Եվ օդանավակայանը հագեցնել կանխատեսման ու վերահսկման սարքավորումներով
Երեկվա «Ազգի» համարում հրապարակել էինք Հայաստանի ազգային ավիացիոն միության նախագահ Դմիտրի Ադբաշյանի պատասխանը «Իզվեստիա» թերթում Ալեքսանդր Անդրյուխինի հեղինակած «Ինչ պատմեցին կործանված Ա-320-ի սեւ արկղերը» հոդվածին: Փորձառու ու ճանաչված մասնագետին կրկին դիմեցինք` պարզաբանելու նրա դիրքորոշումը սեւ արկղերի վերծանումից հայտնի դարձած փաստերից հետո: Նա ասաց, որ հակված է իր նախկին վարկածին:
- Միջազգային ավիացիոն կոմիտեից (ՄԱԿ) ստացած վերջին տեղեկությունները հաստատում են, որ օդանավը հայտնվել է շատ վատ մթնոլորտային պայմաններում, որոնք օդում օդանավի ճանկվելու պատճառ են դարձել (явлениеподхвата): Դա նշանակում է, որ ներքեւից վերեւ ուժեղ քամի է փչել, եւ գրոհի անկյունը, որով օդը հանդիպում է օդանավի թեւերին, դարձել է կրիտիկական: Ամբարձիչ ուժը շատ է փոքրացել, եւ օդանավն էլ չի կարողացել մնալ օդում: Ու քանի որ թեւերը թեքված են եղել դեպի օդանավի պոչը, եւ քանի որ թեւերի ծայրերում է ամբարձիչ ուժն առաջին հերթին պակասում, ինքնաթիռի հավասարակշռությունը խաթարվել է: Ինքնաթիռն անընդհատ փորձել է քիթը բարձրացնել վերեւ, եւ կրիտիկական անկյունն ավելի շատ է մեծացել` վերափոխվելով անդառնալի պրոցեսի: Օդանավի արագությունը շարունակել է ընկնել, պրոցեսը շարունակական է դարձել, եւ ինքնաթիռը վերջնականապես ընկել է (շտոպորի) պտույտէջքի մեջ:
- Դա նշանակո՞ւմ է, որ դուք հաստատում եք ենթադրությունները վթարի պատճառների մեջ մարդկային գործոնի բացակայության վերաբերյալ:
- Այո, բայց բանը նաեւ այն է, որ ըստ Ռուսաստանի օդային օրենքների, եթե վտանգավոր մթնոլորտային երեւույթներ են առկա, թռիչքները պիտի ընդհատվեն: Բայց Սոչիում այդ վտանգավոր երեւույթները հայտնաբերելու սարքեր չկան: Եվ միշտ այդպես է եղել այստեղ: Առաջներում, քանի որ Սոչի թռչում էին խորհրդային ինքնաթիռները, այսպիսի վթարներ չէին լինում, որովհետեւ խորհրդային ինքնաթիռներն ավելի շատ աերոդինամիկական պաշարներ ունեին:
- Բայց Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ վերջերս թռավ Սոչի:
- Պուտինը Ա-320 չի նստում, նա թռչում է Իլյուշինի (Իլ-96) ինքնաթիռով, որն ավելի ապահով է: Եվ ընդհանրապես, Սոչիի պայմաններում խորհրդային նախկին օդանավերն իրենց ավելի լավ են պահում, քան էյրբասները, պարզապես շատ ավելի վառելիք են ծախսում: Սոչին եղանակի վերահսկման ու կանխատեսման սարքավորումներ չունի, որոնք պիտի հայտնաբերեին վտանգավոր մթնոլորտային երեւույթները: Ա-320-ի Սոչի թռչելուց առաջ նախ պիտի այդ սարքավորումներով զինեին այդ օդանավակայանը: Բայց այդ ինքնաթիռներն այսօր էլ ամբողջ աշխարհից գալիս-գնում են Սոչի: Այս դեպքից հետո, իմ կարծիքով, պետք է թռիչքները դադարեցնել, օդանավակայանը հագեցնել նշված սարքավորումներով, նոր միայն թույլատրել թռիչքները:
Միայն պատահականության բերումով է, որ մինչ այժմ Ա-320 ինքնաթիռների հետ նման վթար չի պատահել Սոչիում: Եվ նախախնամության կամքն է նաեւ, որ հայ զոհերի գնով հետագա վթարներն ու ողբերգությունները կանխելու միջոցառումներ արվեն, որոնք ավելի վաղ պիտի արվեին:
Սոչին 2012 թվականի օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքների թվում է: Այս ողբերգական պատահարը բնականաբար, կխոչընդոտի նրա օլիմպիական քաղաք դառնալու հավակնությանը: Եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեն օդանավակայանը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ