«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ

Հունիսի 22-ին, ժամը 14:47-ին քաղաքացիներից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի թ. 29 շենքի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Սեդրակ Վահանի Զատիկյանի դիակը` հրազենային վնասվածքով: Արձակված կրակոցներից սպանվել է նաեւ մի պատահական անցորդ` 1969 թ. ծնվ. Կարինե Մանուկի Սարգսյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաձիգի պարկուճներ: Հարուցվել է քրեական գործ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներից ստեղծված է օպերատիվ-քննչական խումբ: Քննությունը վարում է դատախազությունը:

«Ազգը» եղավ դեպքի վայրում եւ ականատեսներից տեղեկացավ, որ Սեբաստիայի փողոցի բանկի խաչմերուկ մտնելուց սեւ «Մերսեդես» ջիպի վրա կրակահերթ է բացել անձը չպարզված երիտասարդ: Մեքենայի ղեկին է եղել 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, մեքենայումՙ իր ընկերը Հայկ անունով: Ստացած հրազենային վնասվածքներից Սեթոն, ինչպես մտերիմներն էին նրան կոչում, կորցնում է հավասարակշռությունը եւ բախվում 15 LL416 պետհամարանիշով «ԶԻԼ» բեռնատարին: Սեթոն հրազենային վնասվածքներից մահանում է վթարի վայրում, իսկ ընկերը վիրավորվում է ձեռքից: Սեդրակի դիակը տեղափոխեցին Մալաթիայի հիվանդանոց, այնուհետեւ դիահերձարան...

Ականատեսները պնդում էին, որ կրակահերթ բացած անհայտ երիտասարդը դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա նստում է արտասահմանյան մակնիշի մեքենա եւ դիմում փախուստի: Կրակահերթից տեղում մահանում է նաեւ խաչմերուկում պաղպաղակ վաճառող 37-ամյա Կարինեն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4