Հունիսի 21-ի համարում հրապարակել էինք լրագրող Սառա Պետրոսյանի տեղեկատվությունը «Տիեզերական աստղագիտության կենտրոնը» փոխարինվում է խոզաբուծարանով» վերնագրի ներքո: Նյութի հրապարակումից հետո «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Դոլիեւը եւ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը նախ առանձին-առանձին, ապա համատեղ հանդիպում ունեցան խմբագրությանս հետ, որին մասնակցեց նաեւ Սառա Պետրոսյանը: Պրն Գ. Դոլիեւը պաշտոնապես հայտարարեց, որ «Գալակտիկա» ընկերության տարածքում ոչ մի խոզաբուծարան չի կառուցվում եւ չի կառուցվելու, հավելելով նաեւ, թե «Գալակտիկա» ՓԲԸ-ն աշխատում է իր բնականոն ռեժիմով, եւ նրա հետագա գործունեությանը ոչինչ չի սպառնում: Ինչ վերաբերում է Գառնիի համայնքապետին, վերջինս հայտնեց, թե, ճիշտ է, ինստիտուտի տարածքում նախկինում գոյություն ունեցող գոմում խոզ պահելու խնդրանքով ինքը դիմել է տնօրենին, սակայն մերժում ստանալով հրաժարվել է այդ մտքից:
Խմբագրությունն այս պահին ոչինչ չունի առարկելու վերոհիշյալ պարոնների պնդումներին եւ հավաստիացումներին: Մեզ լրիվ բավարարում է այն փաստը, որ «Գրիգոր Գուրզադյանի ինստիտուտը», ինչպես ժողովուրդն է սիրում կոչել այն, չի փոխարինվելու խոզաբուծարանով, գոնե մեր հրապարակումից հետո: