի աշխատակազմն էլ այնպիսին չէ, որ ցանկալի արդյունավետություն ապահովի: Այսպես է կարծում ԱԺ նախագահը: Ամռան ընթացքում աշխատակազմի բախտը կորոշվի ու հայտնի կդառնա սեպտեմբերին, համենայն դեպս այդպես ծրագրում է Տիգրան Թորոսյանը խնդրի լուծման առանցքային սկզբունք ունենալով պրոֆեսիոնալիզմըՙ առանց կուսակցական պատկանելության: Վերջինը աշխատակազմի ներկայացուցիչները, ըստ Թորոսյանի, «ճիշտ կլինի թողնեն ԱԺ դարպասներից այն կողմ ու զբաղվեն զուտ խորհրդարանական աշխատանքով եւ պետական ծառայության հաջողություններն անշրջելի դարձնենք»: Առաջիկա տարում այս առումով զգալի քայլեր անելու մտադրությունը հայտնեց ԱԺ նախագահն ու իր իսկ գնահատականով թվով ճկուն, վերանայման ենթակա կառուցվածք ունեցող, ոչ օպտիմալ, ոչ ներդաշնակ, ուռճացված աշխատակազմը կրճատելու մասին ուղիղ ոչինչ չասելով ընդգծեց. «Ես ասացի, որ նախ պիտի փորձենք մեզ համար գծել աշխատակազմի այն կառուցվածքը, որն առավել օգտակար կլինի խորհրդարանի աշխատանքին»: Միջազգային փորձն այս հարցի լուծման գործում տեղ է ունենալու:
Չմատնանշվող, բայց ակնկալվող օպտիմալացումը չէ, որ ստեղծել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նոր ղեկավար նշանակելու խնդիրը: Պարզապես ՕԵԿ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը հունիսի 21-ին պաշտոնապես հրաժարական է ներկայացրել իր զբաղեցրած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնից: Դրա անհրաժեշտությունը, ԱԺ նախագահի կարծիքով, բոլորովին չկար, բայց այժմ ընտրությունը կատարվելու է նախկինում այդ պատվիրակությունում աշխատած պատգամավորներից: Խորհրդարանի կադրային հաջորդ հարցը ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարին փոխել չփոխելու հարցն է, քանի որ այժմ Տիգրան Թորոսյանը նաեւ ԱԺ-ն է ղեկավարում, հետեւաբար եւ երկրից հաճախ բացակայելու դժվարություն կարող է ունենալ: Նոր անձի նշանակումն էլ ԱԺ նախագահի իրավասությունն է, եւ այն իրագործելու դեպքում Թորոսյանը հաշվի է առնելու. «Այն, որ առջեւում մեզ սպասում է 4-5 զեկույց, եւ մենք նախ մեզ պիտի հաշիվ տանք, թե ում ենք նշանակելու, եւ այն մարդը, ով կնշանակվի պատվիրակության ղեկավար, նույնպես պիտի գիտակցի, թե ինչ մեծ պատասխանատվություն է ստանձնում»: Ընտրությունը հազիվ թե կատարվի ընդդիմությունից, քանի որ ՕԵԿ ներկայացուցիչների հրաժարականներն արդեն եվրո եւ միջազգային կառույցներում հայկական պատվիրակություններում իշխանության եւ ընդդիմության ներկայացվածության անհամամասնություն են ստեղծել:
«Ուժերի վերաբաշխում արդեն տեղի ունեցավ, եւ խորհրդարանը աշխատանքը կավարտի արդեն ձեւավորված ուժերի հարաբերակցության շրջանակներում», այս կարծիքին է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ ամենեւին էլ համամիտ չէ Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» համատեղ գործողությունների մասին շրջանառվող լուրերի ճշմարտացիությանը. «Ես չգիտեմՙ նախագահն ում ինչ հրահանգ է տվել այդ հարցով, ճիշտն ասած, բայց նաեւ վստահաբար կարող եմ ասել, որ համատեղ որեւէ բան մենք չենք արել մինչ այժմ եւ հիմա էլ չենք անում: Մեկ բան ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը իր նպատակները առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապում է միայն իր գործունեության հետ: Առիթներ եղել են ասելու, որ Հանրապետական կուսակցությունն ընտրությունների գնալու է սեփական ցուցակով»:
Բայց ընտրությունները մյուս տարի են, իսկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը օրերս կսկսի աշխատանքը եւ կարեւոր է ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը տեղյակ լինել: Այն երեկ ստացել ու ԱԺ խումբ-խմբակցություններին է փոխանցել Տիգրան Թորոսյանը: Եզրակացությունը մի քանի օր առաջ ստացված նախագծից էական տարբերություններ չունի: Ըստ «ԱՄ» քարտուղար Ալեքսան Կարապետյանի, փաստաթուղթը Վենետիկի փորձագետներին ապակողմնորոշելու եւ իշխանությանը ձեռնտու եզրակացություն ստանալու նպատակով է: Տիգրան Թորոսյանը սակայն բացառեց միտումնավորությունըՙ մատնանշելով հատկապես ծավալուն փաստաթղթերի թարգմանական խնդիրների առկայությունը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ