«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


«ՏԱՆԸ ՄՆԱԼՈՒ» ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՃԱՌ

Ամուսնությունն այսօր մի խնդիր է, որի լուծումը հայտնի անեկդոտում համեմատվում է Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Օրինակելի ընտանիք ունենալը բարդ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: Ռիսկային գոտում են հատկապես երիտասարդ օրիորդները, որոնց ընտրության հնարավորությունը շատ սահմանափակ է:

Նարինեն 29 տարեկան է: Բուհ է ավարտել, աշխատում է մասնագիտությամբ, շատ խելացի է ու համակրելի, սակայն բախտը դեռ չի բերել, իրեն չեն հավանում (բարձրահասակ չէ եւ մոդել չի կարող համարվել), անգամ հավանած տղա չունի: Նրա ընկերուհի Լուսինեն համաձայն չէ «բախտը չի բերել» արտահայտությանը, քանի որ բախտավորություն է համարում չամուսնացած լինելը: Ինքը քիչ էր մնում ամուսնանար մի շառլատանի հետ, որ արդեն մեկ այլ աղջկա կողոպտել ու դժբախտացրել էր եւ այդ մասին «խորիմաստորեն» լռում էր: Լուսինեն տխուր օրինակ է ընկերուհու համար, նույնիսկ մխիթարության առիթ... Բայց միեւնույնն է, նրանք տխուր են: Լալան ու Մարթան էլ են ընկերուհիներ: Նրանք 30-ն անց են: Արտաքին եւ հոգեւոր արժեքները գեղեցիկ ու ներդաշնակ են պահել նրանց: Սակայն երկուսն էլ ժամանակին բաժանվել են: Լալան` մեկ, Մարթան երկու երեխա ունի: Ամուսնանալու հեռանկար առայժմ նրանց չի «սպառնում», քանի որ «աչքը տեսածից է վախենում»: Բայց եւ այնպես, միայնակ տխուր է: Կանայք հեշտ չեն ապրում, տխրությունն ու մելամաղձությունն էլ հաճախ են այցելում... Նրանք միայնակներ են ու չգիտեն որտե՞ղ, ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս կարելի է ծանոթանալ: «Բարեկամուհիս փորձեց մեզ ինտերնետային ծանոթության ակումբներից մի քանիսում ընդգրկել, բայց այն նամակներն ու առաջարկությունները, որ ստացանք, առավել հիասթափեցրին մեզ, ասում է Լալան: Տղամարդ կոչվածները վերածվել են երկոտանի որձերի ու բացի սեռական սանձարձակ հարաբերություններից, ուրիշ պահանջ կարծես չունեն»: Նա գտնում է, որ իր ճաշակի տղամարդիկ մնացել են միայն 10-20 տարի առաջ նկարահանված կինոնկարներում:

Միայնակ են նաեւ շատ տղամարդիկ: Արմենը 30 տարեկան է: Խելացի է, ապահովված է բնակարանով, աշխատանքով: Քանի որ բարձրահասակ է, ցանկանում է, որ ապագա կինն էլ բարձրահասակ լինի եւ հաճելի արտաքին ունենա: Շատ է տառապում մենակությունից. «Սակայն պակաս կարեւոր չէ, որ նա խելացի, բարձր մակարդակի ու ներքին կուլտուրայի տեր մարդ լինի», ասում է Արմենը: Զրույցն ավելի է անկեղծանում, եւ երիտասարդը ակնարկում է, որ իր կինը պետք է ազատամիտ լինի անկողնային հարցերում: Հետո պարզվում է, որ այնուամենայնիվ, աղջկա օրիորդ լինելն էլ էական է: Արմենի հակասական մտքերը միայն նրան չէ, որ ամուրի են պահել մինչ օրս, շատերն են «մնացել երկու մտքերի արանքում», ի վերջո, կո՞ւյս, թե՞ ազատամիտ «փորձված» մեկին տանել եկեղեցի ու զագս:

Լիլիթը «Տերյան» մշակութային միության տնօրենն է: Մշակույթից բացի զբաղվում է նաեւ «հարսնախոսությամբ»: Նա ամուսնական գործակալության ղեկավարն է եւ «ծանոթացնել-ամուսնացնելու» հինգ տարիների փորձ ունի: «Մոտ 2000 հաճախորդ ենք ունեցել մինչ օրս: Դրանք հիմնականում 30 տարեկանն անց տղամարդիկ են ու կանայք, որոնցից գրեթե ամեն երկրորդը ամուսնալուծված է: Զարմանալի է, բայց բաժանված կանայք գերադասում են ընկեր ու հոգեբանական թիկունք ունենալ, իսկ տղամարդիկ նորից ամուսնանալ են կամենում եւ անպայման գեղեցիկ արտաքինով կնոջ հետ: Սակայն. «Լինում են ամուրիներ, որոնց թվում է, թե սա ոսկե ձկնիկի ծառայությունների կենտրոն է, ուր կարեւորը գրանցվելն է: Սակայն դժվար է կարծրացած մտածելակերպով, ինքնիրեն չճանաչող ու իր ցանկությունները չգիտակցող մարդկանց ամուսնացնել: Այս գործում մեծ նշանակություն ունեն իմ կանացի բնազդն ու հոգեբանության գիտելիքները, որ կողմնորոշում են, թե որ տղամարդուն պետք է որ կնոջ հետ ծանոթացնեմ: Հինգ տարի այս աշխատանքի մեջ եմ եւ տխուր շատ իրավիճակների եմ ականատես եղել: Օրինակ, մեզ դիմեց 16-ամյա մի աղջկա մայր, որ նրան բերել էր գյուղից ու խնդրում էր աղջկան ամուսնացնել արտասահմանցու հետ, որպեսզի աղջիկն իրենց պարբերաբար ապրուստի գումար ուղարկի, այսինքն` ոմանց պատկերացմամբ սա խանութ է:

Մեր հասարակությունում առկա խնդիր է նաեւ ինքնագնահատականի եւ ինքնաճանաչման բացակայությունը, ասում է Լիլիթը: Շատ մարդիկ անգամ չգիտեն իրենց հոգին ու ֆիզիոլոգիան: Նրանք չգիտեն ի՞նչ են սիրում եւ ուզում: Շատերը տառապում են նարցիսիզմով, ոմանք էլ թերագնահատում են իրենց արժանիքները:

Տխուր է, բայց փաստ, որ տղամարդն այսօր Հայաստանում կին գտնելու խնդիր չունի, դա հիմնականում կնոջ համար է պրոբլեմ, քանի որ Հայաստանում տղամարդիկ քիչ են:

Ճիշտ է, գալիս են սփյուռքահայեր, տուն ու սեփականություն են գնում, բայց միայն հայերը չեն գալիս, այլեւ մահմեդականները, հատկապես պարսիկները, որոնց դիմումների վիճակագրությունը մտահոգիչ է»: Լիլիթը կարծում է, որ նրանք խաղաղ հեղափոխություն են անում, փաստորեն հայ աղջիկները ամուսնանալով պարսիկների հետ ոչ միայն իրենք են մահմեդական դառնում, այլեւ նույն դավանանքին են դարձնում իրենց սերունդներին:

«Մեր ծանոթացրած հաճախորդների մի մասն էլ չի ամուսնանում, ասում է Լիլիթը, քանի որ տղամարդու ֆինանսական վիճակը խոչընդոտ է ընտանիքի կայունության համար: Ամուսնական գործակալության կարիքը կպակասի, եթե մարդիկ աշխատանք ու գումար ունենան: Այդ դեպքում նրանք իրար ժամանցային ու մշակութային օջախներում էլ կգտնեն: Գործակալությունը եկամտաբեր բիզնես չէ, քանի որ շատերն անգամ գումար չունեն իրենց հնարավոր հարսնացուներին սրճարան տանելու համար»:

Իսկ մեր հարցին, թե ո՞վ հատկապես շանս ունի ամուսնանալու, Լիլիթը պատասխանում է. «Մեզ դիմած տասը տղամարդուն էլ կամուսնացնենք, մեր լավ ու խելացի կանանց ճակատագիրն է մտահոգիչ: Տասից միայն 5-ը կամ 6-ը ընտրության ու ամուսնության հնարավորություն ունի»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4