«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը երեկ նորից քննարկման էր դրվել, այս անգամՙ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնությամբ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Նախագծի մշակման ընթացքը ներկայացնելու համար դարձյալ հրավիրվել էին օրենքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, ինչպես նաեւ «Թրանսպարենսի ինթերնեյշնլ» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սոնա Այվազյանը: Ի տարբերություն նախորդ քննարկումների, երեկ առավելապես խոսվեց լոբբիստական գործունեության մեջ հասարակական կազմակերպություններին ընդգրկելու վերաբերյալ դրույթների մասին, որոնց անկատար եւ ոչ հստակ ձեւակերպումները ՀԿ-ների գործունեությունը վտանգելու ու սահմանափակելու մտավախություն են առաջացրել:
Մինչդեռ Աբովյանը կարծում է. «Նախագծից բողոքող հասարակական կազմակերպությունների խոշոր մասը կամ չի ընթերցել, կամ չի ընկալել, որովհետեւ նախագծում հստակ նշված է, որ ՀԿ-ները չեն իրականացնում վճարովի ծառայություններ, միայն օրենքով սահմանված կարգով տարեկան ընդամենը 1000, թե՞ 5 հազար դրամ տուրք վճարելու պահանջ է դրված: Մենք ասում ենքՙ եկեք, նստենք, տեսնենք, ա՚յ, այսինչը ճիշտ չե՞ք համարում, ռացիոնալ չե՞ք համարում, եկեք փոխենք»:
Հասարակական կազմակերպություններին լոբբիստների ցուցակից հանելու առաջարկին նա դեմ էր, որովհետեւ այդ դեպքում լոբբիստական գործունեությունը կլինի միայն վճարովի, ինչը նա այնքան էլ ռացիոնալ չի համարում: «Նստում ենք, խոսում, խոսում, սակայն այդպես էլ լուծում չենք գտնում: Կառավարությունն ասում էՙ դաշտում գործողները դուք եք, եկեք ասեք ձեր ցանկությունները, մենք էլ մտցնենք օրենքի մեջ: Եթե չեն ասում, ուրեմն ցանկություն չունեն փոփոխություններ մտցնելու, բողոքներն ուղղված են օրենքն ընդունելու դեմ»:
Դավիթ Սանդուխչյանը պնդեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր փաստարկները ոչ միայն բանավոր են արտահայտվել, այլեւ գրավոր են ներկայացվել օրենքի նախագիծը մշակող հանձնաժողովին, նաեւ Ազգային ժողովին: «Հիմնական խնդիրը օրենքի կարգավորման օբյեկտն է, իրավահարաբերությունների շրջանակը: Օրենքի նախագծի այլընտրանքային սահմանումներն արել ենք, նաեւ առաջարկել ենք փոխել լոբբիստական գործունեության սահմանումը, այն դիտել որպես ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, օրենքից հանել ոչ հստակ դրույթները»: Նրա համոզմամբ, օրենքի նախագիծը վտանգավոր է հատկապես հասարակական կազմակերպությունների համար, քանի որ պետական մարմիններըՙ «չինովնիկները» կարող են սահմանափակել նրանց գործունեությունը: Աբովյանը վիրավորվեց «չինովնիկ» բառից, հետո որոշեց շուտ դուրս գալ քննարկումից, որպեսզի մասնակիցները «չկաշկանդվեն իր ներկայությունից»:
Օրենքի անկատարություններից բացի, Սոնա Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ օրենքի նախագիծը վերջին շրջանում առաջ է մղվելՙ առանց իրենց ներկայացրած կարծիքները հաշվի առնելու: «Ակնհայտ դարձավ, որ օրենքը փորձում են առաջ տանել արագ ու հապշտապ: Տեսնելով դրա վտանգը, որոշեցինք բարձրաձայնել, որովհետեւ եթե մի քանի ամիս առաջ մեզ կարող էր բավարարել հասարակական կազմակերպություններին օրենքի գործողության ոլորտից հանելու տարբերակը, այս պահին արդեն քննարկում ենք նման օրենք ունենալու նպատակահարմարությունը: Կարծում եմ, որ օրենքը պետք է հետ կանչվիՙ պարզելու համար, թե որքանով է այսօր անհրաժեշտ հասարակությանը», ասաց Սոնա Այվազյանը:
Օրենքի անհրաժեշտության կառավարության հիմնավորումն այն է, որ օրինագիծը մշակվել է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի եւ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում»: ԱՀՌԾ-ից օրինագիծը հանվել է խնդրի հետ որեւէ կապ չունենալու պատճառով եւ թողնվել միայն հակակոռուպցիոն ռազմավարության մեջՙ բավականին թույլ հիմնավորմամբ: Այվազյանը նշեց, որ միջազգային եւ տեղական փորձագետները կարծիք են հայտնել, որ լոբբիստական գործունեության մասին օրինագիծը իրականում կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ դրական որեւէ ազդեցություն չի ունենա կոռուպցիոն երեւույթները վերացնելու համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ