Բեյրութի Հայկազյան համալսարանի հասարակության հետ հարաբերությունների տնօրեն Միրա Յարդըմյանից ստացած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին համալսարանի «մշակութային հինգշաբթի» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել դասախոսություն եւ ցուցադրվել է վավերագրական ֆիլմ «Պաղեստինի քրիստոնյաների ներկան» թեմայով:
Հրավիրված դասախոս, Բեթղեհեմի միջազգային կենտրոնի տնօրեն Միթրի Ռահեբն անդրադարձել է հետզհետե նոսրացող քրիստոնեական համայնքի առաջ ծառացած բարդ խնդիրներին եւ հնարավոր լուծումներին: Խնդիրներից առաջինը նա նշել է փոքրամասնություն եւ անհետանալու վախի մեջ լինելու հանգամանքը: Երկրորդը` խտրականության համակարգի ձեւավորումը, երրորդը` իսլամական կուսակցությունների առաջխաղացումը: Ելույթից պարզ է դարձել, որ չնայած քրիստոնյաները Պաղեստինում ընդամենը երկու տոկոս են կազմում, բայց բավական ակտիվ են, ունեն 64 դպրոց, 2 համալսարան եւ 2 քոլեջ: Իսկ առողջության բնագավառում նրանց ներկայությունը 30 տոկոս է:
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում եւ Սիրիայում ավետարանական համայնքի գերագույն խորհրդի նախագահ Սալեմ Սահյունին, Քրիստոնյա ու մահմեդական երկխոսության խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սամմաքը, Հայկազյան համալսարանի պրեզիդենտ Պոլ Հայդոստյանը, Մերձավոր Արեւելքի աստվածաբանության դպրոցի պրեզիդենտ Մերի Միխայելը, բազմաթիվ մտավորականներ եւ կրոնավորներ:
«Տխուր փաստ է, որ պաղեստինյան հարցի եւ սուրբ հողի վերաբերյալ կատարված քննարկումներում սովորաբար անտեսվում է մի ամբողջ համայնքի` քրիստոնյաների գոյության հանգամանքը: Այդ հանգամանքն ընդգրկում է տարբեր էթնիկական եւ մշակութային խմբավորումներ` արաբներ, ղպտիներ, ֆրանկներ, հայեր եւ այլն», ասել է իր բացման խոսքում արվեստի եւ գիտության ֆակուլտետի դեկան Արդա Էքմեքջին:
Վավերագրական ֆիլմում ցուցադրվել են բաժանող պատի կառուցումը, հողի զավթման եւ խտրականության դրսեւորման երեւույթները:
Վերջում հույս է հայտնվել, որ քրիստոնյա համայնքը ի վերջո ուժ կգտնի պահպանելու Միջին Արեւելքում իր արժանավոր գոյությունը:
Հ. Ծ.