Նոր անուններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից
Հանրապետության բնակավայրերն անվանափոխելու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում: Անկախացումից հետո այդ անունները չարձագանքեցին մեր կյանքում կատարված շրջադարձային փոփոխություններին, շատերը դարձան ժամանակավրեպ, շատերը` անհամապատասխան նաեւ հոգեբանական առումով: Հանրապետությունում այսօր տարբեր հաշվարկներով շուրջ 100 օտարահունչ (հիմնականում թուրքական բառ ու բանով), անբարեհունչ, նաեւ անհասկանալի ու չհիմնավորված անվանումներով բնակավայրեր կան:
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը, որում ընդգրկված են լեզվաբաններ, պատմաբաններ, հնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 1990-ական թվականներից ի վեր զբաղվում է այս խնդիրներով: Հանձնաժողովի նախապատրաստած որոշման նախագիծը 2 շաբաթ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: Այն արդեն ներկայացվել է ՀՀ նախագահի հաստատմանը:
Անվանափոխումների մի քանի սկզբունքային ելակետեր կան, որոնք, բնականաբար, կախված իրողություններից ու հանգամանքներից, միշտ չէ, որ ճշտությամբ կիրառվել են:
Բնակավայրերի անունները նորացնելու ընդհանրական սկզբունքը մնում է գյուղն աշխարհագրական տեղանունի հետ կապելը:
Գլխավոր ելակետերից մեկը նաեւ անհատի անունով, անվանական անուններով գյուղերն անվանակոչելու սկզբունքը հնարավորինս շրջանցելն է: Խորհրդային անվանափոխումների օրինակով այս սկզբունքն արդեն ապացուցել է անարդյունավետությունը: «Խորհրդային Միությունում տասնյակ Ժդանովսկ անունով բնակավայրեր կային, հետո երկիրը փոխվեց, դրա հետ էլՙ այդ բնակավայրերի անունները: Հաճախ համայնքներից համագյուղացի զոհված ազատամարտիկի անունով գյուղը կոչելու առաջարկներ են լինում: Եվ շատ հաճախ այդ ազատամարտիկը միակը չէ այդ գյուղում: Ո՞րի անունով պետք է կոչել: Եվ վերջիվերջո, հերոսին գնահատում են պատմությունը եւ ժամանակը: Դեռ շատ ժամանակ չի անցել, դեռ կարող են սպասել նման բան անելուց առաջ», ասում է տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նույնկերպ մերժվում է նաեւ կենդանի մարդու անունով բնակավայրի անվանակոչման հնարավորությունը:
Անվանափոխությունների մեջ հաջորդ խնդիրը կրկնվող անուններն են: Տարբեր մարզերում, օրինակ, մենք երեք Աղավնաձոր ունենք, երկու Եղվարդ ունենք, մեկը` քաղաք, մյուսը` գյուղ: Բայց կրկնվող անուններից ոչ բոլորն են փոխվելու, նկատի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ հոգեբանորեն կապված են իրենց բնակավայրի անվանը, եւ բացի այդ, մեկի անունը փոխելը, մյուսինը նույնությամբ թողնելը եւս կարող է մերժողական տրամադրությունների տեղիք տալ: Բնականաբար, այս իրողությունը կշարունակի որոշակի դժվարություններ առաջացնել մասնավորապես գրագրության աշխատանքներում:
Կրկնվող անվանումների մեջ փոխվելու են հիմնականում նույն մարզում գտնվող նույնական անուններով համայնքների անունները, բայց դարձյալ ոչ բոլորինը: Արագածոտնում երկու Ագարակ բնակավայր կա, մեկը Աշտարակի, մյուսը` Թալինի տարածաշրջանում: Թալինի տարածաշրջանի բնակավայրը փոխվելու է Ագարակավան:
Նոր, փոփոխված անունները հիմնականում հին, պատմական անուններն են լինելու, այս սկզբունքով անվանափոխվելու են 54 բնակավայրեր: Եթե պատմական անուններով կոչելու հնարավորություն չկա, տեղանքին ու բնական պայմաններին մոտ անունների առաջարկներն են առաջնային դարձել:
Բոլոր անվանափոխումները նախապես համաձայնեցվել են բնակչության հետ: Անվանափոխումների միջոցառումը բարդանում է շատ անգամ նրանց հակասական, երբեմն չհիմնավորված հակազդեցությունների պատճառով: Տեղացիների առաջարկները ոչ միշտ են ընդունելի եղել հանձնաժողովի կողմից:
Կոտայքում Մայակովսկի անունով գյուղ կա, որը որեւէ կերպ չի առնչվում Մայակովսկու անվան հետ: Հանձնաժողովն առաջարկել է Շահապ պատմական անվանումը, որը տեղացիները մերժել են: Արմավիրի մարզում երկու Արաքս բնակավայր կա, մեկի անունն առաջարկել են փոխել Երասխավան, բայց գյուղացիները պահանջել են, որ մյուս Արաքսը փոխի իր անունը: Հանձնաժողովը մտադիր է նման դեպքերում առանձին աշխատանքներ տանել յուրաքանչյուր գյուղի հետ` բացատրելով այս կամ այն անվամբ կոչելու նպատակահարմարությունը: Գյուղացիներն առաջարկում են սեփական տարբերակները, որոնց մի մասն ընդունվել է, մյուսը` ոչ: Գեղարքունիքի մարզում, Մարտունու տարածաշրջանում Մադինա անունով գյուղ կա: Առաջարկվել է Ցրտագետ պատմական անվանումը, բայց տեղացիները դարձյալ չեն ընդունել: Նրանք չգիտես ինչու առաջարկել են Արգիշտի անունը: Այս դեպքում էլ հանձնաժողովն է մերժել: Կապանի տարածաշրջանում Օխտար թուրքական անունով գյուղ կա, առաջարկվել է պատմական Հողար անունը, գյուղացիներն առաջարկել են Ուխտավայր անունը, ակնարկելով տեղական մատուռի առկայությունը: Այս տարբերակը հանձնաժողովը չի ընդունել:
Մյուս խնդիրն անբարեհունչ անվանակոչումներն են: Կոտայքում բարբառային Ալափարս աղավաղված անունով բնակավայրը հանձնաժողովն առաջարկում է կոչել Այլաբեր` գրական տարբերակով, բայց տեղի բնակչությունը չի համաձայնում` նախընտրելով հին տարբերակը: Անբարեհունչ անունների մեջ են Լենուղի, Շահումյանի թռչնաֆաբրիկա բնակավայրերը Արմավիրի մարզում: Այս երկուսի անուններն էլ, սակայն, առայժմ մնալու են:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, որոնց բնակավայրերի անունները հաճախ հենց իրենցն են եւ կրում են նրանց լեզվի ու մտածողության կնիքը, փոխելու խնդիր առանձնապես չի դրվում: Արագածի փեշերի եզդիական գյուղերը մնում են իրենց ներկա անուններով` Ռյա Թազա, Սոլիգ, Ակո, Գյալթո եւ այլն: Մի քանի բնակավայր, այնուամենայնիվ, անվանափոխվելու են, օրինակ, նախկին Դերեգ գյուղը պատմական Ճահճակիր է դառնալու, նախկին Ղաբաղթափանը` Դդմասար: «Մենք շատ զգուշորեն ենք մոտենում այս հարցին եւ միայն ու միայն իրենց ենք առաջարկում անվանափոխվել: Եվ Արագածի մարզի Ամրեթազա եզդիաբնակ գյուղն իրենց առաջարկով Սադունց է դարձել, կամ Սանգյարը Կանյաշիր է դարձել, որ քրդերենից թարգմանաբար նշանակում է Կաթնաղբյուր», նշում է հանձնաժողովի քարտուղար Արթուր Ավդալյանը: Այս իրողությունը հիշատակելի է իբրեւ հանդուրժողականության ու փոքրամասնությունների հանդեպ մեր բարեկամական վերաբերմունքի ընդամենը հերթական արտահայտություն: Դեպի Եվրոխորհուրդ մեր ընթացքին մենք հարկադրաբար թե կամովին փորձում ենք ընդունել արեւմտյան առաջադեմ համարվող արժեքները, իսկ եվրոպացի փորձագետներից մեկի կարծիքով, Հայաստանը եւս Եվրոպայի համար ուսանելի հատկանիշ ունի` ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը:
Անվանափոխումները նախագահի հաստատումից հետո անմիջապես չեն կիրառվի, դրանք ուժի մեջ կմտնեն 2007 թվականի հունվարի 1-ից միայն, քանի որ դրանց հետ կապված ֆինանսական ծախսերն այս տարվա բյուջեով չեն նախատեսվել: Միջին հաշվով մեկ գյուղի անվանափոխման համար անհրաժեշտ կլինի 50-100 հազար դրամ:
Իսկ ընդհանրապես, մեր 929 համայնքների մեծամասնությունը (12-ը` Երեւանում, 917-ը` գյուղերում) գողտրիկ ու բարեհունչ անուններ են, որոնք արտահայտում են հայ մարդու բնապաշտ ու գեղեցկասեր հոգին, նրա իմաստուն մտածողության դրոշմը:
Իհարկե, լավ կլիներ, որ նոր անվանումները հրատարակվեին նաեւ առանձին գրքույկով: Վարչական աշխատողներից, ոլորտի հետ կապված անձանցից զատ դա բոլորի համար կարեւոր կլինի: Մենք հաճախ շատ ավելի լավ գիտենք ամերիկյան կամ աֆրիկյան տեղանունները, քան մեր Հայաստանի գյուղերի ու գետերի անունները: Առավել եւս նոր մեծացող սերունդը:
Նոր անվանումներն, անկասկած, անթերի ու կատարյալ, թյուրասացություններից ու վրիպումներից զերծ չեն լինի: Առավել եւս, որ այս գործընթացը, թեեւ օրենքի ուժ ստացած, բայց դեռ կես ճանապարհին է: 30-40 անվանումներ փոխելու անհրաժեշտությունը դեռ մնում է: Ինչպես նշում է հանձնաժողովի քարտուղար Արթուր Ավդալյանը, մինչեւ տարեվերջ այդ խնդիրն էլ կլուծվի: Կարեւորը սկսելն է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ