«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


«ՈՐԵՎԷ ԱՂԱՆԴԻ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ԵՐԳԵՀՈՆԻ ԿՈՂՔԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ»

Արձագանքում է Կամերային երաժշտության տան տնօրենը

«Մշակույթի տներն ու օջախներն աղանդավորական կազմակերպությունների քարոզչավայրեր են դարձել»ՙ «Ազգի» հունիսի 9-ի համարում տպագրված հոդվածից հետո խմբագրություն եկավ Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը եւ խնդրեց ընթերցողներին փոխանցել հետեւյալը.

«Իրապես շատ ցավալի է, որ կազմակերպություններ կան, որ մշակութային օջախներում այդպիսի գործունեություն են իրականացնում, բայց խնդիրն այս պահին դա չէ: Նախապատմությունն այսպիսին է. ինձ մոտ եկավ Վիգեն Խաչատրյան անունով մի անձնավորություն, ի դեպ, շատ հաճելի ու կիրթ մի մարդ, եւ խնդրեց, որ մեզ մոտ անցկացնեն առողջ ապրելակերպի հետ կապված սեմինարներ: «Դուք ո՞վ եք, ներկայացեք», հարցրեցի: «Ես «Արմավենի» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահն եմ,-պատասխանեց,- որը գրանցված է պետական ռեգիստրում», եւ այլն, եւ այլն: Ես խնդրեցի նրանց ծրագիրը: Այն մարդկային 7 վատ սովորույթների մասին էր (ինչպես ծխելը, ալկոհոլը, առավոտները կանոնավոր հաց ուտելը եւ այլն), դասախոսություններ էին, անվճար խորհրդատվություններ: Հիմա մեր պետությունն ինքն է միացել ծխելու դեմ համաշխարհային կառույցներին, փող է ծախսում ծխելու վատ սովորույթի դեմ: Հետագայում, ձեր հոդվածից հետո ես կանչեցի Վիգեն Խաչատրյանին: Նա գրավոր բացատրություն տվեց ինձ առ այն, որ «Արմավենի» գիտամշակութային կազմակերպությունը չի զբաղվում կրոնական քարոզչությամբ: Վերջին օրը իրենց ղեկավարըՙ Դավիթ Նոգան ներկայացրեց նաեւ «Վեստ օ զդորովի» ամսագիրը, որը լույս է տեսնում Ուկրաինայում, եւ որի գլխավոր խմբագիրն ինքն է: Պարզվեց, որ նրա մայրը հայ է, հայրը` ուկրաինացի:

Եվ ես պիտի հայտարարեմ, որ անկախ Եվրոխորհուրդ ինտեգրվելու փաստից, եւ անկախ ամեն ինչից, իբրեւ Հայ առաքելական եկեղեցու զավակ, քանի դեռ ես տնօրեն եմ այստեղ, թույլ չեմ տա որեւէ աղանդի, անգամ եթե գրանցված է, որ Կամերային երաժշտության տանը, երգեհոնի կողքին որեւէ քարոզչություն իրականացնի:

Խնդիրն այն է, որ այդ մի քանի օրվա միջոցառումների ժամանակ ես որեւէ քարոզչական գործողություն չեմ նկատել: Բայց դե այդ երկու ժամից առաջ կամ հետո, երբ նրանք Կամերային երաժշտության տանը չեն, ինչո՞վ են զբաղված, ես կարծում եմ, դրանով պիտի զբաղվեն ոչ թե ինձ նման մարդիկ, այլ համապատասխան օրգանները»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4