«Ազգը» իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է հունիսի 23-30-ը կայանալիք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ փառատոնի մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում փառատոնի կազմակերպիչները հստակեցրին բոլոր հարցերն ու պատասխանեցին լրագրողների հարցերին: Փառատոնի բացման ու փակման արարողությունների կազմակերպիչները` արվեստի վաստ. գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ռեժիսորներ Հրաչյա Աշուղյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրին, որ 1 ժամ 30 րոպե տեւողությամբ փառատոնի համերգ-ներկայացումով, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում, կմեկնարկի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 2-րդ փառատոնը: Բացման արարողությունը կսկսվի պատվիրակությունների շքերթով, որից հետո ժամը 20.30-ին կսկսվի համերգային ծրագիրը: Կմասնակցեն մոտ 700 անհատ կատարողներ, համույթներ, գեղարվեստական կոլեկտիվներ: Համերգ-ներկայացման ընթացքում կլինեն 5 խորեոգրաֆիկ նոր բեմականացումներ, ասաց պրն Աշուղյանը եւ ավելացրեց. «Համերգը չի կրկնելու նախորդ փառատոնի ծրագիրը, այլ նորովի բեմադրված սցենարով կընթանա մեր սրտերի բաբախման մեկ զարկով ու մեկ շնչով...»: Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում եւ Արցախում կկայանա 40 միջոցառում, կլինեն տոնավաճառներ եւ հստակ օրեր` ըստ արվեստի ճյուղերի: Ամեն օր երեկոյան ժամը 23-02-ը «Ավանգարդ» ակումբում կլինեն համերգներ, նշեց Լեւոն Աբրահամյանը (Ալֆաէլի նախագահ):
Իսկ այն հարցին, թե ովքե՞ր են որոշել պատվավոր հյուրերի ցանկը եւ ինչո՞ւ չեն ընդգրկվել սփյուռքից շատ ավելի անվանի արվեստագետներ, որոնք ինչ-ինչ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարող անձամբ գալ Հայաստան: Իհարկե կազմակերպիչները չկարողացան այս հարցին հստակ պատասխանել ու միայն նշեցին, որ նրանց ցանկը հաստատել են ՀՀ մշակույթի նախարարությունը, արտգործնախարարությունը: Երեկվա դրությամբ արդեն Հայաստան էին ժամանել 1800-ից ավելի մասնակիցներ, բայց նրանցից միայն 500-ի ծախսերը (Ջավախքից, Արցախից ու մարզերից) հոգում է պետությունը, իսկ մյուսները իրենք են որոշում որտեղ մնալ, ու իրենք էլ հոգում են իրենց ծախսերը:
Փառատոնին հայրապետական օրհնություն են հղել ու հաջողություններ մաղթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ուրիշներ: Մաղթենք փառատոնին բարի երթ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ